Մենք չենք կարող վերադառնալ գետնափոր տնակներին, բայց պետք է կառուցել ճիշտ

Մենք չենք կարող վերադառնալ գետնափոր տնակներին, բայց պետք է կառուցել ճիշտ

Վերջին 3 տարիներին Հայաստանում և հարակից տարածքներում ավելացել է սեյսմիկ ցնցումների քանակը․մինչև դեկտեմբերի 7-ը գրանցվել է 1422 երկրաշարժ, նախորդ տարի՝ 1394, 2017-ին՝ 1131։ Արցախի տարածքում, համապատասխանաբար, ըստ տարիների՝ 72,48,19։ Թվերը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության տնօրենի գլխավոր խորհրդական, երկրաբանական գիտությունների թեկնածու Հրաչյա Պետրոսյանը՝ ներկայացնելով, թե Հայաստանի սեյսմիկ վիճակն ինչպիսին է, ինչ ռիսկեր կան։ Մխիթարականն այն է, որ միջին ուժի ցնցումների քանակը չի աճել։Նախորդ տարի  ավարտվել է Հայաստանում սեյսմիկ երկարաժամկետ վտանգի կազմումը՝ Համաշխարհային բանկի ֆինանսական ու տեխնիկական աջակցությամբ։ Քարտեզում նշված են սեյսմիկ վտանգի առումով առավել վտանգավոր գոտիները։ Ֆելիքս Ցոլակյանը այդ քարտեզը հանձնել է Քաղաքաշինությության պետական կոմիտեի նախագահ Վերմիշյանին։

Սեյսմիկ վտանգը, ըստ Պետրոսյանի, պարտադիր մտնում է կառուցապատման փաստաթղթերի ցանկում։

Անդրադառնալով Երևանում կառուցվող 16 հարկանի շենքերի սեյսմակայանության վտանգներին, Պետրոսյանը նշեց, որ ըստ Հայաստանում սեյսմակայուն շինարարության նորմերի՝ մենք կառուցել ենք մինչև 16 և մինչև 18 հարկանի շենքեր՝ կախված կառուցվածքային առանձնահատկություններից։

«Նոր նորմերն ընդունված չեն, բայց շուտով կընդունվեն, թույլատրում են կառուցել մինչև 24 հարկանի շենքեր։ Բայց Ձեր հարցը վերաբերում է սեյսմիկ վտանգ պարունակող շենքերին։ Տեսեք՝ կան շատ ավելի մեծ սեյսմիկ վտանգ ունեցող երկրներ՝ Չինաստան, Ինդոնեզիա, Ժապոնիա, Մալազիա, բայց այնտեղ կառուցվում են 50-60, 70 հարկանի շենքեր։ Հարցն այն է, որ կարելի է կառուցել համապատասխան սեյսմակայունությամբ։ Մենք չենք կարող վերադառնալ գետնափոր տնակներին,Չարենցի՝ մթում կորած խրճիթներին, որոնցում հիմա ոչ ոք չի ապրում։ Հիմա պետք է կառուցել խելքով և ճիշտ»,-ասում է Հրաչյա Պետրոսյանը։

Նշենք, որ նախորդ Հայաստանում ԳԱԱ -ի և Սեյսմիկ պաշտպանության համատեղ ջանքերով անցկացվել է միջազգային մեծ գիտաժողով, որին մասնակցել են համաշխարհային գիտնականներ։Հրաչյա Պետրոսյանը նշեց, որ ԱԻՆ-ը այս տարվա մեջ կազմակերպելու է 991 միջոցառում, բոլորն էլ ուղղված են սեյսմիկ վտանգի դեպքում մարդկանց իրազեկմանը։