Օրվա իշխանությունները սահուն քայլերով գնում են իրենց ընտրած ճանապարհով

Օրվա իշխանությունները սահուն քայլերով գնում են իրենց ընտրած ճանապարհով

«Հրապարակի» զրուցակիցը քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն է:

- Չնայած նրան, որ Հայաստանի գործող իշխանությունները, մասնավորապես՝ վարչապետ Փաշինյանն իր առաջ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության խնդիր է դրել, իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ պնդեց, որ ոչ թե Հայաստանը, այլ ՀԱՊԿ-ն է Հայաստանից հեռացել, եւ դրան արձագանքեց ՌԴ ԱԳՆ խոսնակը, իսկ այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է Հայաստան, անգամ Եռաբլուր է գնացել՝ մեր նահատակների հիշատակը հարգելու:

- Այդ այցն ինձ համար անսպասելի էր: Երեկ տեղեկացանք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաեւ Ջերմուկ է գնացել: Ինձ մոտ տպավորություն կա, որ ՀԱՊԿ-ում որոշում են կայացրել՝ ինչ-ինչ քայլերով հայ հասարակության շրջանում համակրանքը վերականգնել: Իմ տպավորությամբ՝ ՀԱՊԿ-ում սկսել են տարանջատել Հայաստանի իշխանություններին հայ հասարակությունից եւ այժմ աշխատում են հասարակության վստահությունը վերականգնելու ուղղությամբ: Համենայնդեպս, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի կողմից իրականացվող բոլոր քայլերն այդ մասին են վկայում: Դա ամենեւին չի նշանակում՝ ՀԱՊԿ-ի հարաբերությունները պաշտոնական Երեւանի հետ կարգավորվել են, ու խնդիրները հաղթահարվել են: Բոլորովին վերջերս ականատես եղանք, որ պաշտոնական Երեւանը հրաժարվեց ՀԱՊԿ-ի փոխքարտուղարի քվոտայից: Նիկոլ Փաշինյանն էլ իր վերջին ասուլիսի ժամանակ մեղադրանքներ հնչեցրեց ՀԱՊԿ-ի հասցեին՝ ասելով, որ ոչ թե մենք ենք ՀԱՊԿ-ից հեռանում, այլ ՀԱՊԿ-ն է մեզնից հեռացել: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կարծես հակադրվում է նաեւ սրան: Սրանով նա էմոցիոնալ ֆոն է ապահովում՝ ուղերձ հղելով հայ հասարակությանը, որ ՀԱՊԿ-ն Հայաստանից չի հեռանում:

- Ինչո՞ւ է ՀԱՊԿ-ն իր առաջ հայ հասարակությանն ինչ-որ բան ապացուցելու խնդիր դրել: Ի՞նչ է տալու դա ՀԱՊԿ-ին: Թվում է՝ Հայաստանը մի փոքրիկ երկիր է, պատերազմում պարտված, բազում խնդիրների մեջ թաղված….

- Հայաստանը գտնվում է աշխարհաքաղաքական մրցակցության կիզակետում: Բոլոր ուժային կենտրոններն այժմ փորձում են իրենց դիրքերն ամրացնել Հայաստանում` լուծելով որոշակի խնդիրներ: Այս իմաստով ՀԱՊԿ-Հայաստան հարաբերությունների խզումը` ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը մեծ հարված է հենց նույն ՀԱՊԿ-ին` տարածաշրջանային անվտանգության համակարգին: ՀԱՊԿ-ն տարածաշրջանում մնալու համար պայքարում է: Որքան ՀԱՊԿ-ն է անհրաժեշտ Հայաստանին, այդքան էլ Հայաստանն է ՀԱՊԿ-ին անհրաժեշտ` անվտանգության տեսանկյունից: ՀԱՊԿ-ի համար կարեւորը տարածաշրջանն է, սակայն Հայաստանը հանդիսանում է ՀԱՊԿ անդամ պետություն: Ադրբեջանին ու Վրաստանին միանալու հեռանկար այս պահին ՀԱՊԿ-ն չունի, այդ իսկ պատճառով էլ Հայաստանին ամեն կերպ փորձելու են պահել ՀԱՊԿ-ի շրջանակներում:

- Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ից դուրս գալուց հետո ինչպե՞ս է պատկերացնում իր եւ երկրի անելիքները: Հաջորդիվ ի՞նչ կարող են անել իշխանությունները:

- Նրանք իրենց քայլերն ակնհայտորեն ցույց են տալիս: Մի կողմից՝ հրաժարվում են ՀԱՊԿ-ի զորավարժություններից, փոխարենը Հայաստան են բերում ԵՄ դիտորդներին: Սրանք՝ բոլորը, ակնհայտ քաղաքական վեկտորի փոփոխության նշաններ են: Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ ԵՄ դիտորդներ Հայաստան բերելը ոչ միայն խնդիրներ է առաջացնում Ռուսաստանի հետ, այլեւ՝ Իրանի հետ: Այս ամենը լավ հասկանալով՝ օրվա իշխանությունները սահուն քայլերով գնում են իրենց ընտրած ճանապարհով, ինչն ինձ մոտ կասկածներ է առաջացնում, որ կա հստակ որոշում՝ Հայաստանը դեպի Արեւմուտք տանելու:

- ԵՄ դիտորդական առաքելությունն ի՞նչ խնդիրներ է առաջացնում Իրանի համար:

- Իրանը տասնամյակներ շարունակ դեմ է եղել իր սահմաններում արեւմտյան ռազմական ներկայությանը: Արեւմուտքն Իրանի համար լուրջ սպառնալիք է: Հիմա, երբ կա նման ռազմական ներկայություն Հարավային Կովկասում, սա նշան է, որ Արեւմուտքը ռազմական առումով մուտք է գործում տարածաշրջան, իսկ թե հետո ինչպիսի զարգացումներ կլինեն, սա էլ արդեն ռիսկերից է կախված, որոնք հաշվարկում է Իրանը: Իրանն Արեւմուտքին սպառնալիք է համարում: Մենք Պարսից ծոցում հաճախ փոխհրաձգությունների ենք ականատես լինում, սակայն Իրանը դրանից խուսափում է Հարավային Կովկասում:

- Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ ընդունել էր նաեւ «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության հիմնադիր նախագահ եւ ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Ի՞նչ հանդիպում էր այն` Ձեր գնահատմամբ:

- Այն, որ Ռասմուսենը Հայաստան է գալիս ու պրոհայկական հայտարարություններ է անում, սա եւս հասարակության վրա ազդելու պայքարի մեխանիզմ է: Արեւմուտքը եւս իր առջեւ նման խնդիր է դրել: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը Հայաստանում ակտիվ մրցակցության մեջ են: Դա շատ ակնհայտ է: Ամեն մեկն իր հերթին փորձում է հայամետ հայտարարություններ անել: Փաստացի, մրցակցությունն այսօր Հայաստանում ակտուալ է` Արեւմուտքի եւ Ռուսաստանի համար: Երկուստեք ինչ-որ քայլեր են անում, սակայն Ռուսաստանն ունի խնդիր գործընկերային հարաբերություններում, Արեւմուտքն այս իշխանությունների հետ կարծես այդ խնդիրը չունի: Ռասմուսենին նման ձեւով ընդունելը դրա վառ ապացույցն է:

- Արեւմուտքի եւ Ռուսաստանի մրցակցությունը Հայաստանում ի՞նչ կարող է տալ մեզ:

- Դա կախված է նրանից, թե Հայաստանը որ ուղղությամբ կգնա: Եթե, այնուամենայնիվ, արտաքին քաղաքական վեկտորը Հայաստանում փոխվի, ապա կարող են մեզանում լուրջ ռիսկեր առաջանալ` տնտեսության եւ անվտանգության տեսանկյունից: Պետք է իշխանությունները բալանսավորված որոշումներ ունենան: Եթե կարողանան բալանսավորել իրենց առջեւ դրված խնդիրները, ապա չեմ բացառում, որ Հայաստանը կարող է այդ մրցակցությունից օգուտներ քաղել: Հայաստանը միջազգային հարթակներում կարող է դառնալ ավելի մեծ սուբյեկտայնություն ունեցող երկիր: Սակայն ինձ համար օգուտներ քաղելու պահը կասկածելի է, քանի որ Ադրբեջանի կողմից կա ուղիղ ճնշում Հայաստանի վրա: