Լինենք միասին, իսկ իրար ուտել միշտ էլ կհասցնենք

Լինենք միասին, իսկ իրար ուտել միշտ էլ կհասցնենք

Չէի ցանկանա, որ այն, ինչ կասվի ստորեւ, դիտարկվի որպես ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հայտարարության մեխանիկական կրկնություն: Այնուամենայնիվ ասեմ՝ պետք է դադարեցնել քաղաքական հետապնդումները, կասեցնել քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված բոլոր սարքովի դատավարությունները եւ կենտրոնանալ կորոնավիրուսի հաղթահարման աշխատանքների վրա: Իշխանությունները պարտավոր են միառժամանակ մի կողմ դնել իրենց սեւեռուն նպատակները, որոնք ոչ այլ ինչ են, եթե ոչ հեղափոխության օրերի խոստումներ: Հանրությունն այսօր իշխանությունից պահանջում է մեկ բան՝ կասեցնել կորոնավիրուսի տարերային եւ անկանոն տարածումը, որը հղի է ամենատխուր հետեւանքներով:

Երեխաներին թեւերի տակ հավաքած ՀՀ քաղաքացուն մեկ ամսից ավելի է, ինչ այլեւս չեն հետաքրքրում ո՛չ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված քաղաքական մեղադրանքները, ո՛չ Սերժ Սարգսյանի դեմ հարուցված ծիծաղելի գործը, ո՛չ Մարտի 1-ի զոհերի «պարգեւատրված» իրավահաջորդները եւ ո՛չ էլ նույնիսկ ժանտախտի օրերի պարգեւավճարները, որ անթաքույց անամոթությամբ պատրաստվում է ստանալ, այսպես կոչված, քաղաքական վերնախավը, որ «շարունակի» նվիրված աշխատել: Մարդկանց այսօր առաջին հերթին հետաքրքրում է իրենց հարազատների ճակատագիրը: Ոչ մի ծնող չի կարող հանգիստ նստել, երբ զգում է, որ ոչնչով չի կարող օգնել իր երեխային, ավելին, երբ մտածում է, որ հենց ինքը կարող է վարակի աղբյուր դառնալ իր երեխայի եւ ողջ ընտանիքի համար:

Մեր նոր անկախության տարիներին հաճախ ենք ականատես եղել անարդարությունների, պայքարել ենք դրանց դեմ, ունեցել քաղաքական ընդդիմություն, լավ-վատ՝ նոր իշխանություն ենք ընտրել, ինչքան կարողացել՝ հաղթահարել ենք երկրաշարժի եւ պատերազմի հետեւանքները, կառուցել մի երկիր, որ, ճիշտ է, տնտեսական հրաշքներ չի գործել, բայց կարողացել է իրեն ու ժողովրդին պաշտպանել թշնամու բանակներից:

Հեղափոխությամբ եկածները, սակայն, խաչ քաշեցին այդ ամենի վրա եւ ինքնահռչակվեցին որպես սկիզբ ամեն ինչի: Նրանք սկիզբ դրեցին մի այնպիսի հիմար արտահայտության, ինչպիսին «ՀՀ հպարտ քաղաքացի»-ն է: Ինչո՞վս հպարտանամ՝ «հայկական հեղափոխությա՞մբ», որ արդեն երկու տարի է՝ քանդում է մեր քառորդդարյա անկախությունը, որ վտանգում է արյան գնով ձեռք բերված Արցախը, կործանում տնտեսական հզորությունները, չտեսնված-չլսված դժվարություններ հրահրում դաշնակից երկրների հետ հարաբերություններում, պառակտում հասարակությունը, անբարոյականություն ներմուծում մեր կյանք: Թքած այն հեղափոխության վրա, որի շարժիչ ուժն օտարասուն ՀԿ-ներն ու մի փոր հացով կաշառված անգրագետ պողոսներն են: Այդ «ուժը» Հայաստանում իշխանության բերեց երկրի համար ոչինչ չարած, ոչ մի արժեք չստեղծած մի խմբակի, որի հեղափոխական պոպուլիզմին անխուսափելիորեն հաջորդելու էր խունտայի վերածվելու գործընթացը: Կորոնավիրուսը պարզապես ժամանակավորապես զսպել է ՀՀ «հեղափոխական» իշխանությունների ախորժակը՝ հափռել ողջ իշխանությունն ու կառավարել որպես խունտա: Այն իշխանությունը, որն ունենք այսօր, հարատեւելու այլ ճանապարհ չունի, քան մեկ մարդու իշխանություն հաստատելը:

