Ու՞ր են իրավապաշտպանները․ նրանք պայքարել են անձերի դեմ ու տուն գնացել

Ու՞ր են իրավապաշտպանները․ նրանք պայքարել են անձերի դեմ ու տուն գնացել

Այսօր կեսօրից բերման են ենթարկվում 5 ՀՀ քաղաքացիներ, քաղակտիվստներ, կուսակցականներ( «Ադեկվադ»), և Հայաստանում հայտնի որևէ իրավապաշտպան կազմակերպությունից ու քաղաքացիական հասարակությունից որևէ ներկայուցուցիչ չկա ոստիկանության մոտ։

Ըստ որում, Նարեկ Մալյանի բերման էր ենթարկվում մի   դիմակավորված անձանց կողմից։

ՀՀ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանին հարցրինք՝ ի՞նչ է պատահել, ինչո՞ւ են իրավապաշտպանները պայմանական ասած՝ դռները փակել, գնացել տուն։ Ի դեպ,  Լարիսա Ալավերդյանը ևս այնտեղ չէր։ Ասաց, որ ինչքան ժամանակ է՝ հիվանդ է, գրիպի բարդություններ ունի, բայց հոգով, սրտով այնտեղ է։

«Եվ համարում եմ, որ դրանք իշխանությունների կողմից միանգամյա ապարդյուն և անարդյունավետ քայլեր են և դա կոպիտ ոտնահարում է ժողովրդավարական նորմերը, գոնե պետությունը կայացնելու ճանապարհին՝ երկրի համար։ Եվ սա առավել զարմանալի է այն լուրի ֆոնին, որ ՀՀ արտգործնախարարի տեղակալ Ապիտոնյանը  ՄԱԿ-ում զեկուցել է, որ ինչքան լավ է մեզ մոտ ամեն ինչ։ Այդ խայտառակ հակասությունները՝ իրողության և մեկնաբանության, պատիվ չի բերում մեզ  »,-ավելացրեց Լարիսա Ալավերդյանը։

Ինչ վերաբերում  է հարցին՝ իսկ իրավապաշտպաննե՞րը՝ ինչ է սա նրանց կողմից՝ սաբոտա՞ժ, տիկին Ալավերդյանն ասաց․

«Գիտեք, երբ ասում են՝ քաղաքացիական հասարակությունը տապալված է կամ ծախված, ես համաձայն չեմ։ Ուղղակի, այն մասը քաղաքացիական հասարակության, որը 6-7-10 տարի առաջ քաղաքականացված մի ուղի էր բռնել, դրանք այո, դրանց հանդեպ կարելի է․․․ բայց մենք էլ ամեն օր լսում ենք քաղաքացիական հասարակության նոր ներկայացուցիչների ձայնը, նույն՝ Մեդիամոնիտորինգը, ալտերնատիվ խումբը, ես էլ չեմ լռում, ես քաղաքացիական հասարակության անդամ չե՞մ․․․ Ուղղակի լրատվամիջոցները պետք է ֆիքսեն, որ  քաղաքացիական հասարակության մի մասն ամբողջովին հրաժարվել է իր կարևորագույն նպատակից։ Դա ո՞րն է․․․ իրավապաշտպան կազմակերպությունները պետք է պայքարեն բացասական երևույթների, այլ ոչ միայն անձերի, և հիմա պարզվում է, որ այդ մասը, չեմ ուզում անուններ տալ, նրանք ուղղակի պայքարել են անձանց դեմ և նաև՝ քաղաքական ուժի ու քաղաքական ուժի ղեկավարների դեմ»։

ՀՀ առաջին ՄԻՊ-ն ընդգծում է՝ և սա այն դեպքում, երբ այդ երևույթները, որոնց դեմ նախկինում իբրև թե պայքարել են իրավապաշտպանները, հիմա շատ ավելի կոպիտ ու գռեհիկ են զարգանում։ 
Նա նկատեց, որ չնայած այս ամենին, իր լավատեսությունը չի նահանջում և այս իրավիճակն էլ մի օր կանցնի, մեր հասարակությունը կհաղթահարի։ Մանավանդ, որ նրանց փոխարինում են նորերը՝ իրավաբաններ, իրավապաշտպաններ, լրագրողներ, ակտիվիստներ,  որոնց  բողոքի ձայնով էլ լցված են լրատվականները։