Հայր ու որդի դատվում են բնակարանի համար

Հայր ու որդի դատվում են բնակարանի համար

ԱՄՆ-ում բնակվող թոշակառու Վարդգես Ղարիբյանին հարազատ որդին՝ Արմենը, դուրս է հանել տնից, մեղադրել հարազատ թոռների նկատմամբ մանկապիղծ հակումների մեջ։ Հայր ու որդի 2013 թվականից դատվում են, դատը հիմա մտել է վճռական փուլ՝ վճռաբեկ դատարան, թեև կողմերին չեն հայտնել՝ գործը վարույթ ընդունվե՞լ է, թե՞ ոչ։

«Հրապարակ» այցելած Ադամանդ Կարցյանը, ում հայրը Վարդգեսն է, եղբայրը՝ Արմենը, պատմեց, որ հայրն ու մայրը՝ Լաուրա Խաչատրյանը, ամուսնացել են հեռավոր 1968 թվականին։ Նախքան  ամուսնությունը, սակայն, Վարդգեսը գրված է լինում կոոպերատիվ բնակարանի համար, և 1969-ին՝ արդեն ամուսիններով, վճարում են բնակարանի վերջին փայավճարն ու Օրբելի փողոցում ստանում մեկսենյականոց բնակարան։

Ընտանիքը մեծանում է, դառնում են 4 հոգի, և կինը Երևանի 16-րդ թաղամասում 4 սենյականոց բնակարան ստանալու համար աշխատավայրում՝ Մերգելյան ինստիտուտում, նորից «կոոպերատիվ բնակարան է գրվում», 4 սենյականոց բնակարանը լինում է Լաուրայի անունով։ Քանի որ խորհրդային իրավունքը թույլ չէր տալիս, որ անձը 1 բնակարանից ավելի ունենա, անկախ նրանից՝ սեփական, պետական, թե կոոպերատիվ սեկտորում է, ամուսիններով որոշում են ձևակերպել ֆիկտիվ ամուսնություն՝ 2 բնակարանն էլ պահպանելու համար։

1981-ին ամուսնալուծվում են, իսկ 1986 թվականին Լաուրան ստանում է 4 սենյականոց բնակարանը։ Ադամանդի խոսքով՝ հայրն ու մայրը միասին կահավորում են բնակարանը ու միասին բակում ավտոտնակ կառուցում։ 20 տարի անց՝ 2001-ին, Լաուրան ՔԱԿԳՎ-ում նորից գրանցում է փաստացի ամուսնու հետ ամուսնություն։2002-ին զույգի որդին՝ գործով անցնող պատասխանող Արմենը, մեկնում է ԱՄՆ, 2006-ին ԱՄՆ տանում կնոջն ու երեխաներին։ 2008-ին Արմենը ենթարկվում է վթարի, դառնում անկողնային հիվանդ, որոշվում է, որ Լաուրան գնա ու ԱՄՆ-ում խնամի որդուն։ Բարեկամներով սեղան են գցում, ճանապարհում, սակայն Լաուրան 2009 թվականին անսպասելի մահանում է։ Կնոջ մարմինը տեղափոխելը շատ թանկ է լինում, և Վարդգեսն ինքն է մեկնում ԱՄՆ՝ կնոջ հուղարկավորությանը ներկա լինելու համար։ Որոշ ժամանակ անց Արմենը հորն առաջարկում է մնալ ԱՄՆ-ում։ Դրանից հետո բարձրացնում է Երևանում մնացած տան՝ 16-րդ թաղամասի 4 սենյականոցի հարցը (Օրբելի փողոցի բնակարանում ապրում է Ադամանդը՝ ամուսնու հետ), հայրն էլ առաջարկում է եղբոր կնոջ անունով լիազորագիր ուղարկել՝ ժառանգության հետ կապված հարցերը լուծելու և բնակարանն Արմենի անունով անելու համար։ Կնոջ պատմելով, սակայն, լիազորագրում ինչ-որ բան այնպես ձևակերպված չի լինում, Երևանում նոտարը հրաժարվում է գործարք կատարել ու առաջարկում է, որ լիազորագիրը վերաձևակերպվի։ Այս մասին տեղեկանալուց հետո Վարդգեսն ասում է՝ ոչինչ մի արեք։ Սրանից հետո հոր ու որդու հարաբերությունները վատանում են, սկզբում Արմենը ԱՄՆ-ում իր տանը բնակելու համար հորից պահանջում է 500 դոլար, ապա առհասարակ դուրս անում տնից։

