Փաստաբանները դատական համակարգում փոփոխություն չեն նկատում

Փաստաբանները դատական համակարգում փոփոխություն չեն նկատում

Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց հետո բազմիցս խոսել է դատական համակարգի բարեփոխման, վեթթինգի ենթարկելու, ինչպես նաեւ պատվեր կատարող դատավորներից ազատվելու մասին։ Հաճախ նրա ձեւակերպումները դատավորների, դատական համակարգի վերաբերյալ կոպիտ են եւ անհասցե՝ հանրությանը հայտնի չդարձան «նախկին իշխանության պատվերները կատարող», «պատերի տակ վնգստացող» եւ «տերեր ման եկող դատավորների» անունները։ Սակայն մեկ բան հստակ կարող ենք արձանագրել․ հեղափոխությունից հետո նույն դատավորները, որոնք տարիներ ի վեր աշխատել են եւ կատարել օրվա իշխանությունների պատվերը, շարունակում են պաշտոնավարել։ Պարզապես մի քիչ ծանրաբեռնվածությունն է մեծացել։ Բայց նոր ժամանակներում ծանրաբեռնված աշխատում են ոչ միայն դատավորները, այլեւ փաստաբանները, որոնք ժամանակին բողոքում էին գործերի քչությունից, իսկ հիմա «քիթ սրբելու» ժամանակ չունեն։

Քաղաքացիական գործերով փաստաբան Գեւորգ Գյոզալյանը նշում է, որ իրավաբանական շուկան լցվում է, իսկ իր մոտ, նախորդ տարիների համեմատ, դիմողների առումով ոչինչ չի փոխվել․ «Այս տարի որոշակի փոփոխություն է եղել փաստաբանական գործունեության շուկայում։ Թե՛ այն ժամանակ, թե՛ հիմա իմ մոտ դիմողների պակաս չի եղել, մասնավորապես՝ իմ մոտ եղել է այն լիմիտը, որ դրանից ավելի ես գործ չեմ վերցրել, եւ այդ լիմիտը երբեք չի պակասել՝ թե՛ նախկին իշխանությունների, թե՛ ներկա իշխանությունների օրոք»։

Ինչ վերաբերում է դատական համակարգի բարեփոխումներին, փաստաբանը կարծում է, որ այդ առումով իշխանությունն անգործություն է դրսեւորում․ «Քանի մենք հեռանում ենք ապրիլյան հայտնի իրադարձություններից, այնքան ավելի միֆ է դառնում այդ բարեփոխում կոչվածը։ Քանի կառավարությունն ունի ժողովրդի այն մանդատը, որը տվել է ժողովուրդն իրեն ու ընդ որում՝ բավականին արտահայտիչ ձեւով, նրանք անհապաղ պետք է սկսեին դատական համակարգի բարեփոխումներից։ Վարչապետի արած հայտարարությունը՝ համակարգի դիմադրության հետ կապված, ամբողջովին իրականություն է, դիմադրող համակարգում փորձել էվոլյուցիոն ճանապարհներով հարցերը լուծել, ակնհայտորեն բերելու է կրախի։ Ես կարծում եմ՝ կառավարությունն այս առումով ակնհայտ անգործության մեջ է, խոսքերից այն կողմ չեն անցել, տարաբնույթ տերմիններ են նետվել հրապարակ։ Այ հարգելիներս,  այդ բառերից ինքս բավականին արդեն հոգնել եմ, գործ է պետք անել»։ ԲԴԽ նոր կազմի վերաբերյալ էլ փաստաբանը վաղ է համարում գնահատական տալը․ «Նախկինում մենք պայքարում էինք վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի դեմ, ինքս բազմաթիվ ակցիաների մասնակից եմ եղել, բայց Արման Մկրտումյանին հանեցին, տեսնում ենք, որ վճռաբեկ դատարանում ոչինչ չփոխվեց, եկավ երկրորդ Արման Մկրտումյանը։ ԲԴԽ գործունեության գնահատականը վաղ է տալ, որովհետեւ ես չեմ տեսել։ Մինչեւ ԲԴԽ հասնելը մենք ունենք կարգապահական հանձնաժողով եւ ունենք արդարադատության նախարարություն․ երկուսի գործունեությունից էլ ահավոր դժգոհ եմ։ Ես չեմ տեսել, որ էն դատավորները, որոնք ամեն օր օրենք են խախտում, լինեն մարմինների թիրախում, կամ նրանց վերաբերյալ որոշումներ լինեն»։

Կա՞ այժմ քաղաքական պատվեր դատավորներին, Գյոզալյանը կարծում է՝ գուցե վարչապետի մակարդակով չկա, բայց կան կորպորատիվ թաքնված շահեր․ «Կարող է ինչ-որ մի նախարարությունում ինչ-որ մի փոխնախարար, որը մտերիմ է դատավոր Պողոսի հետ, այդ պատվերն իջեցնի։ Մենք պետք է լուծենք պատվեր կատարողների հարցը, պատվեր իջեցնողներ ամեն զարգացած երկրում էլ հնարավոր է լինեն, եթե նման հնարավորություն լինի։ Մենք պետք է այդ հնարավորության դեմն առնենք։ Այս առումով ինձ չի մխիթարում, թե պատվեր չկա․ դա էլ հարց է՝ պատվեր կա՞, թե՞ չկա»։

Քրեական գործերով զբաղվող փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն ասում է․ «Գլոբալ առումով փոփոխություն չեմ նկատել, այն դատավորները, որոնք իրական արդարադատություն են իրականացնում, շարունակում են իրականացնել, ովքեր որ եղել են ոչ օբյեկտիվ դատավորներ, ավելի շատ դատախազության ներկայացրած մեղադրանքի հաստատումն են իրականացրել, նրանք էլ շարունակում են նույն գործելաոճով աշխատել»։

Հարցին, թե վարչապետի հայտարարություններն ազդեցություն չե՞ն ունենում դատավորների վրա, պատասխանեց․ «Ես չեմ տեսնում այդ ազդեցությունը, գուցե բացասական առումով ազդած լինեն այն դատավորների վրա, որոնք հակված էին կատարելու գործադիրի ներկայացրածը կամ ցանկացածն ավելի հաճույքով են սկսել կատարել»։ Սիմոյանի մոտ եւս հեղափոխությունից հետո դիմողների թվի ո՛չ ավելացում է եղել, ո՛չ էլ նվազում։ «Իմ գործերի քանակն այնքան է, որքան եղել է նախկինում»,- եզրափակեց նա։