Թումանյանի հոբելյանը՝ փորձաքար

Թումանյանի հոբելյանը՝ փորձաքար

Մշակութային կյանքի յուրաքանչյուր երեւույթ ունի իր խորհուրդն ու դերը, սակայն կան ազգային, հոգեւոր կյանքի առավել կարեւոր ու նշանակալից իրադարձություններ, որոնք իրենց համազգային վիթխարի արժեքով կարող են եւ պետք է ունենան միջազգային արձագանքներ, բարձրացնեն մեր ժողովրդի վարկը։ Մշակութային այդպիսի երեւույթներից են Հովհ. Թումանյանի եւ Կոմիտասի՝ երկու տարեկից հսկաների 150-ամյա հոբելյանները։ Երկու ամենահայ հանճարներ՝ Ամենայն Հայոց երգի վեհափառ եւ Ամենայն Հայոց բանաստեղծ, որ արարեցին ամենաազգային երգն ու բանաստեղծությունը։

Այսօր արդեն թումանյանական եւ կոմիտասյան հոբելյանական տարվա մեկնարկը տրվել է։ Դեռեւս չի հրապարակվել ճանապարհային քարտեզը։ Կարելի է ասել՝ մեր ամենամեծերի «բախտը չբերեց», հեղափոխությունը խանգարեց, եւ, անշուշտ, մշակույթի նախարարության «օպտիմալացումը» չի կարող բացասաբար չազդել ամենահայ երկու վիթխարիների հոբելյանները հավուր պատշաճի նշելու, էժանագին շոուների չվերածելու, «գալա համերգներով» չբավարարվելու գործում։ Թողնենք իշխանություններին հանգիստ, ինչ կանեն, ինչ չեն անի, ինչ չափով գումարներ կտրամադրեն, ովքեր եւ ինչպես կտնօրինեն, կարեւոր չէ։ Յուրաքանչյուրն իր արածի ու չարածի համար է պատասխան տալու սերունդներին։ Համազգային հոբելյանները համազգային միասնություն են պահանջում։ Թումանյանը վերկուսակցական էություն ուներ։ Նա յուրաքանչյուր հայի կողքին էր՝ անկախ սոցիալական ու կուսակցական պատկանելությունից։

1905-1906թթ. հեղափոխության շրջանում կալվածատերերն ու մեծահարուստները նրա աջակցությանն էին դիմում՝ գյուղացիների զայրույթից փրկվելու համար, իր հեթին՝ յուրաքանչյուր աղքատ ու կարիքավոր հայ նրա ուսերին էր դնում իր սկիզբ ու վերջ չունեցող հոգսերը, որբերն ու գաղթականները նրանից էին ապաստան ու հաց խնդրում։ Քաղաքացիական պատերազմի օրերին Չարենցը գրում էր, որ իրենից բացի՝ կախաղանին ոչ ոք մոտ չգա, իսկ Թումանյանն անձամբ էր բարձրանում կախաղան, երբ իր կյանքը վտանգելով, կրակահերթից չվախենալով, սահնակով, ցրտին, հիվանդ հատում էր բոլշեւիկների եւ դաշնակցականների սահմանը, որ դադարեցնի արյունահեղությունը հայի ու հայի միջեւ։ Համազգային հոբելյան է, հետեւաբար՝ միայն իշխանությունների գործը չէ, այլ ողջ հայության, միայն Հայաստանում ապրող հայի գործը չէ, այլ ողջ աշխարհի։ Արդյոք ՀՀ ԳԱԱ արվեստի եւ գրականության ինստիտուտները, մեր տասնյակ հրատարակչությունները, Գրողների միությունը գումարներ ունե՞ն բանաստեղծի մասին գրականությունը, նրա ստեղծագործություններն օտար լեզուներով թարգմանելու եւ հանրահռչակելու, արդյոք յուրաքանչյուր հայաշատ վայրում կազմակերպվելո՞ւ են թումանյանական ընթերցումներ, պարզապես թումանյանական օրեր….

