Փաշինյանը չի կարող երկիրը դուրս հանել փոսից

Փաշինյանը չի կարող երկիրը դուրս հանել փոսից

2020 թվականի կառավարության գործունեությունն Ազգային Ժողովում ներկայացնելիս վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը ժամանակի մեծ մասը տրամադրեց Արցախյան երկրորդ պատերազմում պարտության մեղքն իր վրայից գցելուն: Դա նորություն չէր, այդպես էլի էր արվել, ու դեռ էլի կարվի մինչև այն օրը, երբ ինքը կհեռացվի պաշտոնից: Մեղավոր էր ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանը կամ էլ երկրորդ նախագահ Քոչարյանը, որ Արցախի ղեկավարությանը դուրս թողեց բանակցությունների ձևաչափից: Քոչարյանը մեղավոր էր նաև, որ տարիներ շարունակ ին-որ հույսերով սնել էր Ադրբեջանի նախագահին, մեղավոր էր  ՀՀ երրորդ նախագահ Սարգսյանը, որի օրոք բանակցությունները մտել էին փակուղի: ՀՀ երկրորդ և երրորդ նախագահները  մեղավոր էին բազմաթիվ այլ հարցերում, որոնց պատճառով Հայաստանն, ի վերջո, պարտություն կրեց 44 օր տևած պատերազմում: Այսպիսով, մեղավոր էին բոլորը՝ բացի «գերագույն գլխավոր» Փաշինյան Նիկոլից: 

Իսկ հիմա մի փոքր պատմություն. Առաջին համաշխարհային պատերազմում կապիտուլյացիոն պարտությունից հետո Գերմանիան ուշքի չէր գալիս մեկ ու կես տասնամյակ՝ մինչև 1933 թվականը: Հենց այդ թվականին ընտրությունների միջոցով իշխանության գալուց 2 տարի անց Հիտլերը նախաձեռնեց 1919 թ.-ի Վերսալյան պայմանագրի կետերի խախտումներ: Եվ առաջին խախտումը վերաբերում էր բանակին՝ պայմանագրով Գերմանիային թույլատրված 100 հազարանոց բանակը մեծացվեց 6 անգամ: Որպեսզի հասկանալի լինի, թե ինչ թիվ է 100 հազարը, ասեմ, որ պատերազմի սկզբին գերմանական բանակի թվակազմը 3 մլն 800 հազար էր: Իսկ առաջին խախտումից 4 տարի անց Գերմանիան այնքան էր հզորացել, որ նախաձեռնեց Երկրորդ համաշխարհային պատերազմը:
Հիմա վերադառնանք մեր ոչ ու փուչ «գերագույն գլխավորին»: Վերջինս տարիներ շարունակ ձգտել է իշխանության, և 2018-ի մայիսին դա դարձավ իրականություն: Իսկ մինչ այդ, որպես ԱԺ պատգամավոր, ծանոթ էր այն բոլոր խութերին, որ ծառացել էին բանակցությունների առջև: Իսկ դա նշանակում է, որ 2018-ի մայիսին ինքն արդեն գիտեր բոլոր խնդիրների մասին և պետք է իմանար, թե ինչ պետք է անել այդ հարցերի առումով: Պետք է իմանար, երբ խոսում էր զրոյական կետից բանակցությունները առաջ տանելու մասին: 

Հիմա հարցը, թե ինչու համեմատեցի հենց Ադոլֆ Հիտլերի հետ: Որովհետև նա ևս տարիներով ձգտել է իշխանության, կուսակցական դառնալով՝ դարձել է ղեկավար, որպես հիանալի հռետոր ունեցել է ելույթներ հսկայական ամբոխի առաջ՝ զոմբիացնելով զանգվածներին: Բայց իշխանության գալուց հետո ոչ թե կռիվ է տվել անցյալի դեմ, այլ նայել է միշտ առաջ: Եվ նրա կուսակիցներն էլ 1933-ից հետո չեն դադարել նվիրյալներ լինելուց, ինչպես դա տեղի ունեցավ Հայաստանում: Այնպես որ բոլորին մեղավոր համարելով ու մեկ-մեկ էլ մեղքի սեփական բաժինն ընդունելով՝ Փաշինյանը չի կարող երկիրը դուրս հանել այն փոսից, որի մեջ գցել է ինքը: Դա պետք է արվի առանց իրեն, այլապես դա չի լինի ընդհանրապես:    

Վախթանգ ՍԻՐԱԴԵՂՅԱՆ