Առուշ Առուշանյանի հաղթանակի գաղտնիքը

Առուշ Առուշանյանի հաղթանակի գաղտնիքը
Առուշ Առուշանյան

Կիրակի  տեղի ունեցած ընտրությունների արդյունքները շոկային էին ինչպես իշխանության, այնպես էլ, թերեւս, խորհրդարանական ընդդիմության համար։ Սյունիքի մարզում Փաշինյանի կուսակցությունը հաղթեց միայն Տեղ համայնքում, որովհետեւ թեկնածուն մարզպետի քրոջ որդին էր, իսկ Տաթեւում թեեւ առաջատարն են, բայց չեն հաղթահարել 50 տոկոսի շեմը եւ միայնակ իշխանություն չեն կարող ձեւավորել: Ճիշտ է` Մեղրիում Փաշինյանի հարազատ Արամ Զավենիչ Սարգսյանի թիմակիցը, ով նաեւ ջերմ կապեր ունի ՔՊ-ի հետ, դե ֆակտո կդառնա իշխանական թեկնածուն, իսկ Գյումրիում էլ ՔՊ-ն երկրորդ տեղում է, եւ հնարավոր է «Բալասանյան դաշինքի» հետ «դաշինք» կազմեն, բայց փաստ է, որ իշխող կուսակցությունը պարտություն է կրել, մանավանդ` Գորիսում, որտեղ փայլուն հաղթանակ գրանցեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր, բանտում գտնվող Առուշ Առուշանյանը:

Ոմանք եզրակացրին, որ սա ապացույցն է այն բանի, որ խորհրդարանական ընտրությունները կեղծել են, մի մասն էլ հուսավառվեց, թե հունիսյան ընտրություններից հետո մարդիկ հասկացել են իրենց սխալը, եւ Փաշինյանի իշխանությունը փլուզվում է: Եղան մարդիկ, որ դա պայմանավորեցին բացառապես Առուշանյանի անձով եւ քննադատեցին Ռոբերտ Քոչարյանին, որ եթե նա չմտներ պայքարի մեջ, Նիկոլը չէր վերընտրվի։

Մինչդեռ իշխանությունը Գորիսում էր կենտրոնացրել բոլոր ռեսուրսները` բյուջեից մարզին մեծ գումարներ էին տրամադրվել՝ սոցիալական աջակցության անվան տակ որպես ընտրակաշառք բաժանելու համար, մեծ թիմ էին գործուղել եւ հարյուրավոր ոստիկաններ։ Ընտրությունների օրն էլ ողջ օրն ահազանգեր էինք ստանում, թե ինչպես են կարմիրբերետավորներ Առուշանյանի կողմնակիցներին բերման ենթարկում, աչք փակում իշխանականների թույլ տված խախտումների վրա՝ ընդհուպ մինչեւ գումար բաժանելու ահազանգեր, իսկ օրվա երկրորդ կեսին ուղղակի գրավեցին ընդդիմադիր թեկնածուի շտաբը․ պարզվեց՝  Առուշանյանի հոր դեմ դեռեւս հոկտեմբերի 16-ին իբր ընտրակաշառք բաժանելու հիմքով քրգործ է հարուցվել, եւ դատարանը խուզարկություն անելու թույլտվություն է տվել։ 4-5 ժամ շարունակ հատուկջոկատայինները մնացին Առուշանյանի շտաբում՝ պատանդ պահելով վերջինիս կողմնակիցներին, եւ իրենց անելիքն ավարտեցին ընտրությունների ավարտին զուգահեռ։ Սակայն անգամ այսքան անթաքույց ճնշումներից հետո Առուշանյանի հաղթանակը ձախողել չհաջողվեց, եւ իշխանության թեկնածու Վլադիմիր Աբունցը կրկնակի պակաս ձայն ստացավ, քան Առուշ Առուշանյանը։

Վերջինիս օգտին քվեարկեց 6 հազար 269 ընտրող կամ 60,28%-ը, ՔՊ թեկնածուի օգտին` 3 հազար 568 մարդ կամ 34,3%-ը։ Երրորդ ուժը՝ Հայ ազգային կոնգրեսը, ստացել է 282 ձայն կամ 2,7%-ը։ 
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը, որ ընտրությունների օրը Գորիսում էր, երեկ իրենց դաշինքին ու առաջնորդին ուղղված քննադատություններին ի պատասխան հայտարարեց․ «Նախ՝ չմոռանանք, որ Առուշ Առուշանյանը «Հայաստան» դաշինքի թեկնածու է, այսինքն՝ դաշինքի մաս է կազմում, եւ չես կարող ասել, որ դաշինքի հետ կապ չունի։

Բացի այդ, եկեք համեմատենք հունիսի 20-ի եւ կիրակի օրվա ընտրությունների մասնակցության ցուցանիշը․ ակնհայտ է, որ խորհրդարանականին մասնակցությունը շատ ավելի մեծ է, ուստի եթե այդ թվից հանում ենք շրջիկ քվեարկողներին, որոնց պտտեցնում էր իշխանությունը, կամ զորքին, ապա պատկերը կլինի մոտավորապես նույնը, ինչ հիմա է արձանագրվում»։ Պատգամավորը շեշտեց, որ այլեւս փաստ է, որ ե՛ւ բանակն է քվեարկել իշխանության օգտին, ե՛ւ շրջիկ խմբեր են ունեցել։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Գյումրիում եւ Մեղրիում ՔՊ-ն եւս պարտվել է․ «Բալասանյանը մեր դաշինքի հետ բացարձակապես ոչ մի կապ չունի, Մեղրիի թեկնածուն էլ Քոչարյանի հետ, մեղմ ասած, կապ չունի։ Փաշինյանը խոստումներ է տվել եւ այդ խոստումներից բառացիորեն մի քանի օր հետո հրաժարվել է։ Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ես իրեն հարց տվեցի, ասացի` ձեր նախընտրական ծրագրում Արցախի դեօկուպացիայի թեզ կար, ինչո՞ւ կառավարության ծրագրում չկա դա։ Մարդը բառացիորեն ասաց, որ դա եղել է նախընտրական ծրագիր, իսկ սա կառավարության ծրագիր է։ Այսինքն՝ մարդը կարող է ընտրությունների ժամանակ խոստումներ տալ, հետո խախտել, տասնյակ հազարավոր մարդիկ դա տեսնում են, չէ՞»։