Մաշալլահ կարդաշ Փաշինյան

 Մաշալլահ կարդաշ Փաշինյան

«Արցախի ընտրված ներկայացուցիչներ» արտահայտությունը կառուցողական Ալիևի համար էր՝ լսիր, կի՛րթ, նման արտահայտություն եղբայրը եղբոր համար չէր անի, բայց ես դա՛ էլ արեցի։

Արցախը ի՞նչ է․ ինչ որ մի հասարակական կազմակերպությու՞ն, էթնիկ մի խումբ մարդկանց միավորու՞մ, թե անկախ ժողովրդավարական պետություն։ Արցախը իշխանություն չունի՞, պետական կառույցներ չունի՞, բանակ չունի՞․․․ ՛՛Արցախի ընտրված ներկայացուցիչներ՛՛ բանաձևումով վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին հերթին ժխտեց Արցախի պետական ինստիտուտը՝ նախագահ, վարչապետ, Ազգային ժողով։ Արցախը համարեց պարզապես հայերով բնակեցված ինչ որ տարածք, որտեղ հայերն իրենց համար ընտրել են ներկայացուցիչ։  Սա է ողջ բովանդակությունը ու հենց սրա շուրջ է ընթանում բանակցությունը։ Էլ ինչպե՞ս բացատրի Փաշինյանը, թե ինչ բանակցություն է ընթանում։ Ադրբեջանից տեղահանվածները շուտով կբնակվեն Արցախում, ադրբեջանական ներկայացուցիչներն էլ արդեն ընտրված են, հավասարություն է դրված Ադրբեջանի ու Հայաստանի ներկայացուցիչների մեջ։  Կան Արցախի հայ ու Արցախի ադրբեջանական  ներկայացուցիչներ։ Արցախցին կասեր՝  էսքան տարվա մեր  ամագը ճուրը քիցեցիր։

Ես չգիտեմ Արցախից ինչպես կարձագանքեն, կգտնե՞ն բառեր՝ համարժեք պատասխան տալու, Արցախն իմ իմացած Արցա՞խն է ՝ հզոր, անհաղթ, կամային, թե՞ վերջին երկու տարում․․․ չեմ ուզում անգամ մտածել։ Իսկ Ալիևը հաստատ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մտովի ասած կլինի՝ մաշալլահ կարդաշ Փաշինյան։