Շիրակի մարզի 6 համայնք հույսով սպասում է իր առաջին դասարանցուն

Շիրակի մարզի 6 համայնք հույսով սպասում է իր  առաջին  դասարանցուն
լուսանկարները՝ Շիրակի մարզպետարանի

Շիրակի մարզի 146 դպրոց այսօր իր դռներն է բացել առաջին դասարանցիների առջև: Մարզպետարանի տվյալներով՝ մարզում այս տարի առաջին դասարան հաճախող աշակերտների թիվը 3075 է: Սեպտեմբերի մեկին բնորոշ տրամադրությամբ աշակերտներն ու ծնողները կազմ-պատրաստ ներկայացել են դպրոց: Դպրոցի մուտքից ներս, ջերմաչափվելուց ու ախտահանվելուց հետո,  ծնողներից միայն մեկին են թուլատրել ուղեկցել երեխային: «Վեց տարի առաջ երազում անգամ չէի կարող պատկերացնել, որ որդուս ոչ թե սեպտեմբերի մեկին եմ դպրոց տանելու, այլ ասենք՝ սեպտեմբերի 14-ին, դպրոց ենք գնալու դիմակներով, դպրոցի ներսում երեխաները կանգնելու են  գծանմուշների մեջ, հետո նստելու միմյանցից բավական հեռու: Չգիտեմ,  էս ամենի  մեջ տարբերվող բան կա, որը հետագայում շատ կհիշվի, բայց միևնույնն է՝ ես շատ կուզեի, որ որդիս ավանդական ձևով դպրոց գնար: Ինչևէ, ուրախ ենք, որ գոնե այսկերպ սեպտեմբերի մեկ տոնելու  հնարավորություն ունեցանք»,-ասաց ծնողներից մեկը:

Նշենք, որ,  ի տարբերություն մարզկենտրոնի՝ Գյումրու  դպրոցների, մարզի մի շարք համայնքների դպրոցներում առաջին դասարանցիների թվաքանակը անհամեմատ քիչ է: Իսկ ահա Շիրակի մարզի՝ տարածքով  փոքր եւ բնակչության թվաքանակով քիչ 6 համայնք   այս տարի առաջին դասարանցիներ ընդհանրապես  չեն ունեցել : Լեռնուտի, Զարիշատի, Շաղիկի, Հայկասարի,  Կաքավասարի ու Նոր Ախուրյանի դպրոցները հույսով սպասում են, որ իրենց  առաջին դասարանցուն  դիմավորելու են գոնե եկող տարի: