Արմեն Սարգսյանի հրաժարականը նման է քաղաքական բեմականացման 

Արմեն Սարգսյանի հրաժարականը նման է քաղաքական բեմականացման 

Արմեն Սարգսյանի՝ Հայաստանի նախագահի պաշտոնից հրաժարականը որոշ առումներով անսպասելի չէր ու ոչ էլ ինչ որ բացառիկ իրադարձություն էր։ Ի վերջո, եթե ավելի իրատեսական քաղաքականության դիրքերից նայենք, ապա Արմեն Սարգսյանը սիմվոլիկ ֆիգուր էր, ներկայացուցչական սիմվոլիկ լիազորություններով եւ չուներ ռեալ իշխանություն՝ երկրի ընթացքի վրա որեւէ կերպ ներգործելու։ Իհարկե, զուտ որպես ֆիգուր, ով ընդունված է դրսի էլիտաների կողմից, ունի լայն եւ ազդեցիկ կապեր, ազդեցություն ուներ, սակայն ֆունկցիոնալ առումով Արմեն Սարգսյանը կլինի նախագահ, թե Բաբկեն Թունյանենց հարեւան հայտնի Պողոսը, մեծ հաշվով միեւնույնն է։ 

Զարմանալի էր ոչ այնքան Արմեն Սարգսյանի հրաժարականը, որքան այն, որ նա այդքան երկար դիմացավ եւ աշխատեց գործող իշխանությունների հետ ու հիմա նաեւ այդ «դիմացկունության» համար է դառնում «թուք ու մուրի» թիրախ։ Քանի որ ինչ որ առումով Փաշինյանի՝ իշխանության ղեկին մնալու երաշխավորն էր դարձել։ Իրականում, Արմեն Սարգսյանը պետք է վաղուց հրաժարական տար՝ ասենք 2018-ի գարնանը, կամ 2020-ի նոյեմբերին կամ գոնե արտահերթ խորհրդարանական վերջին ընտրություններից հետո, կամ ծայրահեղ դեպքում այն ժամանակ, երբ արդեն հայտարարվեց անհասկանալի «խաղաղության դարաշրջանի» մեկնարկի մասին։ Այսօր արդեն էական չէ, թե ինչն է նրան մղել հրաժարականի, որոնք են շարժառիթները, որովհետեւ հրաժարականն ուշացած է։

Որովհետեւ եթե օրինակ պարզվի, որ անձնական խնդիրներով է պայմանավորված, ապա կլինի շատ ամոթալի՝ մորթապաշտության աստիճան ամոթալի։ Եթե պարզվի, որ նա հրաժարական է տվել, որպեսզի իր ստորագրությունը չդնի որոշ փաստաթղթերի տակ, որոնք կարող է իրեն պատմության անարգանքի սյունին գամեին, ապա նա կարող էր Փաշինյանի ասպանդակապահը չդառնալ տեւական շրջան, երբ իր իսկ ասած «ինքնության ճգնաժամի սրացման» ամենաթունդ փուլն էր Հայաստանում։ Ու որքան էլ Արմեն Սարգսյանը ձգտի իր հրաժարականի տեքստի առանձին դրվագները դարձնել քննարկման թեմա, ակամա սկսում ես մտածել, որ այստեղ գործ ունենք որոշակի պայմանավորված խաղի կամ քաղաքական բեմականացման հետ, որտեղ ամեն մեկն ունի իր դերը, բեմ մտնելու եւ բեմից դուրս գալու պահը։ Ու դա այնպես չէ, որ ներքին մակարդակի պայմանավորվածություն է։ Ոչ, Արմեն Սարգսյանի կալիբրի անձը «մանր ժուլիկության» հասնող գործարքների չէր գնա։ Սա ավելի գլոբալ քաղաքական խաղի մակարդակում է, որը նաեւ համահունչ է նրա կապերին ու ազդեցությանը՝ ի վերջո խոսում ենք արքայազն Չարլզի մտերիմի ու Ջո Բայդենի հետ «բարեւ բարի լույս տվող» մարդու մասին։