Գիտնականները փողոց դուրս չեն գա, նրանց աշխատավարձը բարձրացավ
Գիտության պետական կոմիտեի նախկին նախագահ Սամվել Հարությունյանն այժմ ապրում եւ մասնագիտական գործունեություն է ծավալում Մոսկվայում։ Մեզ հետ զրույցում գիտնականը նշեց, որ աշխատանքի հրավեր է ստացել, որպես տնօրենի խորհրդական՝ աշխատել Միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտում, որը միջազգային խոշոր կառույց է՝ կազմված 19 պետությունից, իսկ ինքը 12 տարի շարունակ հանդիսացել է Հայաստանի ներկայացուցիչն այդ ինստիտուտում․
«Այս կոնսորցիումի ներսում կա 8 հզոր ինստիտուտ, որոնցից 4-ում զբաղվում են կյանքի մասին գիտություններով, եւ ես այդ 4 ինստիտուտների գիտական կոորդինատորն եմ։ Բացի դա, այստեղ նպատակ ունեն ստեղծելու հզոր հետազոտական համալսարան եւ ինձ հրավիրել են, որպեսզի, օգտագործելով իմ փորձը, օգնեմ՝ ստեղծեն հզոր հետազոտական համալսարան, որը լինելու է ցանցային տիպի համալսարան։ Դրա մեջ ներգրավվելու են Մոսկվայի շրջանի մի շարք քաղաքների հզոր գիտական կենտրոններ, անդամ երկրների ճանաչված բուհեր, այդ թվում՝ Երեւանի պետական համալսարանը։ Արդեն պայմանավորվել եմ թե՛ ԵՊՀ ռեկտորի, թե՛ ԳԱԱ նախագահի հետ։ Հայաստանից 4 հզոր կենտրոններ կլինեն այս ցանցային համալսարանի մաս, դա ԵՊՀ-ն է, Ակադեմիայի կրթական կենտրոնը, Ֆիզիկայի ինստիտուտը եւ Քենդլ ինստիտուտը»։
- Պարոն Հարությունյան, ի՞նչը ստիպեց Ձեզ գիտական գործունեությունը շարունակել Հայաստանից դուրս՝ Մոսկվայում։
- Բանն այն է, որ տնօրենին՝ ակադեմիկոս Գրիգորի Տրուբինկովին, ես վաղուց էի ճանաչում, եւ երբ նա ընտրվեց տնօրեն, ես էլ այդ ժամանակ արդեն աշխատանքից դուրս էի եկել, անմիջապես զանգահարեց ինձ ու հրավիրեց աշխատանքի։ Ի դեպ, հետազոտական համալսարանի նախագիծը որ ժամանակին փորձեցի Հայաստանում իրականացնել, ու խանգարեցին, չթողեցին անենք, հիմա դա Ռուսաստանն ուզում է անել Դուբնայում, եւ որպես ոլորտի մասնագետ են ինձ հրավիրել։ 2012-ին ես ներկայացրի այդ ծրագիրը, որին կտրուկ դեմ եղավ ազգային ակադեմիան, եւ խափանվեց ծրագիրը։ Եթե մենք այն ժամանակ կարողանայինք Հայաստանում հետազոտական այդ համալսարանը սարքել, հիմա բազմաթիվ խնդիրներ լուծած կլինեինք ե՛ւ ռազմական ոլորտի, ե՛ւ տնտեսության համար․ ցավոք, Հայաստանում «գնա մեռի, արի սիրեմ» տարբերակն է աշխատում։ Տա Աստված, որ ներկայիս կամ հաջորդ իշխանությունները հասկանան, որ Հայաստանի նման փոքր երկրներում ոչ թե պետք է իրար բզկտել եւ խանգարել, այլ՝ փոխադարձ օգնել։ Փոքր երկրում պետք է միասնական լինել, երբ 2․5 մլն-անոց երկրում ամեն մեկը՝ կարապի, խեցգետնի եւ գայլաձկան նման, իր կողմն է քաշում, ոչինչ չի ստացվում, հարկավոր է նույն մեխին խփել, որ ինչ-որ արդյունք ստանաս։
- 2022 թ․ պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը 2021-ի նկատմամբ կաճի շուրջ 85 տոկոսով, բացի այդ, հունվարի 1-ից գիտության ոլորտում տեղի կունենա գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացում։ Ինչպե՞ս եք գնահատում այս փոփոխությունները, սա ավելի շատ գիտությանը միտված քա՞յլ է, թե՞ գիտնականներին լռեցնելու փորձ, քանի որ պատերազմից հետո գիտական ողջ համայնքը պահանջեց կառավարության եւ վարչապետի հրաժարականը։
