Թալիշը գրավելու տեսանյութի կեղծիքը

Թալիշը գրավելու տեսանյութի կեղծիքը

Այս օրերին հայկական եւ ադրբեջանական լրահոսին հետեւող որեւէ անձ դժվար թե ի զորու լինի փոքրիշատե հասկանալ ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում, բացի նրանց, որ ընթանում են ռազմական գործողություններ եւ մարտերի հիմնական ծանրությունը Ֆիզուլի-Ջեբրաիլ ուղղությամբ է: Երկու կողմերն էլ տեսանյութեր են տարածում եւ թվեր են հայտարարում հակառակորդի սպառազինության եւ տեխնիկայի հսկայական կորուստների մասին` բացարձակ լռության մատնելով սեփական կորուստները:  Հայկական կողմը գոնե որոշ թվեր, անուն-ազգանուններ է հայտնում իր զինված ուժերի կորուսների մասին, ադրբեջանական կողմը դա էլ չի անում` բացարձակ ոչ մի զոհերի թիվ չի հայտնում: Փոխարենը հայկական կողմն էլ ադրբեջանական կողմն էլ չեն զլանում օրը մեկ-երկու անգամ հակառակորդի զոհերին հաշվել: 

Եվ իհարկե երկու կողմն էլ պաշտպանության նախարարություների մակարդակով որքան ասես տեսանյութեր են տարածում սեփական մարտական հաջողությունների, հակառակորդի մարդուժ, սպառազինություն, դիրքեր ոչնչացնելու, երբեմն նաեւ գրավելու մասին:  Ինձ թվում է երկու կողմում էլ իրենց իշխանությունների տարածած լուրերին հավատում են նրանք, ովքեր ամբողջ հոգով ցանկանում են դրանց հավատալ` որպես ենթագիտակցական փախուստ իրականությունից: 

Մինչդեռ լրագրողները, մանավանդ միջազգային լրատվամիջոցներում ոչ միայն բոլոր քարոզչանյութերին վերպահումով են մոտենում, այլեւ հնարավորինս ուշադիր են կողմերի` ոչնչով չստուգվող, առանձնապես վստահություն չներշնչող տեսանյութերը չտարածելու հարցում: Դրա համար էլ բավականին զարմացա, որ BBC-ի ռուսական ծառայությունը իր կայքում տեղադրել էր Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական տեսանույթը Թալիշ բնակավայրը գրավելու մասին: Համոզված եմ BBC-ի գրեթե ցանկացած լրագրող, խմբագիր, եթե շատ հոգնած չլիներ եւ մեկ անգամ գոնե ուշադիր նայեր տեսանյութը, վայրկենապես կնկատեր, որ այդտեղ չկա վավերական նկարահանում, կա միայն կադրերի մոնտաժ եւ նյութը խոտանը: 

Ինձ անգամ թվաց, որ Ադրբեջանի ՊՆ-ում ինտերնետից հասանելի հայկական աղբյուրների կադրերով էին տեսանյութը մոնտաժել: Օգտագործվել էին տարբեր բնույթի, տարբեր ժամանակներում նկարահանված կադրեր: Առաջին խմբում ակնհայտորեն ընթացող մեքենայից նկարահանած կադրեր են, որտեղ երեւում են բարձրադիր փողոցում իրար հաջորդող քարաշեն առանձնատներ` բոլորը ծանր վնասված, քանդված պատերով, փշրված ապակիներով: Դժվար է հավատալ, թե դա նկարվել է ուրիշ մի ժամանակ, քան 2016-ի ապրիլյան դեպքերի օրերին, կամ շատ չանցած: Կադրերը կարող են լինել հայկական աղբյուրներից, կարող են լինել եւ ադրբեջանցիների կողմից նկարված, քանի որ 2016-ին Ադրբեջանի զինված ուժերը, նրանց հետ նաեւ նկարահանող խմբերը մուտք գործել են Թալիշ:  

Երկրորդ խմբում երկու-երեք տիպային նորակառույց շինությունների կադրեր են, մեկը ցանկապատված է, պարտեզ ունի, վարչական շինություն է, մյուս երկուսը ավելի բնակելի տան նման են` թեթեւ վնասված պատուհաններով եւ պատերի վրա փամփուշտներից առաջացած անցքերով: Սա նկարահանվել կարող էր, իհարկե, շատ ավելի ուշ, Թալիշի վերակառուցումից հետո, եթե առհասարակ երեւացող բնակելի տներն իրոք Թալիշում են եւ այլ բնակավայրի կադրեր չեն:

Վերջապես երրորդ խումբ կադրերն են միայն, որ տեղանք են նույնականացնում` պուրակ է, որտեղ հայկական հուշակոթող է բարձրանում: Քայլուղու երկու կողմերում հայկական տուֆակերտ խաչքերեր են, խորքում բուն հուշակոթողը: Շատ խնամված պուրակ է, ռազմական գործություններից բացարձակ չտուժած, առանց ավերածության գոնե նշույլի: Բնականաբար, ընթացող ռազմական գործողությունների պարագայում այդպես լինել չի կարող: Դա խաղաղ ժամանակներում, գուցե հենց պուրակի բացման առիթով կատարած հայկական աղբյուրների նկարահանումների կադրեր են, որ Ադրբեջանի  ՊՆ-ն օգտագործել է իր տեսանյութի մեջ:

Գլուխգործոցն այն է, որ իբր Թալիշը գրաված, այնտեղ մուտք գործած ադրբեջանական բանակից, մարտիկներից, հրամատատարներից մեկը չի քայլում այդ պուրակի միջով, մոտենա հուշակոթողին, կամ կանգնի խաչքարի մոտ, որ այդ, ինչպես ժուռնալիստիկայում են ասում` stand by կադրից էլ, դիտողը եզրակացնի, թե Թալիշում ադրբեջական զինուժ է մուտք գործել: Եթե ադրբեջանցիները Թալիշ են գրավել, ապա ինչու են դատարկ, անմարդ պուրակը ցուցադրում` փոխարեն ցուցադրեն իրենց այդ պուրակում կանգնած կամ քայլելիս: Ո՞ւմ են Ադրբեջանի ՊՆ-ում հիմարի տեղ դնում: Սեփական ժողովրդի՞ն: Այդպես կարելի՞ է…  

Կամ եթե ադրբեջանական զինուժը հասել է Թալիշ եւ Ադրբեջանի դրոշն է պատրաստվում բարձացնել վարչական շինության վրա, այդ «նվիրական պահը»` դրոշը բարձացնելը, ինչու չի ցուցադրվում: Ինչ է նշանակում տեսանյութի սկզբում քայլող զինվորականների ձեռքին գտնվող դրոշ ցուցադրել, մեկ էլ եզրափակիչ կադրում հեռվից երեւացող շենքի վրա, երկրորդ հարկի հարթությունում, ուղղահայաց էլ չէ` հորիզոնական դիրքով գտնվող դրոշ: Այդպիսի մեռյալ կադր միայն մոնտաժով է հնարավոր ստանալ, դրոշի ստատիկ նկարը տեղադրելով շենքի կադրի վրա: 

Այդքան հիմար տեսանյութ: Եվ ինչպե՜ս BBC-ում գոնե մեկ անգամ ուշադիր չեն նայել, թե ինչ են տեղադրում կայքում: