Արարատ Միրզոյանի մոսկովյան այցի նյուանսները

Հունվարի 21-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելեց Մոսկվա։ Հայ-ռուսական բավականին լարված քաղաքական հարաբերությունների ֆոնին այս այցի մասին լուրը, ինչ խոսք, միանգամից ուշադրություն գրավեց։ Հատկապես որ, ըստ պաշտոնական լրահոսի, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Մոսկվա է այցելել ռուսական կողմի հրավերով։ Հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո սպասելի էր, որ Արարատ Միրզոյանի այցի ուղղությունը կլինի որեւէ արեւմտյան մայրաքաղաք։ Ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը, անդրադառնալով այս այցին, նկատում է, որ վերջին անգամ նախարար Միրզոյանը Մոսկվա այցելել էր 2023 թվականի հուլիսին, հետեւաբար, կարելի է ասել, որ ձգձգված ընդմիջումը հասել է իր վերջնագծին։
«Հայաստանը հետաքրքրված է Ռուսաստանի հետ արդյունավետ քաղաքական երկխոսությամբ»,- այցն ամփոփելիս հայտարարել է Արարատ Միրզոյանը։ Մարկեդոնովը կարեւոր է համարում այն, որ երկու նախարարները դրական կետեր են գտել վերջին տարիներին ռուս-հայկական հարաբերությունների զարգացումներում, մասնավորապես՝ Մոսկվայում տեղի ունեցած Միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստի հետ կապված։ Սերգեյ Լավրովն էլ ընդունել է Արարատ Միրզոյանի՝ Հայաստան այցելելու հրավերը։ Սա, ըստ ռուս փորձագետի, վկայում է այն մասին, որ երկխոսությունը շարունակելու հետաքրքրություն կա։ Սակայն, ըստ Մարկեդոնովի, երկու նախարարներն էլ հանրայնացրել են երկկողմ հարաբերությունների հետ կապված քննարկումները բավականին ընտրողաբար՝ շեշտադրումներ կատարելով դրանց առեւտրատնտեսական բաղադրիչի վրա։
Մասնավորապես, ընդգծել են երկկողմ առեւտրաշրջանառության աճը։ Սա հասկանալի է, քանի որ Երեւանն առանձնապես բացասական վերաբերմունք ԵԱՏՄ-ի հանդեպ չունի։ Ընդհակառակը, ԵԱՏՄ-ի՝ Հայաստանի տնտեսության վրա ունեցած դրական եւ բարերար ազդեցությունն ինքնին դառնում է տրամաբանական խոչընդոտ՝ դեպի Եվրոպա Հայաստանի կատարած ընտրության համար։ Սակայն սա՝ տնտեսական մասով։ Իսկ անվտանգային հարցերի հետ կապված՝ ամեն բան շարունակում է մնալ չափազանց բարդ։ Հայաստանի ԱԳ նախարարը, ըստ Մարկեդոնովի, բավականին դիվանագիտորեն ակնարկել է այն միակողմանի մեկնաբանությունների մասին, որոնք նկատվում են ռուսական կողմի գործողություններում։ Հասկանալի է, ԱԳ նախարարը պետք է լինի քաղաքականապես կոռեկտ եւ, ավելին` իրեն թույլ չտա, կարգավիճակից ելնելով։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարող է իրեն թույլ տալ ավելի «բացահայտ» ագրեսիվ արտահայտություններ, թե Ռուսաստանը կորցնում է Հայաստանին` որպես դաշնակից, եւ դա հենց ռուսների կատարած քայլերի մեղքով է եւ այլն։ Թեեւ նմանաբովանդակ հայտարարություն հնչեց հենց այն ժամանակ, երբ Միրզոյանի՝ Մոսկվա այցն էր ընթանում։ Հայաստանում Ալեն Սիմոնյանի շատ գործընկերներ պատրաստ են նրա հետ այդ կարծիքը կիսել։
Բացի այդ, հայաստանյան հանրային կարծիքում էլ նման տեսակետ ունեցողները բավականին լավ ներկայացված են։ Լավրովն էլ հակադարձել է, որ Մոսկվան հայ-ադրբեջանական հակամարտությունում որեւէ կողմի կողմից հանդես չի գալիս։ Իհարկե, ԵՄ-ն ու ԱՄՆ-ն էլ նման տեսակետներ ունեն, սակայն Հայաստանը թերեւս ռուսների այս տեսակետի պատճառով է, որ տրամադրված է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը։ Այս ամենի ֆոնին՝ որոնք են ելքերը։ Մարկեդոնովը երկու ելք է տեսնում՝ ընդունել, որ հայ-ռուսական հարաբերություններում կան ցավոտ կետեր, եւ սկսել դիվանագիտական թերապիան, կամ էլ ընդհակառակը, սկսել ավելի արյունոտել եղած վերքերը՝ միամտորեն կարծելով, թե մի դաշնակցին կարող է փոխարինելու գալ մեկ այլ դաշնակից, որն իր շահերի փոխարեն, կսկսի գորովանքով զբաղվել նորահայտ դաշնակցի գուրգուրանքով։
Կարծիքներ