Թեղուտի հանքավայրը «Վալլեքսից» խլելու եւ ՎՏԲ բանկին հանձնելու «դավադիր» առեղծվածը

Թեղուտի հանքավայրը «Վալլեքսից» խլելու եւ ՎՏԲ բանկին հանձնելու «դավադիր» առեղծվածը
Վլադիմիր Նալիվայկո

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, բացի հակահայկական լինելուց, պարզվում է՝ նաեւ հակահանքարդյունաբերական է։ Այն մասին, թե ինչպես եղավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի մի մասն անցավ Փաշինյանի վարչակազմին, շատ գրվեց, դրան առաջիկայում էլի կանդրադառնանք։ Պակաս ուշագրավ չէ, թե ինչպես Թեղուտի հանքավայրը շահագործող «Թեղուտ» ՓԲԸ-ն խլվեց «Վալլեքս» ընկերությունների խմբից եւ անցավ ադրբեջանական մասնաբաժնով ռուսական ՎՏԲ բանկի կառավարմանը։

Հիշեցնենք․ «Վալլեքս» ընկերությունների խմբի մեջ էին մտնում Armenian Copper Programme (ACP) (Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատ) ընկերությունը, «Թեղուտ» փակ բաժնետիրական ընկերությունը, որը շահագործում էր Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրը, Արցախի «Բեյզ Մեթլզ» ընկերությունը եւ այլն։ Այս բոլոր ընկերությունների սեփականատերը մինչեւ 2018 թվականը Վալերի Մեջլումյանն էր՝ Սերժ Սարգսյանին մերձավոր անձանցից մեկը։ Իշխանափոխությունից հետո կառավարության անգործության կամ, կարելի է ասել, թաքնված ջանքերի արդյունքում այս ընկերություններից առաջին երկուսը՝ ACP-ն եւ «Թեղուտ» ՓԲԸ-ն, պարտքի դիմաց անցան ՎՏԲ բանկի կառավարմանը, քանի որ «Թեղուտը» խոշոր վարկ էր վերցրել ՎՏԲ-ից, որպեսզի համաֆինանսավորեր կոմբինատի կառուցումն ու հանքի շահագործման աշխատանքները, եւ ինչ-որ պահից վարկերի սպասարկումը դժվարացել էր՝ համաշխարհային շուկայում պղնձի գների անկման պատճառով։ Մեջլումյանին էր պատկանում նաեւ Մոսկվայում գրանցված Vallex F.M.Est ընկերությունը, որի գույքը եւս բռնագանձվել է ՎՏԲ բանկի կողմից: «Թեղուտ» ՓԲԸ-ի եւ ՎՏԲ բանկի միջեւ վարկային պայմանագիրը կնքվել է 2008-ին, ապա նաեւ՝ 2011 թվականի նոյեմբերին, որի արդյունքում «Թեղուտ» ՓԲԸ-ին տրամադրվել է ընդհանուր 283 մլն դոլարի վարկ։ Բայց այս տարիներին, տարբեր գործոնների պատճառով, «Թեղուտը» հայտնվեց սնանկացման եզրին, եւ ՎՏԲ-ն կարողացավ վարկի դիմաց տանել Թեղուտի հանքավայրը։

Իսկ ինչ է տեղի ունեցել իրականում: Պարզվում է` ՎՏԲ բանկն ուշացրել է 2008-ին կնքված պայմանագրով նախատեսված վարկային միջոցների տրամադրումը «Թեղուտ» ՓԲԸ-ին, որի արդյունքում հանքը շահագործող «Վալլեքս» ընկերությունների խումբը հսկայական վնասներ է կրել։ Վարկի՝ ժամանակին չտրամադրելը ձգձգել է հանքի եւ կոմբինատի շինարարական աշխատանքների կատարումը, եւ կոմբինատը սկսել է աշխատել շուրջ 4 տարի ուշացումով՝ 2015-ից, այն դեպքում, երբ այդ միջոցների ժամանակին տրամադրումը հնարավորություն կտար 2010-ի վերջին մեկնարկել արդյունահանումը` համաշխարհային շուկայում պղնձի բարձր գների պայմաններում: Արդյունքում «Վալլեքս»-ը կորցրել է շուրջ 140 մլն դոլարի եկամուտ։