Կորոնավիրուսը, սակայն, դեռ նոր-նոր է թափ հավաքում: Ոչ ոք չգիտի, թե ինչ է դա՝ համավարա՞կ, ինչպիսիք միշտ ուղեկցել են մարդկությանը, թե՞, օրինակ, բակտերիոլոգիական զենք, որի գործադրման նպատակներն առայժմ խնամքով թաքցվում են մարդկությունից: Շատ պետությունների, այդ թվում եւ Հայաստանի իշխանությունները, թպրտում են կորոնավիրուսի ճիրաններում: Ըստ էության՝ նրանք ինքնուրույն ոչինչ չեն ձեռնարկում, այլ կապկում են այն քայլերը, որ ձեռնարկում են համեմատաբար առաջադեմ եւ հզոր երկրները: Ինքնուրույն միակ քայլը, որ արել են ՀՀ իշխանությունները, դա հարվածը տխրահռչակ հանրաքվեի քարոզչությունից էջմիածինցի կնոջ վրա ուղղելն էր, որը, իբր, կորոնավիրուս բերեց Հայաստան: Նիկոլ Փաշինյանը չգիտե՞ր, թե՞ մոռացել է, որ Երեւանում առնվազն 2 ամերիկյան բիոքիմիական լաբորատորիա է աշխատում: Ռուս մասնագետների խումբ պետք է գար դրանք ստուգելու: Եկա՞վ… Կա՛մ չեկավ, կա՛մ չթողեցին: Փաշինյանը պողոսներին զանգելու մեջ գտավ իր հոգու հանգստությունը, բայց այդ խրթին պատմության մասին որեւէ հայտարարություն չարեց: Բա խոսիր, պարոն Փաշինյան, ժողովրդի 80 տոկոսի աջակցությունն ունես, կարծեմ: Իսկ ի՞նչ է ժողովուրդն այս իշխանության համար… Փուչ տեղ… Հոտ, որին կարելի նույնիսկ ժանտախտի ժամանակ ստիպել ծիծաղել այնպիսի բանի վրա, ինչպիսին դատավորի քթի վիրահատությունն է, որի պատճառով ձգձգվում է ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ հարուցված փնթի գործի քննությունը:

Բայց այլեւս վերջ: Ամեն ինչ այնքան լուրջ է, որ այս համաճարակը նույնիսկ պատերազմի հետ համեմատելն է անլրջություն թվում: Ու, չնայած դրան, անուրանալի ճշմարտություն է, որ պատերազմները եւ համավարակների դեմ պայքարը վարում են հենց իշխանությունները եւ ոչ ժողովուրդը: Ժողովրդին ընդամենը պետք է կազմակերպել, միավորել, ունենալ նպատակ՝ հաղթել ու գնալ առաջ: Պատմության մեջ մի իշխանություն չի հաղթել՝ իր ժողովրդին «թույն» ներարկելով, տարբեր խավերի իրար դեմ հանելով, իր ղեկավարի ամբիցիաների ու անձնական վրեժխնդրության շնորհիվ: Մեզ միասնություն է պետք, տոտալ միասնություն բոլոր ուղղություններով, այլապես մենք կպարտվենք մեզ համար անհասկանալի այս «պատերազմում»:

Մեր նախորդ հրապարակումներում էլ ենք ասել, որ կորոնավիրուսի դեմ պայքարի իբրեւ առաջին քայլ՝ պետք է դադարեցնել քաղաքական հետապնդումները: Թող դա չհնչի որպես քաղաքական հաշվարկներով արված հայտարարություն: Ես ավելի քան վստահ եմ, որ ՀՀ երկրորդ նախագահը մեզ պետք է ազատության մեջ եւ ոչ թե բանտում: Հավատացնում եմ, ՀՀ երեք նախագահների համատեղ որեւէ հայտարարություն այսօր շատ ավելի արժեքավոր ու գոտեպնդող կլիներ, քան ԼՏՊ-ի մենագրությունը, որով չգիտես՝ ինչ էր ուզում ասել տնային բույսի վերածված մեր հանրությանը: Մենք խոսում ենք բոլոր ռեսուրսների կենտրոնացման մասին, իսկ նախագահներին մոռացել ենք, մոռացել ենք նաեւ քաղաքական դրդապատճառներով հետապնդման ենթարկվող մյուս մարդկանց, որոնք կալանքի տակ են կամ այլ խափանման միջոցներ ունեն միայն այն բանի համար, որ հորջորջվել են «նախկին»: Եվ ուրեմն՝ ումո՞վ ենք ուզում հաղթահարել կորոնավիրուսը: Ախր «նորերը» շփոթված սագերի պես դեսուդեն ընկնելուց բացի ոչինչ չեն կարողանում անել: