Հուլիսի 19-ից կմեկնարկի ընդունելության մրցույթի լրացուցիչ փուլը

Հուլիսի 19-ից կմեկնարկի ընդունելության մրցույթի լրացուցիչ փուլը

Գնահատման եւ թեստավորման կենտրոնը հուլիսի 18-ին հրապարակել է ընդունելության քննությունների արդյունքները, եւ հայտնի են դարձել բուհերում անվճար եւ վճարովի տեղեր զբաղեցնողների անունները։ Դիմորդներն իրենց անունները մինչեւ օրվա վերջ կարող էին կարդալ այն բուհերում, որտեղ դիմել են միակ հայտով։ Իսկ այսօր կմեկնարկի ընդունելության մրցույթի լրացուցիչ փուլը բոլոր նրանց համար, ովքեր դրական միավորներով չեն ընդունվել մրցույթի առաջին փուլում։ 

«Այսինքն՝ եթե իրենք մրցույթից դուրս են մնացել եւ չեն ընդունվել ո՛չ վճարովի, ո՛չ անվճար տեղեր, իրենց հանձնած քննություններին համապատասխան՝ կարող են ընտրել մինչեւ 6 մասնագիտություն եւ հայտագրել,- մեզ հետ զրույցում ասաց ԳԹԿ մամլո խոսնակ Խաչանուշ Գրիգորյանն ու հավելեց, որ մրցույթն այս անգամ լինելու է ըստ միավորների։- Այսինքն՝ իրենց նշած առաջին հայտով եթե չեն ընդունվի, բայց բուհում անվճար տեղեր կան՝ տվյալ մասնագիտության համար, մրցույթն արդեն ավտոմատ նույն մասնագիտության վճարովիի համար կլինի։ Իրենց նշած 2-րդ հայտով՝ նախ անվճարի, հետո՝ վճարովիի համար, այդպես, մինչեւ իրենք իրենց միավորներով զբաղեցնեն որեւէ տեղ»։  

Նա ընդգծում է, որ սկզբունքորեն մրցույթի առաջին փուլում արժեւորվում է մասնագիտական կողմնորոշումը․ «Օրինակ, եթե մարդն ամբողջ կյանքում երազել է դառնալ պատմաբան, այնպես է արվում, որ ինքը մրցույթի ժամանակ իր միավորներով մրցի բացառապես այդ բուհի այդ մասնագիտությամբ դիմած դիմորդի հետ, որպեսզի իրենից ավելի բարձր միավորներ հանձնածը, որն իրավաբան է երազել դառնալ, մրցույթից դուրս չմղի իրեն, եւ որպեսզի ապագա պատմաբաններն իրար հետ մրցեն, ապագա բժիշկները՝ իրար հետ, եւ ոչ թե անասնաբուժականի համար դիմածին դուրս մղի բժշկականից դուրս մնացողը։ Մրցույթի 2-րդ փուլում արդեն կարեւորվում են բարձր միավորները, որպեսզի դրական ստացածները դուրս չմնան։ Եթե իրենք ցանկություն ունեն սովորելու նաեւ այս մասնագիտությամբ, կարող են դիմել, եթե՝ ոչ, հաջորդ տարի կդիմեն իրենց երազած մասնագիտությամբ»։  

Ըստ էության, լրացուցիչ փուլի նպատակն այն է, որ բուհերի թափուր մնացած տեղերը լրացվեն։ Լրացուցիչ փուլի համար դիմորդները կարող են դիմել հուլիսի 19-26-ը, 2-րդ՝ լրացուցիչ փուլի արդյունքները վերջնական կհրապարակվեն հուլիսի 30-ին։