Ինչու չկայացավ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը

Ինչու չկայացավ Փաշինյան-Ալիեւ հանդիպումը

Ինչպես հայտնի է, Լոնդոնում ընթացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ նախատեսված է եղել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը, որը, սակայն, հայկական կողմը մերժել է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ներկայացրած մանրամասներից պարզ է դառնում, որ այցը նախաձեռնված է եղել բրիտանական իշխանությունների կողմից։ Հանդիպմանը նախ մասնակցելու էր բրիտանական վարչապետ Կիր Ստրամերը, իսկ հետո արդեն Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն այն շարունակելու էին դեմառդեմ։ Տեղի ունեցածը տարակուսանքի առիթ է տվել նաեւ ռուսական մեդիա-փորձագիտական համայնքում։ Չէ՞ որ, համաձայն դիվանագիտական աղբյուրների, Փաշինյան-Ալիեւ հանդիպումը համաձայնեցվում էր դեռ հուլիսի կեսերից։

Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը, տեղի ունեցածի առնչությամբ, ռուսական պարբերականներից մեկի համար գրած իր հոդվածում ասում է․ «Այդ իրավիճակի առնչությամբ շատ տարօրինակ բաներ կան, եւ շատ բան ուղղակի մինչեւ վերջ չեն ասում։ Եթե Փաշինյանն ու Ալիեւն իրոք մտադրություն են ունեցել հուլիսի 18-ին հանդիպել Լոնդոնում, ապա դրան պետք է որ նախորդած լինի որոշակի նախապատրաստական գործընթաց։ Հասկանալի է, որ այդ հանդիպմանը երկու ղեկավարները պետք է խոսեին խաղաղության պայմանագրի մասին։ Սակայն վերջին պահին բանակցությունները չեղարկվում են, եւ կողմերը մեղադրում են մեկմեկու, ինչը ենթադրում է, որ անակնկալ ինչ-որ ֆորսմաժորային գործոն է հայտնվել, եւ կողմերից մեկը հրաժարվել է շփումներից։ Հասկանալի է, որ այդ կողմը Հայաստանն է եղել։ Ուրեմն մնում է հասկանալ, թե որն է եղել այդ գործոնը։ Նախեւառաջ նկատենք, որ Ալիեւի եւ Փաշինյանի՝ մեկմեկու հանդեպ ունեցած պահանջները կարող են լինել երկկողմ երկխոսության առարկա։ Բացի այդ, վերջին շրջանում նրանք միմյանց ընդառաջ քայլեր են արել՝ ցուցաբերելով զգուշավոր լավատեսություն»։

Ըստ նրա, եթե իրավիճակը դիտարկվի դիվանագիտական պրակտիկայի տեսակետից, ապա նման իրավիճակ ստեղծվում է, երբ բանակցային օրակարգը կտրուկ փոխվում է։ Որոշ փորձագետներ նշում են, որ բանակցությունների խափանումը կապված է Նիկոլ Փաշինյանի՝ ներքին լսարանում ունեցած խնդիրների հետ։ Որոշ վերլուծաբաններ էլ կարծում են, որ Ալիեւի եւ Փաշինյանի միջեւ ճգնաժամ է սկսվում։ Չի բացառվում նաեւ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է միջամտել եւ խափանել հանդիպումը՝ չուզենալով, որ «խաղի» մեջ մտնի բրիտանական կողմը` իր նոր վարչապետով, ով Բաքու-Անկարա տանդեմի համար ընդունելի «խաղացող» է, իսկ հայկական կողմի համար` ոչ։ Այս ամենի հանրագումարում, ըստ Տարասովի, կարող է ստեղծվել իրավիճակ, երբ Ալիեւի եւ Փաշինյանի շփումներում կարող է առաջանալ միջնորդների առկայության անհրաժեշտություն, որպիսին կարող է հանդես գալ Մոսկվան։