2013-ին, երբ Ադամանդի դուստրը փորձում է տատուպապի տան կոմունալ վճարները մարել, պարզվում է, որ դրանք վճարված են, և վճարողը քեռին է՝ Արմենը։ Այստեղից ենթադրում են, որ քեռին 2013-ին եկել է Հայաստան ու փորձում է ստանալ մոր բնակարանը՝ որպես ժառանգություն։ Վարդգեսը փաստաբան է վարձում՝ Սամվել Միրզոյանին, ով ասում է, որ սրա համար Արմենը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել, որ, իբր, փաստացի տիրապետել է գույքին։ Իմանալով, որ Արմենը 2002-2013թթ․ Հայաստան ոտք դրած չի եղել, հարցում են ուղարկում ՀՀ սահմանապահ զորքեր, որտեղից  հարցմանն ի պապատասխան հայտնում են, որ Արմենը ՀՀ 1-ին անգամ մուտք է գործել 2013-ի մարտին, իսկ հունիսին՝ հետ վերադարձել։

«Կեղծ տեղեկանք ասելով՝ նկատի ունեմ, որ ինքը հայտնել է, որ մինչև մոր մահը և մոր մահից հետո մշտապես բնակվել է 16-րդ թաղամասի բնակարանում, վճարել է կոմունալ վճարները։ Էն դեպքում, որ 2002-2013թթ․ Հայաստանում չի եղել։ Ես պարզեցի, որ էդ տեղեկանքը կեղծ է՝ ինչո՞վ։ Բլանկը պատկանում է մի կազմակերպության, կնիքը՝ մեկ այլ։ Այսինքն՝ համատիրության բլանկի վրա լրացրել է մեկ այլ կազմակերպության՝ իրավաբանական միության հաշվապահ, ով տեղեկանք է տվել, որ Արմեն Ղարիբյանը մշտապես բնակվել է այդ՝  43-րդ շենքի 75 բնակարանում։ Իսկ վճարներն էլ Արմենը կատարել է 2013-ին, ոչ թե 2002-2013թթ․, որովհետև այդ վճարներն արել են Լաուրան ու Վարդգեսը, հետո միայն Վարդգես Ղարիբյանը՝ եղբոր միջոցով»,- պատմեց փաստաբանը։ Նա հավելեց, որ Իրավաբանական միության նախագահը բացատրություն է տվել և ասել, որ իրենք, առհասարակ, իրավունք չունեին նման գրություն տրամադրելու, ամեն մի համատիրություն ինքը պետք է տար։

Վարդգեսի անունից Սամվել Միրզոյանը դիմում է դատարան՝ նշելով, որ կեղծ ապացույցներ են ներկայացված, իսկ իրական տիրապետողը հայրն է։ Դատարանը, սակայն, մերժում է Վարդգես Ղարիբյանին, դիմում են վերաքննիչ՝ բողոքով։

«Վերաքննիչ դատարանն էլ, տեսնելով, որ փաստերն ակնհայտ են, մի հատ միջանկյալ որոշում կայացրեց, քանի որ վերաքննիչ բողոք էր տարել նաև Արմեն Ղարիբյանը։ Ինքն ասում էր՝ քանի որ ես ժառանգել եմ մորս գույքը 16-րդ թաղամասում, մայրս սեփականատեր է եղել նաև Օրբելիի տան նկատմամբ, այնտեղից էլ մասնաբաժին ունեմ, մեքենան էլ՝ բոլոր մասերով, ես ժառանգություն եմ ձեռք բերել, պետք է տաք ինձ։ Եվ միջանկյալով՝ նկատի ունեմ, որ վերաքննիչը մերժեց Արմենին, նաև մեզ՝ գրելով, որ, գիտե՞ք ինչ կա, դատարանը հաշվի չի առել, որ Վարդգես Ղարիբյանի տիրապետման տակ եղել է Լաուրայի գույքը՝ ավտոմեքենան, եթե դա հաշվի առնվեր, նա ևս կճանաչվեր ժառանգ»,- ներկայացրեց փաստաբանը։

Նրա ամփոփմամբ՝ թե՛ 1-ին ատյանի և թե՛ վերաքննիչ դատարանը հաշվի չառան այն հանգամանքը, որ Արմեն Ղարիբյանը ժառանգության ընդունումը կատարել է իր կողմից ներկայացված կեղծ փաստաթղթով, այսինքն՝ 2 ատյանի դատարաններն էլ Արմեն Ղարիբյանին շարունակեցին ճանաչել որպես ժառանգ։ Միայն այն տարբերությամբ, որ առաջին ատյանի դատարանը մերժեց հորը ճանաչել տիրապետող, վերաքննիչը գործը հետ ուղարկեց՝ Վարդգես Ղարիբյանին ժառանգ ճանաչելու պահանջով։

«Հրապարակ»-ը կապ հաստատեց Արմենի փաստաբան Թամարա Մալխասյանի հետ, որն ասաց․ «Հարգելի լրագրող, ես նախ հեռախոսով ոչ մի տեղեկատվություն չեմ տալիս, երկրորդ՝ գործն ընթացքի մեջ է, և այդ գործի մասին հրապարակումներ անելը ես՝ որպես մասնագետ, իրավաբան, գտնում եմ, որ սխալ է։ Դրա համար էլ Ձեր ոչ մի հարցին չեմ պատասխանի»։