ZOOM-ի արտակարգ դրության ֆիլմերը

ZOOM-ի արտակարգ դրության ֆիլմերը

Մարդու լեզուն չի պտտվում խոստովանի՝ կորոնավիրուսը չլիներ, մենք մեր ամուսնուց, երեխայից, կնոջից կարոտ կմնայինք: Վերջին անգամ ե՞րբ էինք միասին ներկայացում ու կինո նայել՝ թեկուզ օնլայն, ե՞րբ էինք ընտանիքով «լոտո», «մաֆիա» խաղացել կամ կարկանդակ թխել ու  միասին քննարկել՝ լավ, բա սրա վերջն ի՞նչ է լինելու: 

«Իմ տունն իմ ամրոցն է» հայտնի արտահայտությունը գործնականում կիրառեցինք: Մինչդեռ մեկուկես ամիս առաջ մեր տունը մեր հյուրանոցն էր… ընդամենը: Այդ տուն-ամրոցում են լուսանում ու մթնում մեր բոլոր օրերը՝ ներտնային կյանքը կազմակերպելուց մինչեւ տնից աշխատելու եւ հեռավար դաս անելու նորույթներին վարժվելը: 

- Այսօր ոչ մի կինո, շուտ ենք քնելու,- ֆիլմերի ցուցակն ամուսնու ձեռքից վերցնելով՝ խիստ ասաց կինն ու մտավ ննջասենյակ: Ամուսնու զարմացած հայացքին ի պատասխան՝ շարունակեց,- վաղը ծնողական ժողովի եմ: Մազերս էլ չներկեցի… լավ, ոչինչ, պոչ կկապեմ, սպիտակներս չեն երեւա:

5-րդ դասարանցի Արեգն առավոտ շուտ միացավ ZOOM ծրագրին ու մորը կանչեց. 

- Արի՜, ժողովն սկսվել է, Իրինա Պավլովնան խոսում է:

Մայրը վերնաշապիկը ներքեւ քաշեց, որ դեղին աստղիկ-լուսիններով պիժաման չերեւա, դեմքին ժպիտ նկարեց ու լարված նստեց համակարգչի առաջ: «Հեռավար դասերին շատ ակտիվ են Նարեն, Նարեկը, Լուսինեն, Համլետը, Գեւորգը… Նրանք ինձ պարզերես են անում, դեռ հարցը բերանումս՝ պատասխանում են, ջանասեր են, ակտիվ: Միայն 9 ու 10 են ստանում: Թույլ աշակերտները պիտի շատ աշխատեն, որ ուժեղներին հասնեն»,- ռուսերեն շեշտադրումներով հայերեն ելույթը ZOOM-ի էկրանին ավարտեց Իրինա Պավլովնան: Էկրանի պատուհանիկների մեջ «ուժեղ» որակավորում ստացած երեխաների մայրիկները ներողամիտ ու ինքնագոհ ժպտում էին: Մայրը միշտ կարծել է, որ Արեգը վատ չի սովորում. հետաքրքրասեր է, տիեզերքն իր տարերքն է. մանր-մունր մուլտեր է նկարում, մոնտաժում, էլեկտրո-երաժշտություն է սիրում: 

Ծնողական հեռավար ժողովն ավարտվեց: «Ուրեմն Արեգը «թույլ» է: Ուրեմն Արեգին սխալ եմ դաստիարակել, երբ ասել եմ՝ դասերի ժամանակ մեջ չընկնես, ընկերներիդ ու ուսուցչին չընդհատես, գնահատականի հետեւից չընկնես»,- ճակատի սառը քրտինքը ձեռքի ափով սրբելով՝ մտածեց Արեգի մայրը:

Մեկ ժամից Արեգի հեռավար դասն սկսվեց: Մեկուկես ամսվա մեջ մայրը ոչ մի անգամ սենյակ չէր մտել. մտածել էր՝ երեխան իր ներկայությունից կքաշվի, թող դասերն ինքնուրույն անի: 