Այս ամենին զուգահեռ՝ հայտնվել է ՎՏԲ-ի պատրաստած «պարտքային ծուղակում», երբ ցածր գների պայմաններում վարկային պարտավորություններն արագ աճում էին` բարձր տոկոսների հաշվին։ Այդ ընթացքում բանկի եւ հանքը շահագործող ընկերության միջեւ այլ պայմանագրեր էլ են կնքվել, որոնք հիմնականում եղել են ճարահատյալ՝ արդյունքում էլ ավելի վատթարացնելով ընկերության ֆինանսական վիճակը եւ նրան ներքաշելով շատ ավելի խոր ծուղակի մեջ։

2017-ին ի հայտ եկավ նաեւ հանքի պոչամբարի խնդիրը։ «Թեղուտ» ՓԲԸ-ի պատվերով միջազգային ճանաչում ունեցող մասնագիտացված ըներություններն ուսումնասիրություն են կատարել հանքավայրում եւ արձանագրել, որ կա պոչամբարի պատվարի ամրացման եւ սեյսմիկ անվտանգության ու կայունության ապահովման անհրաժեշտություն։ Սրա մասին տեղեկացվել է ՎՏԲ բանկին՝ ակնկալելով որպես հիմնական վարկատու, համաձայնություն նշված անվտանգային միջոցառումներն իրականացնելու եւ ընդլայնման գործընթաց սկսելու համար, սակայն բոլոր դիմումները մնացել են անպատասխան:

Ու թեեւ որեւէ աջակցություն չի ստացվել բանկից, այդուամենայնիվ, «Թեղուտ» ՓԲԸ-ն, ելնելով բնապահպանական ռիսկերից եւ բնակչության առողջության ու կյանքի անվտանգությունը համարելով գերակա՝ 2018 թվականի հունվարի 12-ից կասեցրել է լեռնահանքային համալիրում հանքաքարի արդյունահանումն ու հարստացումը, քանի դեռ պոչամբարի ամրացման եւ անվտանգության խնդիրն ամբողջությամբ չի լուծվել։ Առաջացած խնդրի մասին 2018-ի հուլիսին «Վալլեքս» ընկերությունը պաշտոնական նամակներով դիմել է նաեւ ՀՀ կառավարությանը, սակայն որեւէ աջակցություն չի ստացվել։ Փաշինյանի կառավարությունը Մեջլումյանին յուրային չի համարել եւ որոշել է, որ նախկինների հեռանալով՝ նախկին տնտեսվարողներն էլ պետք է հեռանան:

Ուշագրավ է նաեւ այն, որ մինչ 2018թ. ապրիլյան իրադարձությունները, երբ Հայաստանում դեռ իշխանափոխություն տեղի չէր ունեցել, ՎՏԲ բանկն իր գործողություններում բավականին զուսպ է եղել, չի գնացել կտրուկ քայլերի: 2018-ի մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, ընդամենը մեկ ամիս անց ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինը հանդիպում է խնդրել վարչապետից եւ, ըստ էության, ստացել «դաբրո», որպեսզի սկսեն հանքը «Վալլեքսից» վերցնելու գործընթաց։ Ի դեպ, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, երբ 2011-ին կնքվել են ՎՏԲ բանկի եւ «Թեղուտ» ՓԲԸ-ի միջեւ վարկային պայմանագրերը, ՎՏԲ-ի Հայաստանի ֆինանսական գծով փոխտնօրենն էր, եւ տրամաբանական է, որ հանքավայրը «Վալլեքսից» խլելու եւ իր հարազատ բանկին հանձնելու հարցում կունենար շահագրգռվածություն։

