Չգիտես ինչու, բոլորը կարծում են, որ Հայաստանը սկսվում եւ ավարտվում է Երեւանով
Սեպտեմբերի 23-ին Նոյեմբերյանից 4 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կողբ գյուղում երկրորդ անգամ կանցկացվի «Սեպտեմբրֆեստ» մրգօղու փառատոնը։ Փառատոնի ընթացքում բացօթյա տաղավարներում հյուրերը հնարավորություն կունենան համտեսելու պտղային եւ հատապտղային թորած օղիներ, համեղ ուտեստներ, ծանոթանալու տեղի մշակութային արժեքներին, ամենակարեւորը՝ վայելել Կողբի հրաշք բնությունը։ Փառատոնն առաջին անգամ անցկացվել է 2019 թվականի սեպտեմբերին: Փառատոնի ընթացքում բացօթյա տաղավարներում հյուրերը հնարավորություն կունենան համտեսելու ոչ միայն Նոյեմբերյանի, այլեւ Հայաստանի տարբեր մարզերում պատրաստվող մրգօղին եւ ուտեստները՝ զուգահեռ ծանոթանալով հայկական մշակույթին:
Հյուրերը նաեւ կկարողանան տեղում տեսնել եւ մասնակցել օղու թորման գործընթացին, գորգ հյուսել, զբաղվել խեցեգործությամբ, սովորել ազգագրական պարեր, մասնակցել զվարճալի եւ հետաքրքիր մրցույթների: Եվ այս ամենը՝ տավուշյան անկրկնելի բնության գրկում: Հայկական մշակույթի յուրահատուկ պրոպագանդում է սա, որը հատկապես կհետաքրքրի Հայաստանում գտնվող օտարազգի զբոսաշրջիկներին, որոնք սիրում են հայկական ազգագրական տեսարաններն ու ավանդույթները:
Փառատոնն անցկացվում է քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանի մտահղացմամբ: Քոչարյանի խոսքով` մրգօղին կարող է լինել Հայաստանի նոր բրենդը, որովհետեւ հայկական կոնյակն այնքան էլ չի պրոպագանդվում աշխարհում։ «Մրգօղու փառատոնն անցկացվելու է երկրորդ անգամ՝ Տավուշի Կողբ գյուղում: Կազմակերպիչը ես եմ: Նախքան այս, մի քանի փառատոն տեղի չունեցավ` քովիդի եւ պատերազմի պատճառով, սակայն այս տարի անպայման փառատոնը կայանալու է»,- նշում է Քոչարյանը:
Մեր այն հարցին, թե ինչպես է ծագել մրգօղու փառատոն կազմակերպելու գաղափարը, Կարեն Քոչարյանը նշեց. «Գաղափարը ծագեց շատ պարզ: Մրգից օղի քաշելն այդ տարածաշրջանում ընդունված է շատ վաղուց: Հետո, երբ արդեն հասկացա, որ այն մեծ տարածում է գտնում նաեւ Երեւանում, կա պահանջարկ հյուրերի մոտ, մասնավորապես` ռուսների, ծագեց այս գաղափարը: Այն կարող է Հայաստանի նոր բրենդը լինել, հատկապես այն պարագայում, երբ հայկական կոնյակը փաստացի այսօր ջնջում են ամեն հնարավոր ձեւով, եւ հետո՝ աշխարհում ամենաճանաչված կոնյակը ֆրանսիական կոնյակն է, եւ դա նորմալ է, իսկ մրգօղին դեռեւս այնքան էլ տարածված չէ: Այնպես որ, այն կարող է շատ լուրջ բրենդ դառնալ: Հայաստանում, հատկապես Տավուշի, Լոռու, Սյունիքի եւ Արարատի մարզերում աճում են տարատեսակ մրգեր, որոնցից կարող ենք ստանալ մրգօղի, որը բնական է եւ կարելի է աշխարհում դարձնել ճանաչելի»:
Նրա խոսքով` փառատոնի մեկնարկը նախատեսված է սեպտեմբերին, քանի որ մրգօղին թորում են հենց սեպտեմբեր ամսին։ «Դա հենց այն շրջանն է, երբ քաշում են օղին, իսկ մարդիկ կարող են գալ եւ տեսնել այդ պրոցեսը: Ի դեպ, մրգօղի արտադրողները եւս ներկայանալու են փառատոնին` սարքերի հետ միասին: Սարքը դրված է լինելու, եւ մարդիկ տեսնելու են, թե ինչպես են մրգերից եւ հատապտուղներից օղի ստանում»,- ասաց մեր զրուցակիցը: Մեր այն հարցին, թե մրգօղու փառատոնն ինչով է տարբերվում մնացյալ փառատոններից, Կարեն Քոչարյանը նշեց.
«Առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ փառատոնը տեղի է ունենալու սահմանամերձ Կողբ գյուղում: Այս փառատոնն ավելի շատ նման է խորովածի փառատոնին, որովհետեւ խորովածի փառատոնը եւս Երեւանից դուրս է տեղի ունենում: Սա առիթ է նաեւ, որ մարդիկ ծանոթանան մարզերին: Չգիտես ինչու, բոլորը կարծում են, որ Հայաստանը սկսվում եւ ավարտվում է Երեւանով»:
Կարծիքներ