Առայժմ անորոշություն է, եւ լավատեսության հիմքեր չկան։ Բայց երբ գրվի Թումանյանի հոբելյանների տարեգրությունը, այդ պատմությունը ներկայացվելու է կեսդարյա ընդմիջումներով։ Եվ յուրաքանչյուր սերունդ քննություն է բռնելու արվեստի ու գրականության նկատմամբ իր վերաբերմունքով, ազգային մշակույթը սիրելու եւ գնահատելու իր կարողությամբ։ Երբ Պուշկինի 200-ամյակն էր, ռուսական ցանկացած հեռուստաալիք ամեն օր հայտարարում էր, որ իրենց ամենամեծի, ամենից ազգային պոետի հոբելյանին մնաց այսքան օր։ Եվ, առանց բացառության, յուրաքանչյուր լրատվամիջոց ամեն օր այս կամ այն չափով անդրադառնում էր բանաստեղծի կյանքին ու գործին, որից յուրաքանչյուր ազգ միայն մեկ հատ է ունենում։

Սակայն Թումանյանի մասին հոդվածում չի կարող բացակայել լավատեսությունը, որի հիմքերը հեռավոր 1919-ին են, երբ մեր նորաստեղծ առաջին հանրապետությունը՝ խճճված հազար ու մի հոգսերի մեջ, արտաքին վիթխարի սպառնալիքների, սովի ու համաճարակի պայմաններում խորհրդարանի դահլիճում հանդիսավորությամբ նշում է Թումանյանի հոբելյանը, նրա անունով անվանում կայարաններ, մշակութային հաստատություններ եւ այլն։ Չէ՞ որ Թումանյանի հոբելյանը հենց ժողովրդի հոբելյանն է, նա է ամենահարազատը, նա է նույնական իր ազգի ամբողջության հետ։ Պոետի 50-ամյակի ամենամեծ խորհուրդը բանաստեղծի ներկայությունն էր եւ այն, որ նշվեց ինքնաբուխ, ներքեւից, պոետի կամքին ու տրամադրությանը հակառակ։ Հայ բոլոր թերթերն ու ամսագրերն ամբողջական համարներ նվիրեցին Թումանյանին։ Ոչ միայն Հայաստանի, այլեւ Վրաստանի Հանրապետության առաջին դեմքերը՝ վարչապետերն ու նախարարները, բազմաթիվ այլազգի մշակույթի գործիչներ շնորհավորեցին նրան՝ իբրեւ ոչ միայն հայ ժողովրդի բանաստեղծ, այլեւ հայ ժողովրդի խիղճ (Սոկոլով) եւ հայի տեսակի ու գոյատեւման, նրա ապագայի խորհրդանիշ։

1919թ. փետրվարին պոետի պատուհանի տակ պարբերաբար հավաքվում էին Թիֆլիսի բոլոր դպրոցների ու որբանոցների երեխաները՝ իրենց ուսուցիչների հետ։ Ճիշտ է, հազարավոր մանուկներ չէին կարող միանգամից սեղան նստել ամենահյուրընկալ հայի տանը, սակայն Թումանյանի որդեգիր որբերի համար միշտ էլ տեղ գտնվում էր։ Նրանք էին բանաստեղծի ամենաթանկագին հյուրերը։ Այո՛, բանաստեղծը չէր կամենում իր հոբելյանի առթիվ «ղալմաղալ» անել, սիրտ չուներ, մեկ-երկու տարում հայրենազրկվել էր իր ժողովուրդը, ինքն ապրել էր հայոց վշտի մեծ ծովում, ազգային ողբերգությանը գումարվել էր անձնական անփարատ վիշտը, թուրքի դավադիր յաթաղանից Մեծ Եղեռնի զոհ էր դարձել որդին՝ Արտավազդը, պատերազմում դարձյալ թուրքի գնդակից զոհվել էր զինվորական եղբայրը, մյուս եղբայրը սրախողխող ընկել էր դավադիր ներքին թշնամուց։ Սակայն պոետը չկարողացավ խանգարել իր հոբելյանի հետ կապված համաժողովրդական խանդավառությանը։ Տարբեր պատրվակներով նրան հրավիրում էին Թիֆլիսի ամենամեծ դահլիճները, վերցնում թեւերի վրա, ողջունում հոտնկայս։ Սրահները թեեւ բազմամարդ էին, բայց չէին կարող տեղավորել բոլոր ցանկացողներին, եւ կանգնած բազմության մեջ ուշագնացության դեպքեր էին լինում։ Արդեն բանաստեղծի կենդանության օրոք նրա հոբելյանը դարձավ համաժողովրդական սիրո ցույց, հայության կենսունակության, նրա կողմից հոգեւորի արժեւորման ապացույց։

Աննախադեպ էին Թումանյանի 100-ամյա հոբելյանի տոնակատարությունները, որոնք կայացան աշխարհի ամենատարբեր մասերում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի հովանու ներքո։ Կազմվել էր 61 անձից հոբելյանական կառավարական հանձնաժողով՝ Ա. Ե. Քոչինյանի՝ կենտկոմի առաջին քարտուղարի նախագահությամբ։ Հանձնաժողովի կազմում էին նախարարներ, ակադեմիկոսներ, անվանի գրականագետներ, ռուս, վրացի եւ այլ ազգերի գրողներ, նկարիչներ, ժողովրդական դերասաններ։ Հոբելյանական հանձնաժողով էր գործում նաեւ Ղարաբաղում։ Մարտակերտի շրջանի բոլոր դպրոցներում սովորություն էր դարձել ամեն երկուշաբթի կարդալ եւ քննարկել Թումանյանի ստեղծագործությանը վերաբերող այն հոդվածները, որոնք լույս էին տեսնում «Գրական թերթի» յուրաքանչյուր համարում։

Սփյուռքում եւ Հայաստանում 1969-ը հռչակվեց Թումանյանի տարի։ Տիրում էր համընդհանուր խանդավառություն։ Կամավոր սկզբունքներով 150 ուսանող մեկնում է Թումանյանի ծննդավայր եւ բարեկարգում Բարձրաքաշի Սբ Գեւորգ եկեղեցին։ Չկար սփյուռքահայ որեւէ օջախ, որտեղ տեղի չունենային թումանյանական օրեր։ Վիթխարի զարթոնք ապրեց թումանյանագիտությունը։ Միայն 1969թ. բանաստեղծի երկերը լույս տեսան աշխարհի 35 լեզուներով։

Ստեղծվեցին վավերագրական ֆիլմեր Հայաստանում եւ նրա սահմաններից դուրս։ Տեղի ունեցան բազում գիտական նստաշրջաններ Երեւանում, Թբիլիսիում, Կիեւում, Բուլղարիայում՝ Վառնայում, եւ այլուր։ Ամենուր մասնակցում էին տվյալ երկրի իշխանությունների առաջին դեմքերը։ Մոսկվայի Մեծ թատրոնում հանդիսավոր նիստին (հոկտեմբերի 3) ներկա էր Լ. Ի. Բրեժնեւը, թեեւ այդ օրը հանդիսությունից անմիջապես հետո մեկնելու էր երկրից՝ պաշտոնական այցով։ Ի դեպ, 70 տարիների ընթացքում ուրիշ ոչ հայ եւ ոչ միայն հայ արվեստագետի հոբելյան (բացառություն է կազմում միայն Ռուսթավելին) չի նշվել Մեծ թատրոնում:

Ի թիվս այլ հաստատությունների, Թումանյանին Մոսկվայում մեծարել են Ասիայի, Աֆրիկայի ու Լատինական Ամերիկայի 86 երկրների ներկայացուցիչներ։ Նորացված «Ալմաստ» եւ «Անուշ» օպերաները հնչեցին Մոսկվայի Մեծ թատրոնի բեմահարթակում։

Բազմաբնույթ միջոցառումներին թիվ ու համար չկար. նկարչական դպրոցների սաների մրցույթ (180 մասնակից), ասմունքի հանրապետական մրցանակաբաշխություն, նկարիչների ցուցահանդես՝ մասնակցությամբ 160 նկարիչների, ովքեր ներկայացրել էին 350 ստեղծագործություններ։ Կառուցվեցին հուշարձաններ Երեւանում եւ Դսեղում։ ՅՈւՆԵՍԿՕ-ն Եվրոպայի եւ Ամերիկայի ժողովուրդների համար կազմակերպել էր պոետի երկերի ռադիոհաղորդումներ։

Վաղուց է ասված. «Եթե մի օր աշխարհի բոլոր ժողովուրդների բանաստեղծությունների ցուցահանդես լինի, հայ ժողովուրդն ուրիշ ոչ ոքի չի կարող ուղարկել, բացի Թումանյանից՝ իբր օրինակ զտարյուն հայ բանաստեղծի» (Ստ. Զորյան)։ Թումանյանի հոբելյանը հացի տոն է, հոգեւոր հացի, ազգային լավաշ հացի տոն (Պ. Սեւակ)։

Նկատենք՝ այսպես տոնվել է ոչ անկախ, ինչպես այսօր է ընդունված ասել՝ «հին Հայաստանում»։ Ուրեմն որքան ավելի լավ պիտի տոնվի այդ հոբելյանը նոր եւ անկախ Հայաստանում։

Այսօր արդեն տրված է մեկնարկը, հուսանք եւ սպասենք, որ ազգովի աշխարհի տարբեր անկյուններում արժանավայել կնշենք ա՛յն պոետի հոբելյանը, որին մենք ընկալում ենք իբրեւ Ամենայն Հայոց բանաստեղծ, իսկ օտարները՝ իբրեւ հայության խիղճ եւ հայ հոգու «Աստվածաշունչ»։

 

Թումանյանագետ Սուսաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