Ռադիկալ փոփոխություն դժվար է սպասել

Ռադիկալ փոփոխություն դժվար է սպասել

Կառավարության որոշմամբ՝ գիտական ոլորտի ֆինանսավորումը կավելանա 2 մլրդ 784 մլն 565 հազար դրամով: Ոլորտի ֆինանսավորման ավելացումը նախատեսված է երկու հիմնական ուղղությունների` թեմատիկ գիտական հետազոտությունների եւ գիտական ենթակառուցվածքի արդիականացման համար:

Նշված գումարից շուրջ 1 մլրդ 31 մլն 740.9 հազար դրամը նախատեսված է գիտական կազմակերպությունների եւ բուհերի գիտական ստորաբաժանումների զարգացման, սարքավորումների արդիականացման եւ միջազգային համագործակցության, ինչպես նաեւ ենթակառուցվածքների արդիականացման ծախսային ուղղության համար: Իսկ գիտական թեմատիկ հետազոտությունների համար նախատեսված 1 մլրդ 638 մլն 424,5 հազար դրամը հնարավորություն կտա պայմանագրային թեմատիկ հետազոտությունների թիվն ավելացնել 50-ով: 

ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ 2 մլրդ 784 մլն 565 հազար դրամը գիտության համար մե՞ծ թիվ է։ «Ընդհանրապես, մեկ տարվա համար ամբողջ գիտության ոլորտին տրամադրվում է մոտավորապես 15 մլրդ դրամ։ Այդ 15-ից մոտավորապես 7 մլրդ-ն Գիտությունների ազգային ակադեմիայի ամբողջ համակարգի ֆինանսավորումն է։ Ըստ այդմ, ինքներդ տեսեք՝ այդ 2 մլրդ 784 մլն-ն շա՞տ է, թե՞ քիչ։ Ես կասեի, որ շատ չէ, նույնիսկ քիչ է։ Այդ գումարով հնարավոր կլինի մի քանի ինստիտուտ համալրել անհրաժեշտ արդիական սարքավորումներով, բայց, ըստ էության, ռադիկալ փոփոխություն դրական ուղղությամբ դժվար է սպասել, որովհետեւ դա մեծ գումար չէ»,- ասաց ԳԱԱ նախագահն ու հավելեց, որ այդ գումարը հավասարապես չի բաշխվելու 2 գիտական ուղղությունների միջեւ, բոլոր ծրագրերն իրականացվելու են մրցութային սկզբունքով։

Ինչո՞վ է բացատրում այն հանգամանքը, որ պետությունը «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքի միջոցով մի կողմից գիտական կառույցների, ԳԱԱ-ի կարգավիճակը ստորադասում է, մյուս կողմից՝ գիտությունը հռչակում է ռազմավարական նշանակության կարեւոր ոլորտ, որը պետք է զարգացնել։ «Այն, որ գիտությունը պետք է լինի ռազմավարական նշանակության ոլորտ, դա նորմալ գաղափար է, եւ միայն այդ ձեւով կարելի է երկրի տնտեսությունը զարգացնել, ամրապնդել, իսկ թե օրենքում ոնց եւ ինչպես, դա արդեն այլ հարց է, թե ինչպես այն կիրականացվի։ Ամեն դեպքում, այդ օրենքում ԳԱԱ-ի մասով անորոշություններ շատ կան»։ 

Ինչ վերաբերում է նախագահ Արմեն Սարգսյանի հետ ԳԱԱ նախագահության հանդիպմանը, Ռադիկ Մարտիրոսյանը դժվարանում է ասել՝ ի վերջո, նախագահը կստորագրի՞ «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը, թե՞ կդիմի ՍԴ․ «Համենայնդեպս, նախագահը լսեց ակադեմիայի նախագահության կարծիքները, մեր պատկերացումները, դիրքորոշումը՝ այդ փաստաթղթի հետ կապված, բայց թե ինչ որոշում կընդունի, չեմ կարող ասել»։