Հարցազրույց

Պատճառն այն է, որ այս մարդիկ հրաժարվել են Արցախից

Պատճառն այն է, որ այս մարդիկ հրաժարվել են Արցախից

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի երեք ընդդիմադիր խմբակցությունները Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների՝ Հայաստան կատարած այցի կապակցությամբ նախօրեին հանդես եկան հայտարարությամբ, որով վրդովմունք էին հայտնում ՀՀ իշխանությունների պահվածքից։ Նշում էին, որ Հայաստանի եւ Արցախի խորհրդարանների միջեւ նվազող հարաբերությունների ֆոնին ՀՀ վարչապետը ջերմ ընդունելություն է կազմակերպում Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորների համար: Ապա կոչ էին անում Արցախի եւ ՀՀ ԱԺ նախագահներին՝ հրատապ կազմակերպել Արցախի եւ Հայաստանի միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ։ 

Բանն այն է, որ չնայած Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի մասին սրտաճմլիկ հայտարարություններին, 2020 թվականի հունվարից Արցախ-Հայաստան միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ չի գումարվել։ Եվ չնայած անցած տարի ԱՀ ԱԺ խոսնակ Արթուր Թովմասյանն ու ԱԺ խմբակցությունների ղեկավարները հյուրընկալվել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին եւ պայմանավորվածություն ձեռք բերել, որ կվերսկսեն հանձնաժողովի նիստերը, սակայն ցայսօր նիստ չի գումարվել, անգամ հանձնաժողովի կազմը հայտնի չէ։ Երեկ մեզ չհաջողվեց ՔՊ-ական մեծամասնությունից պարզաբանում ստանալ Արցախ-Հայաստան հանձնաժողովի՝ նիստեր չգումարելու վերաբերյալ, զրուցեցինք «Հայաստան» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արմեն Ռուստամյանի հետ։

- Պարոն Ռուստամյան, Արցախի խորհրդարանի երեք խմբակցությունները նախօրեին հերթական անգամ հիշեցրին, որ տեւական ժամանակ երկկողմ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստեր չեն կայանում, պահանջում են հրատապ կարգով նիստ հրավիրել։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է պատճառը նիստեր չհրավիրելու, եւ դուք, որպես ընդդիմություն, որեւէ քայլ անո՞ւմ եք այս ուղղությամբ։

- Թե ինչու նիստեր չեն գումարվում, այդ հարցին պետք է իշխանությունները պատասխանեն։ Եթե հիշում եք՝ խորհրդարանը գումարվելուց հետո մենք ուզում էինք Արցախի հարցով հատուկ հանձնաժողով ստեղծել, այդ հանձնաժողովը չստեղծելու իշխանության պատճառաբանություններից, այսպես ասած՝ հիմքերից մեկն այն էր, որ մենք ունենք իբր ավելի բարձր մակարդակի Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողով։ Մենք իրենց հակադարձում էինք, որ այդ հանձնաժողովը բավական երկար ժամանակ նիստեր չի գումարել։

- Որքա՞ն ժամանակ։

- Արցախի նոր Ազգային ժողովի ձեւավորումից հետո՝ 2020-ից հետո։ Նոր ձեւավորված ԱՀ ԱԺ-ն դրանից հետո, որքան ես հիշում եմ, հաստատ եմ հիշում, նիստ չի գումարվել։ Պատճառն այն է, որ այս մարդիկ հրաժարվել են Արցախից: Ուրիշ պատճառ, բացատրություն չկա։ Հրաժարվում են ցանկացած դիրքորոշում ունենալ առ այն, որ Արցախը պետք է ինքնորոշվի, ինքնորոշման հարցում Հայաստանը հանձնառություն ունի։ Բա այսօր Շուշիի հռչակագիրը դատապարտելու օրակարգից ինչո՞ւ հետ կանգնեցին։ Դրա վառ ապացույցն է։ Թոզ են փչում հանրության աչքին, որ ավելի լավ հարաբերություններ են ապահովում, ավելի բարձր մակարդակի, բայց կոնկրետ գործողությունների մեջ տեսնում ենք, որ այդպես չէ։ Ինչո՞ւ հանձնաժողովի նիստեր չեն գումարվում, նախկինում մի անգամ՝ այստեղ, մի անգամ՝ այնտեղ, նիստեր էինք հրավիրում, քննարկում էինք խնդիրները։

- Դուք փորձե՞լ եք իշխանություններից բացատրություն պահանջել, պարբերաբար հիշեցնել, որ պետք է հարաբերությունները պահպանել Արցախի հետ։

- Հավաստիացումներ լսում ենք, բայց գործողություններ չկան։ Ավելին ասեմ՝ մենք անցած տարի գնացինք Արցախի անկախության տոնին, 30 ամյակն էր, որեւէ բարձր մակարդակի հանդիպում, այց եղա՞վ՝ չեղավ, փոխխոսնակի մակարդակով այցելություն ընդամենը, ո՛չ արտգործնախարար, ո՛չ վարչապետ, ո՛չ ԱԺ նախագահ։

- Գուցե Փաշինյանի լոզունգը, որ «Արցախը Հայաստան է եւ վերջ», հենց սա է ենթադրում, չեն տարանջատում։

- Բայց մենք տեսնում ենք, չէ՞, որ գործնականում ամեն ինչ անում են, որը նշանակում է՝ «Արցախն Ադրբեջան է եւ վերջ»։ Եթե վարչապետը հայտարարում է, որ տեսական հնարավորություն չկա Արցախն Ադրբեջանի կազմից հանելու, էլ ինչի՞ մասին է խոսքը։ Երկու հայտարարությունները դրեք համեմատության մեջ եւ կտեսնեք, որ այս իշխանությունը մարդկանց խաբելու, մանիպուլացնելու գործով է զբաղված, բայց դրա լիմիտն էլ է սպառվում։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image