«Տարածքային զիջումնե՞ր». Կիևի «կարմիր գծերը»՝ ՌԴ-ի հետ բանակցություններում

«Տարածքային զիջումնե՞ր». Կիևի «կարմիր գծերը»՝ ՌԴ-ի հետ բանակցություններում

Ուկրաինայի իշխանությունները «կարմիր գծեր» են նախանշել Ռուսաստանի հետ հրադադարի վերաբերյալ ցանկացած հնարավոր բանակցությունների համար, գրում է The Independent-ը՝ հղում անելով ուկրաինական կառավարության բարձրաստիճան աղբյուրներին։

Դրանց թվում, ըստ հրատարակության աղբյուրների, լրացուցիչ տարածքային զիջումների պահանջն է՝ չնայած Ռուսաստանի իշխանությունների ցանկությանը ամբողջությամբ տիրանալ ուկրաինական չորս շրջաններին։

Ըստ The Independent-ի աղբյուրների, իրենք «համակերպվել են» այն փաստի հետ, որ ներկայիս ճակատային գիծը կարող է սառեցվել որպես զինադադարի մաս, սակայն ավելի շատ տարածքներ զիջելն անընդունելի է: «Անհիմն է պահանջել, օրինակ, Զապորոժիեի կամ Խերսոնի ամբողջական փոխանցումը։ Սա մեզ համար կատարյալ անհեթեթություն է թվում»,-ասել է աղբյուրներից մեկը՝ հավելելով, որ Ուկրաինան մտադիր է դիվանագիտական ​​ճանապարհով ձգտել վերադարձնել ռուսական զորքերի կողմից գրավված տարածքները։

Մյուս «կարմիր գծերը», որոնցից Ուկրաինան մտադիր չէ նահանջել, ըստ հրատարակության աղբյուրների, հետևյալն են՝ Ռուսաստանի կողմից առևանգված հազարավոր ուկրաինացի երեխաների վերադարձը, Ռուսաստանի կողմից ապօրինաբար պահվող հազարավոր քաղաքացիական անձանց վերադարձը, որոնք չեն համարվում ռազմագերիներ և, հետևաբար, չեն ներառվի գերիների փոխանակման մեջ, անվտանգության միջազգային երաշխիքների անհրաժեշտությունը, եթե ՌԴ իշխանությունները խախտեն հրադադարի մասին որեւէ պայմանավորվածություն։

«Մենք իսկապես պատրաստ ենք խաղաղության, բայց մեզ պետք է երկարաժամկետ խաղաղություն, ոչ թե կարճաժամկետ հրադադար։ Մենք չենք ցանկանում, որ մեր երեխաները կռվեն այս ճակատամարտում», - հրապարակմանը հայտնել է բարձրաստիճան աղբյուրը՝ անանունության պայմանով։

Միևնույն ժամանակ, The Independent-ի զրուցակիցներն ընդգծել են, որ իրենք քիչ են հավատում, որ Ռուսաստանն իրականում կընդունի համաձայնագիրը, և Ռուսաստանի իշխանություններից «այլ հնարք են ակնկալում»։

Հիշեցնենք՝ մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի հետ բանակցությունների ժամանակ ամերիկյան կողմն առաջարկել է 30-օրյա զինադադար մտցնել ամբողջ ճակատային գծով։ Ուկրաինան աջակցել է այս առաջարկին։ Մարտի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը «կողմ» է ժամանակավոր հրադադարին, «սակայն կան նրբերանգներ», թե ինչպես և ինչ պայմաններում կարող է կնքվել համաձայնագիրը։