Ուկրաինայի դեմ հյուսիսկորեացիներ են կռվում և զոհվում. պնդում է ISW-ն

Ուկրաինայի դեմ հյուսիսկորեացիներ են կռվում և զոհվում. պնդում է ISW-ն

Հյուսիսային Կորեայի զինվորներն արդեն կռվում են Ուկրաինայում, իսկ մի քանի հազար հյուսիսկորեացի զինվորականներ վերապատրաստվում են Ռուսաստանում, և նրանք, հավանաբար, ապագայում կարող են տեղափոխվել առաջնագիծ: Նման տեսակետ է հայտնել Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտը (ISW):

Հարավային Կորեայի և Ուկրաինայի պաշտոնյաները հայտարարել են, որ հյուսիսկորեացի զինվորներն արդեն գործում են Ուկրաինայում ռուսական զորքերի կողքին, հայտնում են վերլուծաբանները՝ վկայակոչելով The Washington Post-ը: 

Ուկրաինայի ռազմական հետախուզության խոսնակն ասել է, որ Փհենյանից գործուղված առանձին սպաներ վերահսկում են ռուսական զորքերը և ուսումնասիրում մարտադաշտը Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայում, սակայն Ուկրաինան դեռ չի տեսել Հյուսիսային Կորեայի ստորաբաժանումները, որոնք գործում են Ուկրաինայում:

«Ուկրաինացի պաշտոնյան հավելել է, որ «մի քանի հազար» հյուսիսկորեացի հետևակայիններ վերապատրաստվում են Ռուսաստանի տարածքում, և որ ռուսական ռազմական հրամանատարությունը կարող է մինչև 2024 թվականի վերջը նրանց տեղափոխել Ուկրաինայի առաջնագիծ կամ Ռուսաստանի սահմանամերձ բնակավայրեր՝ Ուկրաինայի տարածքում ռազմական գործողություններին մասնակցելու համար»,- գրում է ISW-ն։

Նշվում է, որ հյուսիսկորեացի զինվորականները, ամենայն հավանականությամբ, գործում են Դոնեցկի մարզում։ Վերլուծաբանները նաև պնդում են, որ մի քանի հյուսիսկորեացի սպաներ են զոհվել Դոնեցկի մերձակայքում վերջերս տեղի ունեցած հրթիռային հարձակման հետևանքով։