2019-ի հունիսին հաղորդագրություն տարածվեց, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի հետ։ Ըստ հաղորդագրության՝ հանդիպման ժամանակ զրուցակիցները քննարկել են ՎՏԲ բանկի գործունեությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընդլայնելու հարցերը: Կոստինը ներկայացրել է Թեղուտի հանքավայրի գործարկման ընթացքը եւ հետագա անելիքները: Սա եւս հավաստումն էր այն բանի, որ ՀՀ կառավարությունը նպաստել է կամ առնվազն չի խոչընդոտել Թեղուտի հանքավայրը հայկական կապիտալով ընկերությունից խլելու եւ այն օտարերկրյա ու նաեւ ադրբեջանական կապիտալով բանկին անցնելու գործընթացին։


Մենք այս թեմայով գրավոր հարցում էինք ուղարկել «Թեղուտ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոյին: Մեր հարցերին պատասխանեցին ուշացումով, իսկ պատասխաններն ակնհայտ խուսափողական են եւ բովանդակային առումով ոչինչ չասող, որոշ դեպքերում` ուղղակի մերժողական։ Ահա այդ հարցուպատասխանը.

- Պարոն Նալիվայկո, Դուք անցյալ տարվա մայիսին հայտարարել էիք, որ Թեղուտի պոչամբարն ամբողջությամբ անվտանգ է, եւ այդ մասին կա բուլղարական «Գեոտեխմին» փորձագիտական ընկերության եզրակացությունը, համաձայն որի, ինչպես նաեւ նախորդ փորձաքննությունների եզրակացություններով՝ պոչամբարում խնդիր չկա, կան հնարավոր ռիսկեր։ Ի՞նչ ռիսկերի մասին էր խոսքը։

- Պոչամբարը լիովին անվտանգ է, բայց աշխարհում միշտ էլ կան ռիսկեր, որոնք կարող են ազդել աշխարհի, այդ թվում՝ մարդկային աշխատանքի արդյունք հանդիսացող ցանկացած կառույցի վրա՝ երկնաքարի անկում, համաշխարհային ջրհեղեղ, թշնամու հրթիռի հարված եւ այլն։ Ես հենց սա էլ նկատի ունեի։

- Ի՞նչ վիճակում են այսօր Թեղուտի հանքավայրի պոչամբարը եւ պատվարը, ո՞րն է պոչամբարի պատվարի սեյսմիկ ու դինամիկ կայունության ներկա մակարդակը։ Պոչամբարը վտանգ ներկայացնո՞ւմ է։ Արդյոք առկա՞ է պատվարի փլուզման վտանգ։

- Պոչամբարն ու պատվարը ձեւավորվում են նախագծային փաստաթղթերին խիստ համապատասխան։ Պոչամբարը շրջակա միջավայրի համար վտանգ չի ներկայացնում։

- Հրապարակումներ եղան, որ սկսել եք պոչամբարի պատվարի ամրացման աշխատանքները: Այս ընթացքում ի՞նչ է փոխվել: Ի՞նչ աշխատանքների մասին է խոսքը, ի՞նչ նպատակ են հետապնդում դրանք, արդյո՞ք  միտված են պոչամբարի պատվարի սեյսմիկ ու դինամիկ կայունության բարձրացմանը։ Ի՞նչ ժամկետներում պետք է կատարվեն, եւ որքանո՞վ է դրանց իրականացումն ապահովագրում հետագա հնարավոր աղետից: Արդյոք հակասություն չկա՞ Ձեր հայտարարությունների միջեւ։

- Պոչամբարի պատվարի կայունության ռիսկերը նվազեցնելու նպատակով իրականացվում է առաջնային պատվարի բեռնում՝ ժայռային ապարներով։

- 2018թ. օգոստոսից «Թեղուտ» ՓԲԸ-ի նկատմամբ վերահսկողությունը «Վալլեքս» խմբից անցել է ՎՏԲ խմբին (Բանկ ՎՏԲ ՀԲԸ ընկերությանը)։ Այնուհետեւ «Թեղուտ» ՓԲԸ կառավարումն անցել է Ձեր ընկերությանը: Խնդրում եմ նշել` «Թեղուտ» ՓԲԸ-ն ի՞նչ կարգավիճակով է անցել Ձեր ընկերությանը, ի՞նչ իրավահարաբերությունների մեջ է Ձեր ընկերությունը ՎՏԲ խմբի, ինչպես նաեւ օֆշորային գոտում գրանցված՝ «Թեղուտ» ՓԲԸ միակ բաժնետեր TIL ընկերության հետ: Արդյո՞ք ՎՏԲ խումբը հանձնել է «Թեղուտ» ՓԲ ընկերության կառավարումը Ձեր ընկերությանը՝ համապատասխան պայմանագրով։

