ՔՊ-ի թեկնածուն Կոտայքի մարզում հայտնի Պաշն է

ՔՊ-ի թեկնածուն Կոտայքի մարզում հայտնի Պաշն է

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղար Գրիգոր Գուլյանը, չգիտես՝ ինչու, որոշել է ինքն անձամբ հայտնել, որ Աբովյանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի քաղաքապետի  թեկնածուն Պավել Ցուգունյանն է։

«Հրապարակը» դեռ ամիսներ առաջ էր գրել, որ մեզ հասած տեղեկություններով՝ Աբովյանի ՏԻՄ ընտրություններում իշխող Քաղպայմանագրի թեկնածուն Պավել Ցուգունյանն է, որը Կոտայքում ավելի հայտնի է Պաշ մականվամբ։ Պաշը Կոտայքի նախկին մարզպետ, ներկայումս շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի կնոջ ազգականն է։ 2018-ից հետո Պաշը մարզում մի քանի պաշտոններ է զբաղեցրել և քյարամյանական առաջխաղացում ունեցել․ նախ նշանակվել էր մարզպետի օգնական և վարում էր Հրազդան բ/կ-ի վրա հաշվառված ավտոմեքենան, ապա նշանակվել է Կոտայքի մարզի ՋՕԸ-ի տնօրեն։ 2020 թվականի սեպտեմբերից Ցուգունյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։ 

Մեզ ասել էին նաև, որ ՔՊ վերնախավը՝ Սուրեն Պապիկյանի և Ռոմանոս Պետրոսյանի գլխավորությամբ, իրենց թեկնածուին առաջ տանելուն զուգահեռ փորձում են ճնշումներ գործադրել նաև Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի վրա, որպեսզի նա այս ընտրություններում չառաջադրվի, քանի որ ՔՊ-ականներն լուրջ մտահոգություններ ունեն, որ 2019-ի սցենարը կարող է նորից կրկնվել և Գևորգյանը կարող է կրկին հաղթել։