«Բունկերից» մինչև Պաշտպանության նախարար
44-օրյա պատերազմում որպես ռազմական գործողություններին «խառը մարդ» ավելի շատ բարձրաձայնվում է Աննա Հակոբյանի, քան իրեն գերագույն հրամանատար հռչակած Նիկոլ Փաշինյանի անունը։ Հանրությունն առ այսօր չի հասկանում ու պարզաբանման է սպասում, թե նա ինչ գործ ուներ «բունկերում»։ Ի դեպ ասեմ, որ «բունկերը» պատերազմի ժամանակ հրամանատարական գլխավոր կետն է։ Այնտեղից է ղեկավարվում պատերազմի ողջ ընթացքը։ Օրինակ, Սամվել Բաբայանն ասում էր, որ ինքը «բունկեր» է գործուղվել որպես ԼՂ նախագահ Արայիկ Հարությունյանի խորհրդական։ Այդ որոշումը Հարությունյանն էր կայացրել։ նշել է նաև , որ ինքը «բունկերում» հրամաններ չի տվել, որոշումներ կայացնելով չի զբաղվել, տեսածը զեկուցել է իր ղեկավարին` Արցախի նախագահին։
Ինչպես գիտեք, Սամվել Բաբայանը «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների կողմից քննադատվում ու հայտարարվում էր, որ նա ևս պատասխանատու է տեղի ունեցածի համար։ Այս մի օրինակը մեջբերեցի, որպեսզի պարզ լինի, որ «բունկեր», (հրամանատարական կետ) հենց այնպես դիտորդի կարգավիճակով չեն մտնում։ Մտնում ես, ուրեմն պատասխանատու ես պատերազմի ղեկավարման գործընթացին։ «Բունկերում» իր կնոջ գտնվելու մասին Նիկոլ Փաշինյանն այսպիսի բացատրություն է տվել․ «Կնոջը հանձնարարել է գնալ Արցախ՝ հրամանատարական կետ՝ բարոյական աջակցություն, զորակցություն հայտնելու»: Սա այնքան խախուտ բացատրություն է, որ նույնիսկ անդրադառնալ չարժե։ Աննա Հակոբյանի «բունկերում» գտնվելու արդարացումները ոչնչանում են ՊԲ նախկին հրամանատար և ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը լրագրողներին տրված հստակ բացատրության առաջ․ «Հրամանատարական կետից ես բարձրացել եմ վերև՝ ճաշելու, իջել եմ, տեսել եմ՝ նստած է տիկին Աննան, էկրանի առաջ, որտեղ երևում են մարտական գործողությունները, կողքին կանգնած է Բաբայան Սամվելը»:
Մանրամասնությունները չնկարագրելու համար ավարտեմ ՊԲ նախկին հրամանատարի և ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի խոսքի ավարտը․ «Ես մոտեցա, խնդրեցի-ասեցի՝ տիկի՛ն Աննա, այսպիսի տեսարժան բաներ չի լինելու. մնացած ուղղություններում ընթանում են մարտեր: Նպատակահարմար է, որ Դուք գնաք, որովհետև տղաները խոսում են, գոռում են, կարող է նաև՝ հայհոյեն, կաշկանդվում են Ձեզնից: Ասեց՝ լավ: Մի 20 րոպե նստեց-գնաց: 4 ժամից հետո ինձ կանչեցին Երևան»։
Այստեղ պարզաբանելու բան չկա։ Ջրի նման պարզ է ամեն ինչ։ Ինչու՞ էր տիկին այնտեղ, ինչի էր հետևում և այսօր արդեն իրադարձությունների ֆոնին պարզ է նաև, թե ինչու էր հետևում։ Կամ ինչու՞ էր նրա ամուսինն այդպես այսահարվել, երբ պատասխանատու պաշտոնյան փափուկ բառերով հասկացրել է Աննային, որ դա իր տեղը չէ։
44- օրյա պատերազմից առ այսօր մարդիկ տարբեր մեկնաբանություններով են բացատրում Աննա Հակոբյանի ներկայությունը «բունկերում», ասել է թե՝ դա չի մոռացվել ու չի մոռացվելու։ Չեխիայում Աննա Հակոբյանի ուՉեխիայի Պաշտպանության նախարար Յանա Չերնոխովայի գրկախառնությունը կրկին հիշեցնում է, որ վարչապետի կինը պաշպանության նախարարություններից ձեռք չի քաշում։ Կարծում եմ սա պատահական նկար չէ։ Իսկ Աննայի ո՞ր նկարն է պատահական եղել։ Տեսեք՝ ես արդեն շփվում եմ պաշտպանության նախարարների հետ ու իմ տեղը «բունկերում» չէ, որին առ այսօր անդրադառնում եք։ Հասկացնում է, որ հաջորդ անգամ իր տեղը լինելու է ՊՆ-ի աթոռը։ Իսկ որ հաջորդ անգամը լինելու է, ինքը դա հաստատ գիտի՝ չնայած քողարկվում է խաղաղության օրակարգի կեղծ շղարշով։
․․․ Եռաբլուրը մեծացնելու աշխատանքներ են ընթանում․․․
Կարծիքներ