«Մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից իմ երկրի ղեկավարը». Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին 

«Մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից իմ երկրի ղեկավարը». Ալեն Սիմոնյանը՝ Վանեցյանի հրաժարականի մասին 

«Սխալ է իմ կողմից հիմա գնահատական տալը, որովհետեւ նախ շատ քիչ ժամանակ է անցել, հետ հասկանանք ինչ է կատարվել, ինչի մասին է խոսքը։ Հրաժարականի մասին քիչ առաջ եմ տեղեկացել, ասուլիսից»,-  լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ԱԱԾ տնօրենի պաշտոնաթողությանը, նշեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Անդրադառնալով Վանեցյանի հրաժարականում տեղ գտած տարերային որոշումների, հախուռն գործողությունների մասին դիտարկումներին՝ Սիմոնյանն ասաց․ «Այս ամբողջ ընթացքում ես որեւէ խոսակցության կամ բովանդակության տեղյակ չեմ եղել ոչ վարչապետի, ոչ Վանեցյանի կողմից, եւ որեւէ բան հիմա չեմ կարող դրա հետ կապված ասել, նաեւ չեմ ուզում գնահատական տալ, որովհետեւ մի կողմից իմ ընկերն է, մյուս կողմից իմ երկրի ղեկավարն ու իմ քաղաքական առաջնորդը»:
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ այս հրաժարականը չի կարող  կապ ունենալ վաղը Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով  դատարանի սպասվող որոշման հետ. «Ամեն ինչի հետ կարող են կապել: Մարդ կլինի, որ կասի՝ ուզում են Ամուլսարից շեղեն: Չեմ կարծում, որ կապ ունի»:

Հարցին, թե Արթուր Վանեցյանը կմնա՞ թիմի անդամ, նա պատասխանեց. «ԱԱԾ տնօրենը ոչ կարող է, ոչ էլ պետք է լինի թիմի անդամ: ԱԱԾ տնօրենը եւ ընդհանրապես ուժայինները պետք է առանձին մարմին լինեն, որեւէ մեկի հետ կապված չլինեն, ինչը պարոն Վանեցյանը հաջողությամբ արել է: Ես կաշկանդվածություն չեմ նկատել: Ես տեսել եմ լավ աշխատանք»: