Ձերբակալությունները ճանաչվել են ոչ իրավաչափ

Ձերբակալությունները ճանաչվել են ոչ իրավաչափ

Հունիսի 3-ին «Դիմադրության շարժման» հերթական ակցիայի ժամանակ Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկի հատվածից ոստիկանական ուժերը, բիրտ ուժ կիրառելով, ձերբակալեցին խաղաղ ակցիայի մասնակիցների, որոնցից մի մասը՝ մեկ ամսով, իսկ մյուս մասն էլ երկամսյա ժամկետով կալանավորվեցին։ Վերջիններս մեղադրվեցին զանգվածային անկարգություններ կատարելու մեջ։ Երեկ Արմավիր ՔԿՀ-ից ազատ արձակվեցին «Դիմադրության շարժման» ակցիաների ընթացքում կալանավորված քաղբանտարկյալները՝ Արտուշ Ւսկանդարյանը, Սմբատ Ասլանյանը, Խաչատուր Մադոյանը, Վարուժան Գևորգյանը, Հայկ Էմեքսիզյանը, Ցական Ցականյանը և Արմեն Հովհաննիսյանը։

«Ըստ էության եղել է հետևյալը, հունիսի 3-ին, ըստ քննչական մարմնի, բողոքի ակցիայի շրջանակներում տեղի են ունեցել զանգվածային անկարգություններ։ Մի շարք անձինք ձերբակալվել էին, որից հետո ներկայացվել էր նրանց կալանավորելու մասին միջնորդություն։ Կոնկրետ իմ և փաստաբան Մանուշ Եսայանի պաշտպանության ներքո գտնվող անձանց մասով ձերբակալությունները ճանաչվել են ոչ իրավաչափ։ Բայց, քանի որ քննչական մարմնի կալանքի մասին միջնորդությունները որոշ դեպքերում որոշ անձանց վերաբերյալ մասնակի բավարարվել էր դատարանի կողմից, ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչվելուց հետո վերջիններս ազատ չեն արձակվել։ Քննչական մարմինը որոշեց կալանք կիրառել երկու ամիս ժամկետով։ Դատարանը մի շարք գործերով միջնորդությունը բավարարել էր մասնակի՝ մեկ ամիս ժամկետով»,- այս մասին «Հրապարակին» հայտնեց քաղբանտարկյալների փաստաբան Նարեկ Ալոյանը։

Փաստաբանի անձնական ընկալմամբ և խորին համոզմամբ, նշված հանգամանքը պայմանավորված էր նրանով, որ այդ միջնորդությունները առհասարակ բավարարման ենթակա չէին և, ըստ էության, կոմպրոմիսային տարբերակ էր դատարանի ու քննչական մարմնի համար։

«Այսինքն, միջնորդությունը ամբողջությամբ չբավարարվեց և միաժամանակ չմերժվեց։ Կալանքի ժամկետը սահմանվեց մեկ ամիս։ Մեկամսյա ժամկետը լրանալուց հետո, քննչական մարմինը կալանքի ժամկետի երկարացման միջնորդություն չներկայացրեց դատարան»,-ասաց Ալոյանը։

Մեր այն հարցին, թե ինչու քննչական մարմինը երկարացման միջնորդություն չի ներկայացրել, փաստաբանը պատասխանեց․ «Փաստացի մի իրողություն կարող ենք արձանագրել, որ քննչական մարմնի նախնական կանխավարկածն այն էր, որ այդ անձանց անհրաժեշտ էր կալանավորել 2 ամիս ժամկետով։ Եվ միջնորդությունը մասնակի բավարարելուց հետո, այսինքն՝ քննչական մարմնի նախնական կանխավարկածը կիսով չափ իրագործումից հետո, քննչական մարմինը կալանքի երկարացում չնախաձեռնեց։ Ես ուղղակի ուզում եմ հուսամ ու հավատամ, որ, եթե դատարանը երկու ամսով կալանքի միջնորդությունը բավարարած լիներ, քննչական մարմինները բարեխղճություն կդրսևորեին, ու մեկ ամիսը լրանալուց հետո այդ մարդկանց ազատ կարձակեին։ Բայց դա միայն հույսի մակարդակով, որովհետև այս պահին կան անձիք, ովքեր կալանքի տակ են գտնվում, որովհետև այդ անձանց մասով դատարանը կալանքի ժամկետը բավարարել է երկու ամիս ժամկետով։ Մի անձը կոնկրետ, ով իմ պաշտպանության ներքո է գտնվում, խոսքը՝ Գրիգոր Կարապետյանի մասին է, հայտնի ձեռնափայտի՝ «չալիկի» քրեական գործն է, որի մասով կարծում եմ մոտ ապագայում դրական տեղաշարժ կունենանք»։

Թե քանի պաշտպանյալ ունի փաստաբանը այս դեպքերով պայմանավորված, ասաց․ «Ընդհանուր առմամբ ես հինգ պաշտպանյալ եմ ունեցել; Հինգից մեկի մասով կալանքի միջնորդությունը ի սկզբանե մերժվել է՝ խոսքը անչափահասի մասին է, երեքի մասով բավարարվել էր մասնակի՝ մեկ ամիս ժամկետով և այսօր արդեն նշված երեք անձինք ազատության մեջ են, մյուսի մասով՝ Գրիգոր Կարապետյանին՝ «չալիկի» քրեական գործի՝ բավարարվել է 2 ամիս ժամկետով»։