Գաղթականի ճակատագիր
ԱՄՆ-ից օրերս Հայաստան ժամանած ընկերս պատմում է, որ վերջին մեկուկես տարվա ընթացքում ավելի շատ հայաստանցի է Կալիֆորնիա` բնակության մեկնել, քան նախորդ 15 տարում: Լոս Անջելեսի հայ համայնքն ուղղակի չի հասցնում տեղավորել Հայաստանից ժամանած հայրենակիցներին, որոնք ամենատաժանակիր ճանապարհով ու անպատմելի զրկանքների գնով հասնում են Ամերիկա` Հայաստանում տունուտեղ վաճառելով, Մեքսիկայում եւ այլ էկզոտիկ երկրներում ժամանակավոր հանգրվան գտնելով, փախստականների ճամբարներում ապրելով, անասելի նվաստացումների ենթարկվելով: ԱՄՆ-ում էլ նրանց դրախտ չի սպասվում, այլ դժվարին ու չարքաշ ճանապարհ` ինչ-որ ժամանակ անց քիչ թե շատ տանելի կյանքով ապրելու համար:
Մեր հայրենակիցներից շատերը երկար ամիսներ «սեւ աշխատուժ» են դառնում` գրոշներով աշխատելով, կենցաղային վատ պայմաններում մի կերպ գոյատեւելով: Եվ միայն քչերին է հաջողվում ԱՄՆ կոչվող մեծ հնարավորություններով պետության մեջ դառնալ լիարժեք քաղաքացի ու օգտվել այդ հնարավորությունների ողջ սպեկտրից: Այդ դեպքում, կհարցնեք դուք` ինչո՞ւ են մեկնում, այդքան զրկանքներ կրում: Ընկերս բացատրում է` գալիս են, որպես կանոն, տղա երեխա ունեցողները, որոնք իբրեւ թե որդիներին փրկում են պոտենցիալ պատերազմին մասնակցելու հեռանկարից եւ զոհվելուց, բայց ԱՄՆ-ում նրանց մի մասը նույնպես «կործանվում է»` թմրամիջոցներ, հանցավոր խմբավորումների մեջ ներքաշվել, սեռափոխություն: Դրան գումարած՝ օտար միջավայրում չհարմարվելու, չկայանալու ռիսկեր: Հիմա նաեւ գործազրկություն ու գնաճ կա երկրում, այնպես որ՝ «ավետյաց» երկրում ոչ պակաս «վտանգներ» են նրանց սպասվում: Բայց նրանք գնում են` փախչելով Հայաստանի անկայուն ու վտանգավոր իրականությունից, անորոշությունից, հեռանկարի բացակայությունից:
Կարծիքներ