Ձեր թոռներն ու երեխաները հարցնելու են՝ այդ ժամանակ դուք ի՞նչ էիք անում. Դավիթ Շահնազարյանի կոչը՝ իրավապահ համակարգին

Ձեր թոռներն ու երեխաները հարցնելու են՝ այդ ժամանակ դուք ի՞նչ էիք անում. Դավիթ Շահնազարյանի կոչը՝ իրավապահ համակարգին

«Կոչ եմ անում իրավապահ մարմինների աշխատակիցներին, բոլոր ոստիկաններին, պահեստազորի սպաներին, թե ՛ բանակի, թե՛ ոստիկանության, միացեք համազգային շարժմանը, միացեք»։ «Հրապարակի» տաղավարում հյուրընկալվելիս այս մասին նշեց ԱԱԾ տնօրեն Դավիթ Շահնազարյանը, ըստ էության կոչով դիմելով ՀՀ ոստիկանությանը, առհասարակ ողջ իրավապահ համակարգին։

«Ոստիկանությունն այսօր մեկ խնդիր ունի՝ ապահովել կարգուկանոնը և չկատարել պետական դավաճանություն կատարած և կատարող վարչախմբի քաղաքական հրահանգները։ Սա պատմական պահ է մեր համար, մեր ապագայի համար։ Դուք պատկերացնու՞մ եք՝ վաղը կամ մյուս օրը մեր դասագրքերում Փաշինյանի մասին ինչ է գրվելու, գրվելու է, որ նա մեր ժողովրդի ողջ պատմության մեջ, գուցե համաշխարհային պատմության մեջ, ամենամեծ դավաճանական արարք կատարած անձն է։ Այդ ժամանակ ձեր թոռներն ու երեխաները հարցնելու են՝ պապիկ, հայրիկ, դուք այդ ժամանակ ի՞նչ էիք անում։ Մտածեք սրա մասին, մտածեք , որ մաս չկազմեք այդ պետական հանցագործությանը։ Իսկ ձեր այն ղեկավարներն ու պետերը, որոնք շարունակում են դա անել, նրանց ճակատին է խփվելու դավաճանի խարանը։ Ամեն օրն ու ամեն ժամն արդեն մեր համար օրհասական է դարձել։ Կրկին կոչ եմ անում իրավապահներին, միացեք, միացեք շարժամնը»,- ասաց Շահնազարյանը։

Շահնազարյանը նաեւ առանձին անդրադարձավ Ազգային անվտանգության ծառայությանը, որը ժամանակին անձամբ է ղեկավարել։

«Ես կոչ եմ անում ԱԱԾ-ին, դիմում եմ այս ծառայության բոլոր սպաներին, բոլորին՝ առանց բացառության։ 2,5 տարի է ՝ ամեն օր իրականացվում է պետական դավաճանություն։ Դուք չեք տեսնու՞մ, որ Հայաստանը ուղղակի վխտում է օտարերկրյա գործակալներով, այս քանակի ակտիվություն երբեք չի եղել։ Դուք տեղյա՞կ եք, թե տեղյակ չեք, որ թե պատերազմի վերջին օրերին, թե արդեն պատերազմից հետո, Փաշինյանն ու իր կառավարությունը ծրագրել են ընդհանրապես փոխել Հայաստանի արտաքին քաղաքական դիրքորոշումը, խզել կապը Ռուսաստանի և ԱՊՀ երկրների հետ և ընտրել հստակ արևմտյան դիրքորոշում, դուք այս մասին գիտե՞ք, թե՞ ոչ։ Ուրեմն իմացեք, որ ԱԱԾ համապատասխան բաժնի հետ այս մասով քննարկում է եղել , դուք լավ գիտեք՝ որ ստորաբաժանման մասին է խոսքը։ Այսօր այս ծառայության աշխատակիցների արժանապատվությունը Փաշինյանը ուղղակի հավասարեցրել է հողին»,- ասաց Դավիթ Շահնազարյանը։