Առանց «Նյուրնբերգյան դատավարության» Հայաստան չի կարող լինել

Առանց «Նյուրնբերգյան դատավարության» Հայաստան չի կարող լինել

Երեկ «Կոնգրես» հյուրանոցում տեղի ունեցավ «Ձայն հայրենեաց» նախաձեռնության երրորդ ընդլայնված հավաք-քննարկումը։ «Ձայն հայրենեաց» նախաձեռնության, մտավորականների շարժման շուրջ հավաքվել են արդեն 300-ից ավելի մշակույթի, գիտության, կրթության գործիչներ: Այս անգամ հավաքին ներկա էին նաեւ ռազմական գործիչներ, բարձրաստիճան հոգեւորականներ: Տեր Նաթան արքեպիսկոպոսն իր խոսքում նկատեց, որ Ավարայրը դեռ չի ավարտվել, ավելին․ «Չէինք սպասում, որ Ավարայրը հենց Հայաստանի մեջ պետք է շարունակվի եւ ոչ թե արտաքին ոսոխների, այլ ներքին հակառակորդների պատճառով»։ Նա ընդգծում է, որ այսօր սպեկուլյացիայի է ենթարկվում «ժողովուրդ» հասկացությունը, եւ բոլորը խոսում են ժողովրդի անունից, իսկ ժողովրդի ներսում կան տարբեր բաժանումներ` նիկոլիզմ, սերժառոբականություն, մինչդեռ ժամանակն է համախմբվելու եւ ոչ թե բաժանվելու: 

Պատմական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Էդվարդ Գրիգորյանը պատմական էքսկուրս արեց՝ խոսելով Շուշիի բացառիկության եւ հայկականության մասին. «Այսօր խոսել այն մասին, որ Շուշիում մեծամասնությունը կազմել են ադրբեջանցիները, եւ արդյոք այն եղել է հայկական, սա պարզապես անհարգալից վերաբերմունք է մեր պատմության եւ մեր անվտանգության հանդեպ: Սրանով մենք վտանգում ենք մեր կյանքն ամբողջովին: Պետք է հեռու մնալ ցանկացած բախտախնդիրներից եւ ցանկացած րոպեական մոտեցումներից»: 

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն իր խոսքում նախ ընդգծեց` խաղաղ պայմանները լավ չենք օգտագործել ապագա վտանգներին դիմագրավելու համար, այդուհանդերձ, 30 տարիների ընթացքում հաջողվել է «ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն» փխրուն վիճակը պահպանել. «Ինչպե՞ս կարելի է խոսել թավշյա ժողովրդավարության եւ մնացած խնդիրների մասին, բայց հասարակությունը բաժանել մի քանի մասերի: Նախապատերազմյան ժամանակահատվածում այսօրվա իշխանություններն ամեն ինչ արեցին, որ պատերազմը լինի: Եթե դու ասում ես, որ, մեկ է՝ այդ հողերը պետք է տայինք, գրված էր, որ պետք է տայինք, բայց, ինչ է, մենք պետք է մտնեինք պատերազմի մեջ, նո՞ր տայինք, գուցե այդ հողերի վերադարձի հարցն այլ կերպ լուծվեր, եւ մենք, ըստ փուլերի, այդ ամենը վերադարձնեինք եւ մեր ժողովրդի ու Արցախի համար ավելի բարելավված վիճակում մենք դա իրականացնեինք»: 

Ինչ վերաբերում է պատերազմական ժամանակաշրջանին եւ այն հարցին, թե որոնք են պատճառները, որ բերեցին պարտության, ապա. «Որքան էլ որ մենք խոսենք որոշակի սպառազինության եւ տեխնիկայի բացակայության մասին, բայց, այնուամենայնիվ, այն ժամանակահատվածում, որ մենք կազմել ենք զարգացման պլաններ, դրանցում շեշտադրումը դրված է եղել հենց անօդաչու թռչող սարքերի, օդային ուժի, հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի, զինվորների հանդերձանքի վրա արագ գնումներ կատարելուն: Ես չգիտեմ՝ դրանք կատարվել են, թե ոչ, բայց այս պատերազմի ընթացքում մենք այլ բան տեսանք: Կառավարությունը պետք է ամբողջությամբ անցնի ռազմական ռելսերի եւ համապատասխան փոփոխություններ կատարի նաեւ ռազմական ռելսերի անցնելու համար: Պետք է անել ռազմաքաղաքական իրավիճակի ճիշտ եզրակացություններ, որպեսզի հետագայում որոշվի՝ պատերազմը կանգնացնե՞նք, շարունակե՞նք, բանակցային գործընթացը վերականգնե՞նք, թե՞ մարտական գործողությունների ճեղքման վայրում ինչ վերախմբավորում կատարենք»: 

