Գերմանիայում միավորումներ են ստեղծում նույնիսկ հավ եւ ճագար բուծողները

Գերմանիայում միավորումներ են ստեղծում նույնիսկ հավ եւ ճագար բուծողները

«Հայկական քաղաքացիական հասարակությունը կերպափոխման ճանապարհին» թեմայով  այսօր քննարկում էին հրավիրել «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակը եւ Հումանիտար հետազոտությունների հայկական կենտրոնը։ 
Կենտրոնի նախագահ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Աշոտ Ոսկանյանը նախ հիշեցրեց, որ կենտրոնը հիմնադրվել է 1993թ․, եւ այն ժամանակ բանավեճեր էին ընթանում ոչ թե որ ուղղությամբ կողմնորոշվելու, այլ մեզ պե՞տք է կողմնորոշում, թե՞ ոչ։  Նա նշեց, որ մեկ տարի է, ինչ գործում է կենտրոնի archumanities.am կայքը, եւ այն գործում է որպես ինֆորմացիոն ռեսուրս, կարող է լինել ինտերակտիվ հարթակ։ 
Անդրադառնալով թավշյա հեղափոխությունից հետո քաղաքացիական հասարակության խնդիրներին՝ նա նշեց, որ քաղաքացիական հասարակությունը ծայրահեղ նոսրանում է, փոխարենը գոյացել է մի սեկտոր, որը գրավել են նախկին իշխանության ներկայացուցիչները։ 
«Իմ կոլեգաներն ասում են՝ կան բաներ, որոնք ուզում ենք քննադատել, սակայն չենք ուզում վնասել իշխանություններին»,- ասաց Աշոտ Ոսկանյանը։ Նա հավելեց նաեւ, որ ժամանակին քննարկել են ոչ թե կրթությանը, տնտեսությանը վերաբերող հարցեր, այլ իշխանություններին հեռացնելու։ 
«Երբ խոսում ենք քաղաքացիական հասարակության մասին, հարց է առաջանում՝ որտեղի՞ց պետք է սնվի այդ քաղաքացիական հասարակությունը, ի՞նչ փողերով։ Ես չեմ համարում, որ արտասահմանյան ֆոնդերը թելադրում են մեզ, բայց մեր հասարակությունը գիտի՞, որ իրեն պետք է դա։ Արդյո՞ք հայկական բիզնեսը պատրաստ է քաղաքացիական հասարակություն ունենալուն»,- հարց հնչեցրեց Աշոտ Ոսկանյանը։
«Հարավային Կովկասի քաղաքական երկխոսություն» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Թոմաս Շրապելն էլ ասաց, որ քաղաքացիական հասարակությունը պետք է դիտվի որպես քաղաքականության հակաբեւեռ։ Շրապելը նկատեց նաեւ, որ այն տեղերում, որտեղ ամերիկյան կազմակերպություններն աջակցում են քաղաքացիական հասարակությանը, ուզում են, որ նրանք հակադրվեն պետությանը։ 
«Քաղաքացիական հասարակությունը մի տեսակ դեղ է, դեղամիջոց՝    հզոր պետության դեմ։ Քաղաքականության եւ քաղաքացիական հասարակության միջեւ առաջանում է հակադրություն»,- ասաց նա։ 
Հետո Բուլղարիայում, Բալթյան երկրներում, Ալբանիայում աշխատանքային երկար փորձ կուտակած Թոմաս Շրապելը պատմեց, թե ինչ միավորումներ են ստեղծվել Գերմանիայում, ինչպես եւ ինչ խնդիրների շուրջ է միավորվում Գերմանիայում քաղաքացիական հասարակությունը։ Շրապելն ասաց, որ Գերմանիայում կան 600 հազար տարբեր միություններ, որոնցում 25-30 միլիոն մարդ է հավաքված։ Ըստ նրա՝ քաղաքացիական հասարակությունն իր երկրում բավականին ընդգրկուն է՝ կան հավեր ու ճագար բուծողներ, որոնք միավորումներ են ստեղծել։
«Եթե Դուք պայմանավորվել եք Գերմանիայի որեւէ քաղաքական գործչի հետ հանդիպել, ապա նա կնախընտրի հանդիպել ճագար բուծողների միավորման հետ, քան համաշխարհային խնդիրներ քննարկողների»,- նշեց Շրապելը՝ հավելելով, որ ինստիտուցիոնալ անկախությունը չի նշանակում դիրքավորում պետության նկատմամբ, եւ որ պարտադիր չէ, որ քաղաքացիական հասարակությունը լինի հեղափոխական։