Էրդողանի որևէ արարք հետևանք չի ունենում․ քաղաքագետ

Էրդողանի որևէ արարք հետևանք չի ունենում․ քաղաքագետ

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները նախ պետք է նախընտրական համատեքստում դիտարկել, բացի այդ, Սարգսյանի կարծիքով՝ Թրամփը նկատի չի ունեցել Արցախյան հարցի վերջնական կարգավորումը։

Հիշեցնենք, որ Թրամփը օրերս հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կարող է հեշտությամբ հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ լուծմանը: Թրամփը դա ասել է Նյու Հեմփշիրում իր համախոհների հետ հանդիպմանը: 

Թրամփի խոսքով՝ Վաշինգտոնը աշխատում է Բաքվի ու Երևանի միջեւ խաղաղ կարգավորման հասնելու ուղղությամբ:

«Մենք ամեն ինչ կկարգավորենք: Ինչպես ասացի, դա պետք է տեղի ունենա հեշտությամբ: Այն դյուրին կլինի, եթե գիտես, թե ինչ ես անում»,- ասել է Ամերիկայի առաջնորդը:

«Բնականաբար, Միացյալ Նահանգներում վերջին ժամանակներում, ինչի ականատեսը լինում ենք, պետք է միշտ հաշվի առնենք, որ Միացյալ Նահանգներում ընտրություններ են,և ոչ միայն նախագահի, այլ նաև Ներկայացուցիչների պալատի, ինչպես նաև Սենատի մեկ երրորդի ընտրություններն են, սա նշանակում է, որ ԱՄՆ-ից եկող ցանկացած հայտարարություն պետք է դիտարկենք նաև նախընտրական տրամաբանության մեջ։ Ինչ վերաբերում է Թրամփի հայտարարությաններին, թե հարցը կլուծենք և այլն, ապա, կարծում եմ, խոսքն այստեղ ոչ թե Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին էր, այլ խոսքը հրադադարի ռեժիմի հաստատման վերաբերյալ էր, որի մասին բանակցվում էր այդ պահին Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների միջև պետքարտուղարության և նախագահի անվտանգության հարցերով խորհրդականի միջնորդությամբ։ Ես կարծում եմ՝ Թրամփը հենց դրա մասին է խոսել, և հենց դրա մասին էլ բանակցություններից հետո, հրադադարի վերաբերյալ համաձայնությունից հետո թվիթ է արել։ Ինչ վերաբերում է Կոսովոյին, ապա այդ մասով, ես կարծում եմ, Թրամփը ոչ թե նկատի է ունեցել Կոսովոյի նախադեպը որպես միջազգային իրավունքի նախադեպ, ոչ թե միջազգային իրավունքի սկզբունք, այլ նկատի է ունեցել այն, որ ընդամենը 3 շաբաթ առաջ կարողացել էր Կոսովոյի և Սերբիայի միջև առևտրային հարաբերությունների հաստատման վերաբերյալ համաձայնագրի ստորագրմանը միջնորդել։ Այնպես որ, կարծում եմ, Կոսովոյի մասին խոսելիս առավելապես նկատի է պետք առնել այդ հանգամանքը»,- մեկնաբանելով Թրամփի հայտարարությունը՝ «Հրապարակի» հետ զրույցում ասաց Սարգսյանը։

Զուգահեռաբար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը արցախյան հակամարտության մեջ Ադրբեջանին աջակցելու պատճառով ամերիկյան պատժամիջոցներից չի վախենում, չնշելով, թե Վաշինգտոնում կոնկրետ ո՞վ է առաջարկում դրանք կիրառել։

«Ամերիկայից ոմանք զանգահարում են իմ եղբայր Իլհամին  և հայտարարում, թե գիտեն՝ ով է աջակցում Ադրբեջանին։ Էրդողանն ու Թուրքիան են։ Ամերիկացիները սպառնում են Անկարայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառել։ Իսկ մենք պատասխանում ենք. «Դու չես հասկանում՝ ում հետ գործ ունես։ Դե, կիրառիր, մի հապաղիր»», - հայտարարել է  Թուրքիայի նախագահը։ Սուրեն Սարգսյանին հարցրինք, թե ի՞նչ հնարավոր հետևանքներ կարող է ունենալ Թուրքիայի համար Էրդողանի այս հայտարարությունը, ԱՄՆ-ը ի՞նչ քայլերի կարող է դիմել․

«Ոչ մի հետևանք էլ չի կարող ունենալ, որովհետև, ինչպես մենք տեսնում ենք, Էրդողանի որևէ արարք հետևանք չի ունենում, ինչ ուզում անում է, որտեղ ուզում, անում է։ նույնիսկ ԱՄՆ քաղաքացիներին Վաշինգտոնի կենտրոնում ծեծի է ենթարկում և դրա դիմաց որևէ պատիժ չի ստանում, այնպես որ իր ասածը ևս որևէ հետևանք չի ունենալու»։ 

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը չի կարող լինել մրցակցության առարկա։ Այս մասին նա ասել է ի պատասխան այն հարցի, թե ինչպես է Ռուսաստանը վերաբերվում երեկ Ղարաբաղյան հակամարտության գոտում հայտարարված կրակի դադարեցման նոր ռեժիմին, որի մասին հայտարարել էր Միացյալ Նահանգները։ Սարգսյանին հարցրինք՝ իրականում կա՞ նման մրցակցություն․

«Ես չեմ կարծում, որ այստեղ մրցակցություն կա, որովհետև սկզբում Վաշինգտոնն էր աջակցում Մոսկվային և դրա վերաբերյալ հայտարարություններ էին արվում, որ հույս ունեն՝ Մոսկվան կկարողանա կարգավորել իրավիճակը, հետո արդեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, որ հույս ունի՝ ամերիկյան գործընկերները կկարողանան ինչ-որ բանի հասնել։ Չեմ կարծում, որ այստեղ կա մրցակցություն, ընդհակառակը՝ կարծում եմ, որ վերջապես այս 2 գերտերությունները ընդամենը մի դաշտ ունեն, որտեղ իրենց շահերը համապատասխանում են՝ դա Մինսկի խմբի ձևաչափն է, միակ ձևաչափը, որտեղ նրանք էֆեկտիվ աշխատում են»,- պատասխանեց քաղաքագետը։