Հորս ճանաչելով՝ կարող եմ ասել, որ հանգիստ կարող են իրավաբանները զբաղվել․ Ա․Ասոյանի որդի

Հորս ճանաչելով՝ կարող եմ ասել, որ հանգիստ կարող են իրավաբանները զբաղվել․ Ա․Ասոյանի որդի

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը շաբաթ օրը ֆեյսբուքյան գրառում էր արել․ «Որպեսզի պատկերացնեք, թե նախկինում կատարված գործարքները ստուգելիս մենք ինչպիսի դեպքերի հետ ենք առնչվում, ձեզ եմ ներկայացնում մի փոքր հատված ՀՀ առողջապահության նախարարության ներքին աուդիտի բաժնի կողմից «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲԸ-ում իրականացված աուդիտի արդյունքներից։ Աուդիտի արդյունքում պարզվել է, որ նախկին տնօրինության կողմից հիվանդանոցի տարածքները երկարաժամկետ վարձակալության իրավունքով տրվել են տարբեր անձանց,  այդ թվում` առողջապահության ոլորտում տարբեր ղեկավար պաշտոններ զբաղեցրած: Առկա է դեպք, երբ վարձակալված հողամասի վրա արդեն կառուցված է առանձնատուն` զբաղեցնելով ավելի քան 1600 քմ տարածք: Նաև առկա է դեպք, երբ վարձակալության վճարը տարիներով վճարված չէ հիվանդանոցին, իսկ հողի գույքահարկը հիվանդանոցի կողմից վճարված է քաղաքային բյուջե»։ 

Արսեն Թորոսյանը խոստացել էր, որ առկա դեպքերի հանգամանքները և օրինականությունը ճշտելու նպատակով նյութերն ուղարկվելու են դատախազություն: Դատախազության մամուլի պատասխանատու Արևիկ Խաչատրյանից ճշտեցինք, թե արդյոք ստացե՞լ են նյութերը։

Ըստ նրա՝ խոսակցության պահի դրությամբ դեռ այդպիսիք չկային։ Խոստացավ օրվա երկրորդ կեսի դրությամբ էլ ծանոթանալ և պատասխանել։

Հիշեցնենք, որ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցի նախկին տնօրեն Արա Ասոյանը մահացել է 2018-ին։ Զրուցեցինք նրա որդու՝ «Մուրացան» ԲԿ-ի բժիշկ Վիգեն Ասոյանի հետ, որը նախարարի գրառումից տեղյակ չէր։ Նրա համար ընթերցեցինք, ըստ էության, հանգուցյալ հոր հասցեին հնչած մեղադրանքները։

Վիգեն Ասոյանը միայն ասաց․ «Նման գործարքների մասին ես գաղափար չունեմ։ Եթե ինչ-որ գործընթաց են սկսել, թող իրավապահ մարմինները զբաղվեն, հորս ճանաչելով՝ ես  կարող եմ ասել, որ հանգիստ կարող են իրավաբանները զբաղվել»։

Որքան մեզ հայտնի է՝ նման դեպքերում, եթե, օրինակ, հիմնական կասկածյալը մահացած է լինում, անգամ հարուցված քրեական գործը հենց այդ հիմքով կարճվում է։

Փաստաբան Տիգրան Աթանեսյանը հաստատեց մեր այս վարկածը՝ ասելով․  «Գործը կարճվում է մահացած լինելու հիմքով, սակայն իրավահաջորդները կարող են պնդել, որ գործը քննվի, և մարդն արդարացվի»։

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Քրեադատավարական օրենսգիրքը նախատեսու՞մ է, որ ինչ-ինչ չարաշահումներ հայտնաբերելու ու դրանք ապացուցված համարելու դեպքում, եթե խոսքը ֆինանսական չարաշահումների մասին է, կարող են փոխանցվել ժառանգներին, ապա Աթանեսյանն ասում է՝ ոչ։ Եթե անգամ հաստատվի, որ պետությանն ինչ-որ հանցագործությամբ վնաս է հարուցվել, այն երբեք չես կարող ապացուցել, քանի որ անձը, ում այն վերագրելի է, մահացած է։