- Ամեն դեպքում, փաստը, որ գիտության բյուջեն մեծացել է 85 տոկոսով, ես ողջունում եմ, եւ շուտվանից պետք է արվեր։ Ես նախկին իշխանություններին բազմիցս ասել եմ, որ այս կոպեկներով չի կարելի Հայաստանում լուրջ գիտություն ունենալ, որովհետեւ մենք ունենք հոյակապ մասնագետներ՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող, եւ այդ մարդկանց չի կարելի տալ 150-200 դոլար աշխատավարձ։ Ցավոք, նախկին իշխանությունները գիտությանն իմիջիայլոց էին վերաբերվում, եւ այն հնարավորությունները, որ ունեինք Գիտության կոմիտեի ստեղծումից հետո, դրա մաքսիմալն օգտագործվել է։ Այսինքն՝ այդ կոպեկների շրջանակում, որն իմ օրոք 14 մլրդ-ի կարգի էր, մենք արել ենք մաքսիմալ հնարավորը, հիմա, կարծեմ, 22 մլրդ է դարձել, որը շատ լավ է ու թեպետ էլի քիչ է, բայց դրական արդյունք կտա։
- Ասացիք, որ հոյակապ մասնագետներ ունենք՝ միջազգային ստանդարտներին համապատասխանող, եւ անցած տարիներին գիտության համար առավելագույնն է արվել։ Բայց ընդամենը ամիսներ առաջ Փաշինյանը հայտարարեց, որ մենք ունենք գիտական ամուլ էլիտա, որը 30 տարի շարունակ ոչինչ չի արել, եւ նրանց անվանեց քաղաքական միմոսներ։
- Ես որքան հիշում եմ՝ Փաշինյանը դրա մասին խոսել է, երբ նոր էր վարչապետ դարձել․․․
- Այս հայտարարությունն արվել է հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչության շրջանակում՝ Բյուրեղավանում։
- Ճիշտն ասած՝ չեմ ուզում մեկնաբանել, թե Փաշինյանն ինչ է ասել․․․, ես միայն փաստն եմ մեկնաբանում, ու դա լավ, դրական փաստ է, որ գիտության գումարները շատացնում են։ Դա նախ կբերի նրան, որ երիտասարդների մի ստվար զանգված կմնա Հայաստանում եւ երկրից չի գնա, որովհետեւ լաբորատորիաների լավ ֆինանսավորման պայմաններում մինչեւ 700 հազարի աշխատավարձեր կարող են լինել՝ որքան ես գիտեմ։ Փաստը, որ գիտության բյուջեն ավելացել է, շատ դրական փաստ եմ համարում եւ համարում եմ նախկին իշխանությունների շատ խոշոր բացթողումներց մեկը, որ գիտության բյուջեի նկատմամբ վերաբերվում էին շատ վատ։ Ավելին ասեմ՝ վարչապետ Կարեն Կարապետյանի օրոք 7 տոկոս բյուջեի նվազում տեղի ունեցավ, որը բերեց ողբալի հետեւանքների, եւ հեղափոխության ժամանակ գիտնականների ստվար զանգվածի՝ Փաշինյանի կողմն անցնելու պատճառներից մեկը հենց այդ 7 տոկոս ֆինանսավորման կրճատումն էր։ Իսկ ի՞նչ տեղի ունեցավ՝ մոտ 400 նորավարտ երիտասարդներ, որոնց մենք պատրաստ էինք վերցնել աշխատանքի, գաղթական դարձան այդ 7 տոկոս կրճատման պատճառով։ Արդյունքում մոտ 7 հազար գիտնականի դարձրին իշխանությունների նկատմամբ ընդդիմություն․ չի կարելի քայլեր անել, որի հետեւանքներն անկանխատեսելի են։
- Ի դեպ, Գիտությունների ազգային ակադեմիան նախաձեռնել է գիտական համակարգի բարեփոխումներ՝ միաժամանակ օպտիմալացնելով ԳԱԱ մի շարք ինստիտուտներ։
- Ես տեղյակ եմ դրա մասին եւ ԳԱԱ նոր նախագահին խոստացել եմ օգնել այդ հարցերում։ Աշոտ Սաղյանը բավականին լավ մենեջեր է, գրագետ անձնավորություն, եւ հույս ունեմ, որ Ռադիկ Մարտիրոսովիչի սխալները թույլ չի տա։ Ես իմ ուժերի ներածին չափով կօգնեմ ակադեմիային։ Վերջերս Երեւանում էի եւ հանդիպել եմ Սաղյանի հետ, խոսել ենք ակադեմիայի կազմում հետազոտական համալսարան ստեղծելու մասին, նա ողջունել է այդ գաղափարը, եւ ես խոստացել եմ իրեն, որ իմ փորձը կներդնեմ, եւ ամեն ինչ կօգտագործենք՝ Հայաստանում նույն բանն անելու համար, ավելին ասեմ՝ Դուբնայի ցանցի լիարժեք անդամ է դառնալու ակադեմիան։
- Մտավախություն չունե՞ք, որ այդ օպտիմալացումների արդյունքում բունտ կհասունանա գիտնականների շրջանում։