Գիտպետկոմի նախկին նախագահ Սամվել Հարությունյանը հույս ունի, որ դեռ ամեն ինչ կորած չէ. «Այն, ինչ տեղի ունեցավ, պատահականությո՞ւն էր, թե՞ օրինաչափություն, եթե մենք կարողանանք պատճառահետեւանքային կապերը ճիշտ դասավորել, ապա հնարավոր է այս իրավիճակից օգտվել, պատճառականության սկզբունքին հատուկ է մի յուրահատկություն․ եթե դու պատճառների շարքը դասավորում ես այնպես, որ հետեւանքները լինեն այնպիսին, ինչպես ինքդ ես ցանկանում, ապա կարող ես ստանալ ցանկալի արդյունք»: 

Ծնկած երկիրը ոտքի կանգնեցնելու համար մի խոչընդոտ կա. Նիկոլի հանցավոր խմբի հեռացումը՝ իր խոսքում ընդգծեց քաղաքագետ Գեղամ Նազարյանը․ «Առանց այդ վարչախմբի հեռացման ո՛չ գիտության մասին է պետք մտածել, ո՛չ ռազմատնտեսական փոփոխությունների․ դա անհնար է եւ ժամավաճառություն, մենք պետք է այսօր մեր քայլերով, մեր գործողություններով ոչ թե խեղճի տպավորություն թողնենք, այլ՝ ուժեղի, հաղթածի, որովհետեւ մեր տղերքը՝ առնվազն 5 հազար հոգի, զոհվեցին, որ մենք իրականացնենք մեր առաքելությունը, ոչ թե խեղճացած քայլենք եւ տխուր ոտանավորներ լսենք: Մենք պետք է թելադրենք եւ ոչ թե խաղանք Նիկոլի կեղտոտ օրակարգով, մի հիմարություն դուրս տա, ու սկսենք հերքել, որ այդպես չէ, մենք պետք է օր առաջ կանխենք նրա հանցավոր գործողությունները»: Նա նշեց, որ ստեղծում են մի հարթակ, որը կկոչվի «Ճշմարտություն սերունդների համար», որտեղ կներկայացվեն փաստեր, որ երբ ներկայիս վարչախումբը փոխվի, այդ փաստերը տրամադրվեն մեր «Նյուրնբերգյան դատավարության» համար. «Առանց այդ դատավարության Հայաստանը չի կարող լինել եւ իրավունք էլ չի ունենա գոյություն ունենալ, եթե մենք չանցնենք մեր Նյուրնբերգով»:

Հայրենիքը հայտնվել է օրհասական վիճակում, եւ այսօր վտանգված է ոչ միայն մեր անվտանգությունը, այլեւ Հայաստանի գոյությունն ընդհանրապես։ Գործող վարչակազմի ազգակործան քաղաքականության հետեւանքով ոչ միայն կորցրինք Արցախը, այլեւ կորցնում ենք ռազմավարական նշանակություն ունեցող կենսական տարածքներ ՀՀ-ից։ Այս մասին հավաքի վերջում արձանագրեց գրականագետ, բանասիրական գիտությունների դոցենտ Սերժ Սրապիոնյանը։

«Յուրաքանչյուր օր ժողովրդի թիկունքում պայմանավորված նոր «անակնկալներ» են մատուցվում մեզ։ Թշնամին արդեն Հայաստանի դարպասներն է բախում՝ անարգել հայտնվելով Սյունիքում, Տավուշում, Սեւանի մերձակայքում։ Երկրի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող անձի, նրա թիմի եւ նրանց սատարողների լուռ համաձայնությամբ թշնամին նորահայտ «քարտեզներով» ու GPS-ով վերագծում է ՀՀ-ի սահմանները»,-նշեց Սերժ Սրապիոնյանն ու ընդգծեց, որ օրվա հրամայականը ներկայիս վարչակազմի անհապաղ հեռացումն է: 

«Ձայն հայրենեաց» նախաձեռնությունը վաղվանից սկսում է գնալ մարզեր եւ հանդիպումներ ունենալ․ առաջին այցելությունը լինելու է Վանաձոր, իսկ մի քանի օրից՝ Գյումրի։ Այդպես կշրջեն բոլոր մարզերով: