Հայաստանը ՄԱԿ-ում պետք է ահազանգի քրդերին սպառնացող ցեղասպանության վտանգի մասին

Հայաստանը ՄԱԿ-ում պետք է ահազանգի քրդերին սպառնացող ցեղասպանության վտանգի մասին

Այն, ինչ այսօր կատարվում է քրդերի հետ, վկայում է այն մասին, որ արագ փոփոխվող այս աշխարհում, չցեղասպանվելու համար անգամ ազգերն ու ժողովուրդներն իրենց հույսը, առաջին հերթին, պետք է դնեն իրենց ազգային եւ պետական ներուժի վրա:
Այս առումով, քրդական գործընթացների շրջանակներում ընթացող զարգացումները պետք է ուսանելի լինեն ոչ միայն քրդերի, այլ նաեւ մեզ համար:

Ինչպես քրդերի մոտ, այնպես էլ մեզանում գոյություն ունեցող այն շրջանակները, որոնց թվում է, թե «խաղաղություններն ու ազգերի հարատեւության խնդիրները լուծվում են միայն բնակցելով կամ հզոր դաշնակիցներ ձեռք բերելու ջանքերով», պետք է վերջապես հասկանան, որ ինչպես պետությունների միջեւ իրական խաղաղությունները հաստատվում եւ հարատեւ են լինում միայն այն ժամանակ, երբ կողմերից մեկը կարողանում է հակառակորդին եւ հակամարտության նկատմամբ շահագրգռություն դրսեւորող մյուս կողմերին ռազմական եւ տնտեսական իրողություններ պարտադրել, այնպես էլ չցեղասպանվելու համար կռվի ելած ժողովուրդները պետք է գիտակցեն, որ գերտերություններն ու միջազգային հանրություն կոչվածն իրենցով հետաքրքրվում են այնքան ժամանակ, քանի դեռ այդ հետաքրքրություններն ամենափոքր անհարմարությունները չեն ստեղծել իրենց համար:

Եթե ամերիկացիներին պետք է լինում, որպեսզի քրդերը լուծեն այն խնդիրները, որոնք տեղավորվում են տարածաշրջանի հետ կապված ամերիկյան հաշվարկներում, ապա քրդերը ստանում են ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական եւ քաղաքական համակողմանի օգնություն, իսկ երբ քրդերի աջակցության անհրաժեշտությունն այլեւս չկա, ապա նրանք պետք է բավարարվեն Թուրքիային հղված ԱՄՆ նախագահի՝ «քրդերին ցեղասպանելու դեպքում Թուրքիային տնտեսապես ոչնչացնելու» հայտարարությամբ:

Նույնն է կատարվել նաեւ մեր պարագայում: Ժամանակին մենք չենք գիտակցել, որ այս երկրի խնդիրը ոչ թե մեկ այլ երկրին հարմար կայուն եւ խաղաղ տարածաշրջան կառուցելը, այլ այս տարածաշրջանին մեր երկրին հարմար իրականություն պարտադրելն է, եւ արդյունքում ոչնչացրել ենք արդյունաբերական Հայաստանն ու չենք վերաբնակեցրել ազատագրված տարածքները: Հիմա էլ երկիրը ներքաշել ենք ներքաղաքական կասկածելի գործընթացների տեղապտույտի մեջ եւ նրան զրկել ենք տարածաշրջանային գործընթացներում նախաձեռնողականություն դրսեւորելու եւ իր կենսական շահերը հետապնդելու հնարավորությունից: Եվ դա այն դեպքում, երբ ամենապարզ դիտարկումն անգամ վկայում է, որ Հայաստանն այսօր պետք է որքան հնարավոր է արագ օգտագործի ՄԱԿ-ում ձայն ունենալու իր իրավունքը եւ այնտեղ ահազանգ բարձրացնի ցեղասպանության եզրին հայտնված քրդերի համար: 

Այս հարցում մենք իրոք հապաղելու իրավունք չունենք, քանի որ միայն այդպիսի նախաձեռնողականություն եւ օպերատիվություն դրսեւորելով է, որ Հայաստանը կկարողանա ոչ միայն «Ավրորա» մրցանակաբաշխության (որը, իրոք, շատ կարեւոր եւ հաջողված նախաձեռնություն է) մակարդակով, այլ նաեւ քաղաքական եւ այլ առումներով ստանձնել ցեղասպանությունների դեմ մղվող պայքարի առաջամարտիկի դերակատարությունը:
Իսկ այդ դերակատարության ստանձնումը ոչ միայն տարածաշրջանի եւ այստեղ ապրող ժողովուրդների առջեւ ունեցած մեր բարոյական պարտքն է, այլ նաեւ լուրջ երկիր կառուցելու մեր ամենակարեւոր հնարավորությունը:

Գալուստ ՍԱՐԳՍՅԱՆ