Իսկ ճշմարտությունը սա է կամ պատասխանի իրավունքով. ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը պատասխանում է Ռուզաննա Սեյրանյանի պնդումներին

Իսկ ճշմարտությունը սա է կամ պատասխանի իրավունքով. ԱՀ գյուղատնտեսության նախարարությունը պատասխանում է Ռուզաննա Սեյրանյանի պնդումներին

Հարգելի խմբագրություն, կարդացինք օգոստոսի 20-ին ձեր կայքում  հրապարակված՝ «ԱՍԱՑ՝ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ԵՆՔ ԱՊՐՈՒՄ, ՑԱՆԿԱՑԱԾ ՂԵԿԱՎԱՐ ԻՐ ՄԱՐԴՈՒՆ Է ԲԵՐՈՒՄ» վերտառությամբ հոդվածը, որտեղ մեր գերատեսչության նախկին աշխատակցուհի Ռուզաննա Սեյրանյանը ներկայացնում է իր պնդումներն այն մասին, թե ինչպես են Արցախում ոտնահարվել աշխատելու, արարելու իր սահմանադրական իրավունքները: Ու քանի որ հրապարակման մեջ սուբյեկտիվը, մեղմ ասած, շատ է և ընթերցողին թյուրիմացության մեջ գցելու վտանգ կա, որոշեցինք օգտվել մեր իրավունքից և հանդես գալ պատասխան հրապարակմամբ:

Եվ այսպես, նախ, Ռուզաննա Սեյրանյանին ոչ ոք աշխատանքից չի ազատել. հենց ինքն է նշում, որ օրենքի համաձայն, աշխատակազմի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը չորս տարի է, ինչից հետո գործատու կողմն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով աշխատանքային պայմանագիր կնքել ցանկացած անձի հետ: Հետևաբար, ի՞նչ է նշանակում՝ աշխատանքից ազատել են ոչ ճիշտ հիմնավորմամբ: Այստեղ օրենքի որևէ խախտում չկա, և մենք պատրաստ ենք նույնիսկ հրապարակել բոլոր փաստաթղթերը:

Եվ մինչ այսօր նրա աշխատանք չունենալը, մեծ հաշվով, նախարարության խնդիրը չէ: Չնայած, եթե Ռուզաննա Սեյրանյանը ցանկանա, կարող է և հիշել, որ իրեն աջակցություն է հայտնվել նոր աշխատանք գտնելու համար, ինչից նա կտրականապես հրաժարվել է:

Հարկ ենք համարում վստահորեն ընդգծել, որ Ռ. Սեյրանյանն իսկապես որևէ խնդիր չի ունեցել (և մինչ այսօր էլ չունի) ԳՆ ղեկավարության հետ: Բայց այ, ցավոք, նույնը չենք կարող պնդել ժամանակին իր ենթակայության տակ եղած աշխատակազմի մասին, որի հետ նա տևական ժամանակ բազմապիսի կոնֆլիկտներ ուներ:

Ինչ վերաբերում է «Նոր նախարարը հենց նշանակվեց, ինձ բոլորը զգուշացնում էին՝ ինքը քո հետ չի աշխատելու» նախադասությանը, այստեղ պարզապես խնդրում ենք  իր մատնանշած բոլորի փոխարեն, թող մատնանշի մեր գեթ մեկ աշխատակցի: Ի վերջո, Սեյրանյանն ի պաշտոնե և օրենքով նախարարի անմիջական ենթակայության տակ չէր գտնվում (որպես ՍԱՊԾ աշխատակազմի ղեկավար) և գոնե այդքանով նրանց մեջ չէին կարող լինել անմիջական աշխատանքային հարաբերություններ ու առնչություններ:

Միանգամայն անհասկանալի է «Մրցույթի մասով չէի ուզի մանրամասնություններ ներկայացնել, քանի որ սրանք ավելի շատ ենթադրություններ են» նախադասությունը։ Որքան էլ ճգնեցինք, չկարողացանք հասկանալ, թե ինչ էր ուզում ասել մեր նախկին աշխատակցուհին: Ի վերջո, մենք չէ, որ մասնագիտությամբ իրավաբան Ռ. Սեյրանյանին պետք է խորհուրդ տանք, որ նման դեպքերում, երբ համարում եք, թե խաթարված են ձեր իրավունքները, դատարան դիմելն այլընտրանք չունի: Եվ առնվազն անհասկանալի են ԱՀ ՄԻՊ-ին ու դատարան դիմելուց հետո խնդիրը հանրայնացնելու փորձերը: 

 Եվ վերջում՝ 

-Փորձեցինք կապ հաստատել ԱՀ գյուղատնտեսության նախարարության հետ, սակայն չստացվեց,- ասում է հրապարակման հեղինակը, մինչդեռ նա կարող էր կապ հաստատել ԱՀ ԳՆ առնվազն մեկ տասնյակ պատասխանատուների հետ, ովքեր մշտապես հասանելի են, իսկ մեր հեռախոսահամարներն էլ  յուրաքանչյուրը կգտնի մեր կայքում: 

Իսկ եթե նույնիսկ հեռախոսակապն, անգամ, հուսալի միջոց չէր, մեզ հետ, հո, կարո՞ղ էիք կապվել մեր ՖԲ էջի միջոցով:

Հարգանքով՝  Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

ՀԳ Հոդվածի հեղինակը լրագրող Կարեն Մարտիրոսյանն է, ով օրվա ընթացքում մի քանի անգամ փորձել է կապվել նախարարության հետ՝ կայքում հրապարակած հեռախոսահամարներով, սակայն չի ստացվել՝ երբեմն զանգ չի գնացել, իսկ երբ գնացել է՝ պատասխանող չի եղել։

Հեռախոսային խոսակցությունները վերծանումները ապացուցում են դա։ Ինչ վերաբերում է ֆեյսբուքով կապվելուն, ապա անգամ եթե դա նոր ժամանակների իրողություն է եւ մեր պաշտոնյաները ողջ օրն անց են կացնում ֆեյսբուքում, սակայն լրագրողը պարտավոր չէ սոցկայքերում փնտրել եւ դրանց միջոցով կապ հաստատել նախարարությունների հետ։