Ինչից է ծագել թյուրըմբռնումը․ ԱՄՆ պետդեպն արդյոք խոստանո՞ւմ է աջակցել Հայաստանին

Ինչից է ծագել թյուրըմբռնումը․ ԱՄՆ պետդեպն արդյոք խոստանո՞ւմ է աջակցել Հայաստանին

Շաբաթ օրը վարչապետ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Էնթոնի Բլինքենի հետ, որի արդյունքում կառավարությունը հաղորդագրություն էր տարածել՝ գրեթե ոչինչ չասող, ստանդարտ հայտարարություն։

«Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությանը: Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ: Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում օրերս կայանալիք քննարկումների շուրջ։ Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը: Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի այլ հարցերի»:

Երեկ կայքերից մեկը այս նույն հեռախոսազրույցի մասին հրապարակում ուներ, որն ամենաընթերցվածն էր կայքի նյութերից․ «Էնթոնի Բլինքենը Նիկոլ Փաշինյանին խոստացել է ԱՄՆ մշտական աջակցությունը» վերտառությամբ։ Մեզ տարօրինակ թվաց, որ ՀՀ կառավարության տարածած տեքստի մեջ չկար Բլինքենի աջակցության մասին ոչ մի խոսք։ Եթե ԱՄՆ պետքարտուղարը նման միտք արտահայտած լիներ, վստահաբար, ՀՀ կառավարությունն առաջինը դա կտարածեր։ 

Ուստի փորձեցինք հասկանալ՝ որտեղ է խնդիրը։ ԱՄՆ պետքարտուղարի հայտնած աջակցության մասին տեղեկությունը, ըստ հրապարակման, հիմնված էր ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության մամուլի քարտուղար Մեթյու Միլլերի հայտարարության վրա, որը անգլերենով հնչել է այսպես․

«Secretary of State Antony J. Blinken spoke with Armenia’s Prime Minster Nikol Pashinyan today to underscore the importance of Armenia-Azerbaijan peace discussions and pledged continued U.S. support.  Secretary Blinken reiterated that direct dialogue and diplomacy are the only path to a durable peace in the South Caucasus. He expressed his appreciation for the Prime Minister’s continued commitment to the peace process»։

Ողջ թյուրըմբռնումը ծագել է նրանից, որ ամերիկյան տեքստում խոսք է գնում Հայաստան-Ադրբեջան խաղաղ բանակցություններին աջակցության մասին, ոչ թե պարզապես աջակցության։ Իսկ մենք, փաստորեն, վաղաժամ ոգեւորվել ենք այդ աջակցության խոստումից, որն ընդամենը աջակցություն է բանակցություններին, որոնք ակնհայտ է, որ մեզ ոչ մի լավ բան չեն խոստանում, քանի դեռ բանակցում ենք պարտվածի ու պատերազմից սարսափողի դիրքից եւ քանի դեռ բանակցողը պատերազմում պարտված եւ պատերազմից սարսափած իշխանությունն է։