Հեղափոխականության մահը

Հեղափոխականության մահը

Նիկոլ Փաշինյանի իշխանությունից դժգոհներն ու  քննադատներն այսօր շատ են, նրանց կարելի է հաշվել տասնյակ հազարներով, ընդսմին՝ նրանցից յուրաքանչյուրը ճիշտ է յուրովի, սխալվում է յուրովի, չափազանցում է յուրովի։ Իշխանության քննադատների քաղաքական հատվածը լծված է Նիկոլի պատճառած քաղաքական, տնտեսական հատվածը՝ տնտեսական, հանրային հատվածը՝ հասարակական, ազգայնական հատվածը՝ ազգային ու անվտանգային վնասները հաշվառելու գործին, ինչը, ի դեպ, միանգամայն բնական է։

Սակայն եղած ու ակնհայտորեն դեռ լինելիք տարատեսակ վնասներից ամենածանրը թերեւս այն հարվածն է, որ Ն․ Փաշինյանն իր ապաշնորհ կառավարման, մշտապես ներհանրային սուր ու վտանգավոր իրավիճակներ առթող անխոհեմ վարքի եւ հեղհեղուկ հռետորաբանության պատճառով հասցրել է ոչ միայն քաղաքացուն, պետությանը, պետականությանը, ազգային անվտանգությանը, այլեւ․․․ հեղափոխությանը, ավելի ստույգ՝ հեղափոխության գաղափարին։ Նա կարճ ժամանակում կարողացել է մսխել հեղափոխությամբ ստացված գրեթե բոլոր պլյուսները, այլեւ տարօրինակ մի շնորհով դրանք վերափոխել մինուսների։ Եվ 2018-ի հեղափոխությամբ խանդավառվածների առնվազն ինտելեկտուալ հատվածը վաղուց հիասթափված է հեղափոխությունից, նույնիսկ քամահրանքով ու խորշանքով է վերաբերվում դրան։ 
Մինչդեռ մեզնից յուրաքանչյուրի մեջ նստած է հեղափոխականը․ մենք հեղափոխական ենք մշտապես, երբ սպասում ենք, որ կգա մեկը եւ կհեղափոխի մեր հոգին, միտքը, բանականությունը, կհեղափոխի մեր կյանքը։ Մարդն իր բնույթով հակված է մեկ հարվածով եւ մեկընդմիշտ իր կյանքի գլխավոր խնդիրները լուծելուն ու նպատակները նվաճելուն․ նա միշտ հակված է հեղափոխականության։ Եվ հեղափոխականությունը մարդու մեջ խորացած է այն չափով, որ նա կարող է ներել ցանկացած իշխանավորի քաղաքական, տնտեսական, հոգեւոր ու բարոյական ապիկարություններն ու նույնիսկ վնասարարությունները, սակայն չի ների նրան իր ներսի հեղափոխականին նսեմացնելու եւ ոչնչացնելու համար։

Նիկոլը ոչնչացրեց հազարավոր մարդկանց ներսի հեղափոխականին, աղարտեց եւ ի վերջո ապականեց հեղափոխության գաղափարը։

Եվ սա մեզնից (2018-ի հավատավոր ժողովրդից) անդարձորեն հեռացող հեղափոխականության ողբերգությունն է։ Սա հարվածներից ամենածանրն է, քանի որ վերջին երկու տարվա փորձառությունը մեզնից շատերին վերածել է․․․ հակահեղափոխականի։
Ահա թե ինչպես են պարտվում հեղափոխությունները․ նրանք պարտվում են նախ յուրաքանչյուրիս մեջ, որքան էլ «թավշյա», «ոչ բռնի» կամ մյուս մակդիրներով փորձենք հարություն տալ նրան։

Լեւոն ՍԱՐԳՍՅԱՆ