Ապրիլյան պատերազմը հաղթանակած պատերազմ է

Ապրիլյան պատերազմը հաղթանակած պատերազմ է

ԱԺ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանն, այսօր պատասխանելով լրագրողների հարցերին, ասաց, որ ներկա իշխանություններն ունեն բավարար լծակներ, որպեսզի կատարեն իրենց խոստումները եւ բավարարեն մեր քաղաքացիների ակնկալիքները։

«Ամեն անգամ հորինել նոր պրոբլեմ, թե ինչու ներդրումներ չեն գալիս, ինչու երկիրը չի զարգանում, կարծում եմ, առնվազն ազնիվ չէ սեփական ժողովրդի նկատմամբ, այն ժողովրդի նկատմամբ, որը մեկ տարի առաջ ձեռքերի վրա Փաշինյանին ու իր թիմին բերեց իշխանության։ Այսօր թիրախում են դատարանները, երեկ թիրախում էր Աբովյան քաղաքը, երեկ չէ առաջին օրը՝ ԵՊՀ-ն, ամիսներ առաջ՝ ԱԺ-ն։ Լավ, անվերջ այս փնտրտուքը, մեղավորների, ոսոխների, այլոց վրա պատասխանատվությունը գցելու գայթակղությունը մի օր պետք է վերջանա։ Էնքան գրեցիք՝ թողեք աշխատեն, մենք թողել ենք, որ իրենք աշխատեն»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրություններին՝ Արմեն Աշոտյանն ասաց հետեւյալը․ «Ես դժվար եմ պատկերացնում, որ Վլադիմիր Պուտինը «Եդինայա Ռոսիա»-ի թեկնածուին սատարելու համար գնար Գուսռուստալնի քաղաք եւ այնտեղ քայլերթ աներ։ Շատ դժվար եմ պատկերացնում, որ Թրամփն իր թեկնածուի օգտին Սակրամենտոյում քայլերթ աներ։ Իհարկե, այդքանից հետո աբովյանցին իր ձայնը տվեց այն թեկնածուի օգտին, ում ուզում էր, բայց հիմա դա վաճառել որպես ժողովրդավարական ձեռքբերում, առնվազն ազնիվ չէ։ Գիշերը այն տեղամասերից, երբ իրենց համար գալիս էր դրական արդյունք, տոնախմբություն եւ շամպայն էր օգտագործվում։ Ցանկացած իշխանության ամենամեծ պրոբլեմը ծագում է այն ժամանակ, երբ առաջանում է խզում՝ իրականության եւ քաղաքական ու պետական գործիչների գնահատականների միջեւ։ Մենք դրա դառը պտուղները գիտենք, մեր իշխանությունը սկսեց թուլանալ այն ժամանակ, երբ հանրային դաշտ նետվող քաղաքական գնահատականները չէին համապատասխանում ժողովրդի զգացածին»,- ասաց Արմեն Աշոտյանը։ Միաժամանակ նրա գնահատմամբ՝ ամենամեծ ադմինիստրատիվ ռեսուրսը վարչապետի անձն էր, որը լծված էր իր թեկնածուի օգտին ձայներ ապահովելու համար։ 

Արմեն Աշոտյանը հրաժարվեց գնահատական տալ իրավապահ համակարգի գործունեությանը, հարուցված քրեական գործերին։ 

ԱԺ-ում ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող  քննիչ հանձնաժողովի մասին Արմեն Աշոտյանն ասաց․ «Այդ նախաձեռնության իմաստը չեմ տեսնում, այդ հանձնաժողովի գործունեությունը միայն վնասելու է երկրի բանակին, հրամանատարական կազմի հետագա գործողություններն է կաթվածահար անելու, այդ հանձնաժողովը ձեւավորված է պատահական սկզբունքով, որովհետեւ խմբակցությունները պատահական սկզբունքով տվել են իրենց ներկայացուցիչներին, մասնագիտացված չեն։ ԱԺ-ն քաղաքական մարմին է, քաղաքական մարմնի քննիչ հանձնաժողովը չի կարող լինել փորձագիտական։ Եթե կան բացահայտելու բաներ, ապա իշխանությունն ունի բոլոր լծակները՝ ԱԱԾ, դատախազություն, ոստիկանություն, բացահայտելու ապրիլյան պատերազմի բոլոր խնդիրները՝ առանց քննիչ հանձնաժողով ստեղծելու։

Քննիչ հանձնաժողով ստեղծելու նպատակն է՝ քաղաքականացնել պրոցեսն ի սկզբանե, դա Նիկոլ Փաշինյանի ջոկերներից մեկն է, որ նա խաղարկեց նաեւ Սերժ Սարգսյանի դեմ հնարավոր զարգացումների պարագայում։ Ակնհայտ է, որ այդ հանձնաժողովը ստեղծելիս ամենամեծ հարվածը կրել է Հայաստան պետությունը, որովհետեւ հաղթած պատերազմից հետո չեն ստեղծում քննիչ հանձնաժողով»։ Նա նշեց, որ ապրիլյան պատերազմում հայկական կողմն այնպես արեց, որ ոսոխը չկարողացավ իր իրական ծրագիրը ներկայացնել։