- Գիտնականները նման բան չեն անի, որովհետեւ գիտնականների աշխատավարձը բավականին բարձրացավ, փիլիսոփայության հիմնական հարցը, որ ասում է՝ կեցությունը որոշում է գիտակցությունը, աշխատում է, հասկանո՞ւմ եք, եւ, բացի դա, օպտիմալացում ամենեւին չի նշանակում, որ մարդկանց վերցնելու են փողոց շպրտեն։ Որքան ես տեղյակ եմ, օպտիմալացման տակ այն ինստիտուտները, որ իրենց ոչ լրիվ հզորությամբ են աշխատում կամ մակերեսները, բյուջեն վատ են օգտագործում, տեղի կունենա ինստիտուտների միավորում, ոչ թե գիտնականների կրճատում։ Այնպես որ, գիտնականները փողոց դուրս չեն գա, եթե արվի գրագետ ձեւով։ Ինչպես որ ինձ բացատրել է պարոն Սաղյանը, ոչ մի բան էլ չի լինի, ավելին՝ դրական էֆեկտ է տալու։ Այդպիսի բան ես էլ էի ուզում ժամանակին անել, նորից ակադեմիան խանգարեց։ Ոչ մի բացասական բան չկա դրա մեջ, Հայաստանն ունի 35 հատ ակադեմիական ինստիտուտ եւ ավելի քան 20 ոչ ակադեմիական ինստիտուտ եւ բուհական բազմաթիվ ինստիտուտներ։ Հայաստանի նման փոքր երկրում, որտեղ 2․5 մլն բնակիչ է ապրում, չի կարելի ունենալ 70 հատ կիսատ-պռատ հետազոտական ինստիտուտ, ավելի լավ է ունենալ մի 20 հատ հզոր հետազոտական կենտրոններ, մարդկանց տալ նորմալ, նամուսով աշխատավարձ, ոչ թե կոպեկներ, եւ ունենալ լուրջ արդյունքներ։ Համոզված եմ, որ ոչ մի գիտնական չի բողոքի, որովհետեւ գիտնականների կրճատում չի նախատեսվում, այլ նախատեսվում է հիմնարկների քանակի պակասեցում։
- Ինչպե՞ս եք վերաբերվում իշխանության այն գործելակերպին, որ ամեն միջոցի դիմում են՝ բուհերն իրենց վերահսկողության տակ վերցնելու համար։
- Շատ բացասական եմ վերաբերվում, որովհետեւ պետք է ունենալ որոշակի ինքնավարություն։ Այն, ինչ այսօր կատարվում է, ավելի վատ է, քան հանրապետականների ժամանակ էր։ Պետք է մաքսիմալ ինքնավարություն ապահովվի, եւ երբ տեսնում եմ, որ կառավարման խորհուրդներում չինովնիկներ են ներգրավված, շատ բացասական եմ վերաբերվում։
- Իշխանությունն ասում է, որ սրանով փորձում է կառավարման ճգնաժամը լուծել բուհերում եւ մասնավորապես՝ ԵՊՀ-ում։
- Բուհերի կառավարման ճգնաժամը լուծելու լավագույն տարբերակն այն է, որ ստեղծեն օպտիմալ քանակությամբ ամբիոններ, հետազոտական լաբորատորիաներ եւ մարդկանց վճարեն նորմալ։ Կառավարումը դրական էֆեկտ է տալիս, երբ ամեն ինչ արվում է հաշվարկված եւ օպտիմալացման շրջանակներում։ Օրինակ՝ ԵՊՀ-ում, ինչքան տեղյակ եմ, 19 ֆակուլտետ կա, եւ իրար կրկնող ֆակուլտետների գոյությունը, անկեղծ ասած, չեմ հասկանում։ Կա ֆիզիկայի եւ ռադիոֆիզիկայի ֆակուլտետ, փաստորեն՝ 2 հատ ֆիզիկայի ֆակուլտետ կա, իմաստը ո՞րն է։ Ցանկացած ստրուկտուրայի գոյություն պետք է որոշակի խնդիրներ լուծի եւ օգուտ տա, մենք փոքր երկիր ենք եւ պետք է մինիմալ գումարներով փորձենք ստանալ մաքսիմալ էֆեկտ, ոչ թե ամեն մի թեկնածուի, դոկտորի համար ամբիոններ, ֆակուլտետներ բացենք․․․
- Կամ էլ օրենքում փոփոխություն անեն, դոկտորի շեմն իջեցնեն, որ թեկնածուն կարողանա ռեկտոր դառնալ, ինչպես արեցին ԵՊՀ-ում։
- Դե, այդպես չի կարելի, եթե մենք ուզում ենք երկիր դառնալ, հարկավոր է սովորել հրեաներից, եթե դուք նայեք Շիմոն Պերեսի կառավարման համակարգը, ամեն ինչ արվում էր նրա համար, որ մինիմալ գումար եւ էներգիա ծախսելով՝ մաքսիմալ էֆեկտ ստանան, ոչ թե, եթե ինչ-որ մեկի բարեկամն ես կամ վարչապետի ընկերը, այս պաշտոնի համար մի հատ սենց բան բացենք՝ պետության բյուջեի հաշվին։ Պետբյուջեի ամեն դրամը հարկավոր է օգտագործել նպատակային, երբ պետական բյուջեի վրա ղումար ես խաղում, դա ոչ մի դրական հետեւանքների չի բերում։
Կարծիքներ