Խաբեությամբ 2023-ից ի վեր անվճար ապրել է հյուրանոցներում 

Խաբեությամբ 2023-ից ի վեր անվճար ապրել է հյուրանոցներում 

Չինաստանում քսանմեկամյա ուսանողը տարատեսակ խաբեբայություններ կատարելով, կարողացել է անվճար ապրել ավելի քան 60 հյուրանոցներում, եւ նույնիսկ ստանալ դրամական փոխհատուցում։ Երիտասարդը օգտագործել է այդ հյուրանոցներում առկա սանիտարական խնդիրների վերաբերյալ կեղծված ապացույցներ եւ սպառնացել, որ բացասական հրապարակումներ կանի այդ հյուրանոցների վերաբերյալ համացանցում։ Այս մասին գրում է Oddity Central-ը։

Երիտասարդը իր խաբեբայությունները սկսել է իրականացնել 23 թվականի սեպտեմբերին, երբ որոշել է հետաձգել համալսարան ընդունվելն ու ճամփորդել Չինաստանով։ Սակայն նրա ֆինանսական խնայողություններն արագ վերջացել են ու որոշել է արդեն խաբեբայություններով ապահովել նյութական միջոցներ ճամփորդության համար։ 10 ամիս շարունակ տարբեր հյուրանոցների համարներում նա կեղծ «ապացույցներ» է գցել, ինչպես օրինակ՝ մազեր, սատկած միջատներ եւ այլն, հակասանիտարական վիճակի տպավորություն ստեղծելով։ Ապա դիմել է անձնակազմերին՝ պահանջելով կամ ապահովել անվճար կեցություն իր համար, կամ դրամական փոխհատուցում։ Շատ հյուրանոցների ադմինիստրացիաներ համաձայնել են նրա պահանջները կատարել, սակայն օգոստոսին հյուրանոցներից մեկի մենեջերը որոշել է դիմել այլ հյուրանոցների մենեջերների եւ պարզվել է, որ 21-ամյա երիտասարդը այլ հյուրանոցներում էլ է նույն մեխանիզմով գործել։

Հյուրանոցների աշխատակիցների մոտ կասկածներ են առաջացել եւ ի վերջո, բացահայտվել է կեղծարարությունը։ Պարզվել է, որ ուսանողը այդ հյուրանոցներին պատճառել է ընդհանուր առմամբ՝ մոտ 10 հազար դոլարի վնաս։ Ներկայումս նրա հետ կապված գործը փոխանցվել է դատարան։ Խարդախության համար նրան կարող է լուրջ պատիժ սպառնալ։