- «Թեղուտ» ՓԲԸ-ն 100 տոկոսով պատկանում է TIL (Teghout Investments Limited) ընկերությանը։ Ես՝ որպես «Թեղուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն, չեմ հանդիսանում ո՛չ «Թեղուտ» ՓԲԸ-ի, ո՛չ Teghout Investments Limited ընկերության բաժնետեր եւ «Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարումն իրականացնում եմ ինձ հետ կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա՝ որպես վարձու աշխատող։

- Ովքե՞ր են «Թեղուտ» ՓԲԸ սեփականատերերը կամ բաժնետերերը (վերջնական շահառուները)։ ՓԲԸ վերջնական շահառուները ներգրավվա՞ծ են ընկերության անմիջական կառավարմանը, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ի՞նչ եղանակով։

- Նայեք վերոգրյալ պատասխանը։

- Որքա՞ն է կազմել ՎՏԲ բանկի հանդեպ «Թեղուտ» ՓԲԸ պարտքը (մայր գումարը) 2018 թ. օգոստոսի դրությամբ եւ որքա՞ն է այն կազմում այս պահի դրությամբ:

 - Տվյալ տեղեկությունը հանդիսանում է կոմերցիոն գաղտնիք։

- «Թեղուտ» ՓԲԸ-ն ջանքեր գործադրո՞ւմ է վարկը հնարավորինս արագ մարելու համար, ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այդ ուղղությամբ, արդյո՞ք «Թեղուտ»-ի կողմից շրջակա միջավայրի նախարարություն փորձաքննության ներկայացրած «Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի ընդլայնման եւ ժամկետի երկարացման նախագիծը» հենց այդ նպատակով է: Հայտնի է, որ ժամանակին «Վալլեքս»-ը եւս մտադիր էր ընդլայնում իրականացնել: Արդյո՞ք այդ ընդլայնումը կատարվում է նախկինում մշակված նախագծի հիման վրա, թե՞ ընկերությունն ունի իր նախագիծը։ Նախագծով լուծումներ նախատեսվո՞ւմ են պոչամբարի պատվարի սեյսմիկ ու դինամիկ կայունության մակարդակի բարձրացման ուղղությամբ, ինչպիսի՞։

- «Թեղուտ» ՓԲԸ լեռնահարստացման կոմբինատի հանքաքարի արդյունահանման եւ վերամշակման արտադրական հզորությունը՝ ՀՀ համապատասխան պետական մարմինների հետ սահմանված կարգով հաստատված եւ համաձայնեցված, կազմում է տարեկան 7 մլն տոննա հանքաքար։ Մոտ ապագայում լեռնահարստացման կոմբինատի արտադրական հզորության ավելացման ծրագրեր չկան։ Ընդերքօգտագործման պայմանագրի համաձայն՝ ներկայումս մշակվում է տարեկան 7 մլն տոննա հանքաքարի արդյունահանման նախագիծ, որի վերաբերյալ արդեն իսկ իրականացվել է հանրային լսումների երկու փուլ։ 2022 թվականի առաջին եռամսյակում նախատեսում ենք ավարտել տվյալ նախագծի մշակման եւ համաձայնեցման աշխատանքը։ Տվյալ նախագծի համաձայն՝ «Թեղուտ» ՓԲԸ-ն նախատեսում է ստանալ 80 մլն տոննա հանքաքարի արդյունահանման թույլտվություն, ինչը հնարավորություն կտա լեռնահարստացման կոմբինատում աշխատանքներ իրականացնել 12 տարի։