«Իմ քայլը» հրաժարվեց քննարկել գերիների հարցը

«Իմ քայլը» հրաժարվեց քննարկել գերիների հարցը

Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նստաշրջանը: Օրակարգի առաջին հարցով քննարկման դրվեց 2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության իրավաչափության հարցը, որի նախաձեռնությամբ հանդես էր եկել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը: Նախագծի զեկուցող Տարոն Սիմոնյանն ասաց, որ իրենք այս հարցը առաջարկել էին քննարկել դեռ հայտարարության ստորագրումից հետո` արտահերթ ռեժիմով, սակայն իմքայլականները չներկայացան նիստին:

Հիմա արդեն այդ հայտարարությամբ նախատեսված գրեթե բոլոր կետերը կյանքի են կոչվել, այդ թվում` Արցախից հայկական զորքը դուրս է բերվել, այսինքն` անիմաստ է քննարկել այդ հարցերը, ուստի Սիմոնյանն առաջարկեց քննարկել գերիների վերադարձի հարցը, որն ամենակարևորն է այս պահին մեզ համար և որը նախատեսված էր այդ հայտարարությամբ, սակայն Ադրբեջանը չի կատարել իր պարտավորվությունը:

«Իմ քայլից», սակայն, ասացին, որ այդ որոշման իրավաչափության հարցը քննարկելու ընթացակարգ ԱԺ կանոնակարգ օրենքը չի նախատեսում, ուստի չեն կարող քննարկել ԼՀԿ-ի առաջարկած հարցը:

Ի վերջո, ԱԺ նախագահի կողմից հարցը դրվեց քվեարկության, թե ովքեր են կողմ, որ այն քննարկվի, և կողմ եղավ 40, դեմ` 70 պատգամավոր: Արդյունքում որոշումը չընդունվեց, հարցը չդրվեց քննարկման: