ՌԴ պատասխանը՝ Շուշի չայցելելու մասին․ «Չենք մեկնաբանում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի ժամանակացույցը և այցերը»

ՌԴ պատասխանը՝ Շուշի չայցելելու մասին․ «Չենք մեկնաբանում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի ժամանակացույցը և այցերը»

Հուլիսի 9-10-ն Ադրբեջանի իշխանությունները դեպի Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ դիվանագիտական ներկայացուցչությունների մակարդակով այցելություն էին կազմակերպել, որին հրաժարվել էին մասնակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները՝ Ռուսաստանի Դաշնություն, Ֆրանսիայի Հանրապետություն, Ամերիկայի Միացյալ Նահանգներ։

Ադրբեջանական «Ազերի Դեյլի» կայքի հարցում է ուղարկել ՌԴ դեսպանատուն ու հետաքրքրվել՝ «Ինչու՞ Եռակողմ համաձայնագրի կյանքի կոչման երաշխավոր Ռուսաստանն անտեսեց Շուշի այցելելու հրավերը»:

ՌԴ դեսպանության մամուլի քարտուղար Ալինա Զոլոտարևան տվել է մի պատասխան, որը լրատվամիջոցի կողմից որակվել է որպես «չոր մեկնաբանություն» (a dry commentary)։ «Մենք չենք մեկնաբանում Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի ժամանակացույցը և այցերը», - եղել է դիվանագիտական կառույցի կարճ պատասխանը:

Ավելի վաղ ադրբեջանական «Հաքքին.az» կայքին պատասխանել էին նաև ԱՄՆ-ի և Ֆրանսիայի դեսպանատները։

«Մենք չենք մեկնաբանում դեսպանի [Միխայիլ Բոչարնիկովի] ժամանակացույցի վերաբերյալ մանրամասները կամ այն պատճառները, թե ինչու նա չի կարող այցելել որոշ միջոցառումներ: Ցանկանում ենք նշել, որ ուրբաթ օրը Բաքվում կային մի շարք դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ովքեր չկարողացան մեկնել Ֆիզուլի [Վարանդա] և Շուշի», - մասնավորպես եղել էր Միացյալ Նահանգների պատասխանը ։

«Դեսպանությունը չի մեկնաբանում դեսպանի ժամանակացույցը», - պատասխանել էր Ֆրանսիան։

Մինսկ խումբը ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններում միջազգային մանդատ ունեցող միջնորդական կազմակերպությունն է, և հավանաբար դա է պատճառը, որ երեք գերտերությունները մերժել են Շուշի այցելելու ադրբեջանական հրավերը։

Սակայն Շուշի այցելությունից չէին հրաժարվել Ավստրիայի, Բելառուսի, Բուլղարիայի, Բրազիլիայի, Չինաստանի, Աֆղանստանի, Ալժիրի, Պաղեստինի, Վրաստանի, Խորվաթիայի, Հորդանանի, Իսրայելի, Շվեդիայի, Շվեյցարիայի, Իտալիայի, Կոլումբիայի, Հարավային Կորեայի, Քաթարի, Լատվիայի, Հունգարիայի, Մալազիայի, Մեքսիկայի, Մարոկկոյի, Նիդերլանդների, Պակիստանի, Լեհաստանի, Սերբիայի, Սաուդյան Արաբիայի, Տաջիկստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Ճապոնիայի, Հունաստանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Չիլիի, Էստոնիայի, Իրաքի, Իրանի, Ղազախստանի, Լիտվայի, Լիբիայի, Ռումինիայի, Սլովակիայի, Սուդանի, Վենեսուելայի դեսպանները և Բելգիայի արտաքին գործերի նախարարության ժամանակավոր հավատարմատարը։

Օտարերկրյա դիվանագետներին ուղեկցել էր Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքական հարաբերությունների վարչության պետ Հիքմեթ Հաջիևը։

Երեկ Հայաստանի արտաքին գործերի գերատեսչությունը հայտարարություն էր տարածել, որ ԱԳՆ են հրավիրվել Հայաստանում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ։ «Հուլիսի 9-10-ը Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի օկուպացված տարածքներ կազմակերպված այցելությանը որոշ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների մասնակցության առնչությամբ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն են հրավիրվել համապատասխան դիվանագիտական առաքելությունների ղեկավարները։ Դեսպաններին է փոխանցվել նրանց երկրների կառավարություններին ուղղված հայտագրեր, որտեղ, մասնավորապես, նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը բացարձակապես անընդունելի է համարում Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների այցելությունն Արցախի օկուպացված տարածքներ, այդ թվում՝ Հադրութ և Արցախի պատմական կենտրոն՝ Շուշի քաղաք, որոնք ենթարկվել են էթնիկ զտումների, իսկ բնակչության նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրագործվել են պատերազմական հանցագործություններ և զանգվածային ոճրագործություններ։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի իշխանությունները նմանատիպ միջոցառումներով փորձում են օրինականացնել Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիան և ամրապնդել հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու սեփական պնդումները», - ասվում էր հայտարարության մեջ։

Ավելի վաղ Արցախի ԱԳՆ-ն իր տարածած հայտարարությամբ խստագույնս դատապարտել էր ադրբեջանական իշխանությունների կողմից Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական առաքելությունների աշխատակիցների այցի կազմակերպումը Արցախի Հանրապետության օկուպացված տարածքներ, այդ թվում՝ քաղաք Շուշի։ «Նմանատիպ գործողություններով Ադրբեջանը փորձում է ամրագրել 2020 թ. սեպտեմբերի 27-ին Թուրքիայի և միջազգային ահաբեկչական ու ծայրահեղական կազմակերպությունների անդամների աջակցությամբ Արցախի Հանրապետության դեմ իր կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի արդյունքները։ Եվս մեկ անգամ ընդգծում ենք, որ ներկայիս իրավիճակն Ադրբեջանի ապօրինի գործողությունների հետևանք է։ Ադրբեջանը կոպտորեն խախտել է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ինչպիսիք են ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, վեճերի խաղաղ կարգավորում, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հարգում, ժողովուրդների իրավահավասարության և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունք, ինչպես նաև միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարում», - նշված էր հայտարարության մեջ։