Մայրն անաղմուկ մտավ սենյակ: Մաթեմատիկայի դաս էր. Արեգը խնդիր էր լուծում, մյուս աշակերտները՝ նույնպես: Հանկարծ մի քանիսը գրեթե միաձայն գոռացին՝ ես վերջացրի: Արեգը հիասթափված` գրիչը վայր դրեց: Ուսուցիչը գովեց Նարեին, Նարեկին, Լուսինեին, Համլետին, որոնք կես րոպե անց խնդիրը լուծել էին, մինչդեռ մյուս երեխաները դեռ չէին էլ համառոտագրել: 

Արեգի մայրը համակարգչի էկրանին նկատեց, որ կես րոպեում խնդիրը լուծած երեխաներն աչքի պոչով աջուձախ էին նայում ու ժպտում: 

Հաջորդն անգլերենն էր: Արեգը դեռ հոմանիշների առաջին սյունակը չէր գրել, երբ Նարեկը, Նարեն, Համլետն ու Գեւորգը 3-րդ շարքն էլ ավարտեցին ու էլի աչքի պոչով հաղթական աջուձախ նայեցին: Բնագիտության դասն առաջինը պատմեց Տիգրանը: Քամիների տեսակները թվարկելիս սխալվեց ու հենց համակարգչի առաջ գլխին մի ճլոտի կերավ: «Տիգրան ջան, քեզ չի սազում, դու ուժեղ աշակերտ ես, տեսա՞ր, հայրիկին բարկացրիր»,- ասաց ընկեր Մինասյանն ու Տիգրանի ճլոտու ցավը մեղմելու համար նրան 9 նշանակեց: Արեգի հերթը հասավ: Դասը պատմեց, հարցերին պատասխանեց ամփոփ ու հակիրճ՝ արժանանալով ուսուցչի անտարբեր հայացքին ու հազիվ մի 7-ի:  

Իսկ ռուսերենի ժամին, երբ ուսուցիչների ֆավորիտ Նարեկը ջրի պես պատմում էր փոքրիկ շնիկի արկածների մասին զվարճալի պատմությունը, կեսից ձայնն ընդհատվեց: Նարեկը շփոթված այսուայնկողմ նայեց, հետո պատմությունն սկսվեց ամենասկզբից՝ վերնագրից: Ձայնը նույն տեղից էլի ընդհատվեց, ու դարձյալ սկսեց վերնագրից: Արեգի մայրը հանկարծ անզուսպ քրքջաց: Նրա բարձր ծիծաղից ZOOM-ի էկրանին բոլորի դեմքերը զարմանքից քարացան: Իր տանը նստած, ծաղկեփնջերով, ոսկեզօծ կահ-կարասիով շրջապատված ռուսերենի ուսուցչուհի եւ 5 ա-ի դասղեկ Իրինա Պավլովնան ձեռքը խփեց սեղանին։ «Что за безобразие. Кто подсказывает тебе, Арег?»,- բղավեց նա: 

Արեգի խոշոր աչքերը կլորացան: Նա ահաբեկված նայեց մորը: Մայրը քրքջալով դուրս եկավ սենյակից ու մտավ խոհանոց: Ամուսինը սուրճ էր խմում: «Լսիր, մի քանի ժամ է՝ ZOOM-ով էնպիսի մի  ֆիլմ էի նայում՝ կոմեդիա, դետեկտիվ, տրագեդիա, թրիլլեր՝ բոլորը մի ֆիլմում: Վերջում էլ գլխավոր հերոսի ձայնագրությունը նույն տեղում մի քանի անգամ կանգնեց, նորից սկսվեց: «Ես «Օսկար» կտայի…»,- ծիծաղը սառած սուրճի կումերով ընդհատելով՝ ամուսնուն պատմեց կինը:  

Նաիր ՅԱՆ 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