Ճիշտը կոմպրոմատն է

Ճիշտը կոմպրոմատն է

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջն այլևս ժամանակավրեպ է և անիմաստ: Նա հրաժարական չի տալու, մոռացեք: Մտածեք նրան, իր խոսքով ասած, ռադ անելու մասին: Կոմպրոմատ չկա՞: ԱՄՆ նախագահ Քլինթոնն, օրինակ, ձեռ էր գցել իր քարտուղարուհիներից մեկին: Սպիտակ տանն իմացել էին այդ մասին, և Բիլլը, խոհեմություն ցուցաբերելով, հաջորդ քառամյակի համար չառաջադրվեց: Բացի այդ, նա բավականին փող ծախսեց, որ տեղի ունեցածը չդառնա լայն հասարակության քննարկման առարկա: Մինչդեռ ԱՄՆ-ի նման երկրի համար առանձնապես կործանարար ոչինչ տեղի չէր ունեցել, Նախագահ մարդ՝ ընդամենը ձեռ էր գցել մի կնոջ: Հիմա ի՞նչ, ուզում եք ասել, որ Նիկոլի վրա մի թեթև կոմպրոմատ էլ չկա՞:

Աներևակայելի է, որ Նիկոլ Փաշինյանը ներգրավված չլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ: Չորսուկես տարում Երկիր մոլորակի վրա դեռ ոչ ոք միլիարդատեր չի դարձել: Փորձե՞լ եք երբևէ հասկանալ, թե ինչպես դա հաջողվեց Փաշինյանին ու նրա ընտանիքի մերձավորներին՝ եղբայր, աներձագ, դասընկերներ և այլն: Ես դեռ առանձին ՔՊ-շնիկների մասին չեմ խոսում, որ սկսել են Գռզոյի հետ ոտ մեկնել՝ բիզնեսներ, ազդեցության ոլորտներ, մենաշնորհներ: ՀՀ գլխավոր դատախազին հետաքրքիր չէ՞, օրինակ, թե ով է տնօրինում նարկոբիզնեսը Հայաստանում: Հենց սրա պոչը բռնեք, հարգելի գլխավոր դատախազ, հավատացնում եմ, դուրս կգաք Նիկոլի վրա: Բայց ես չեմ պնդում, որ հենց այս սարսափելի կոմպրոմատով շշպռեք Նիկոլին: Դա նույնիսկ պատիվ չի բերի մեր երկրին: Կարող եք ստուգել, ենթադրենք, Նիկոլի վարչապետության քովիդյան շրջանը: Մի հատ լավ վկա կա այդ գործով, ես տեղը կասեմ, իսկ դուք կփորձեք հարցաքննել, եթե ձեռքներդ հասնի: Ի դեպ՝ այդ վկան շատ բան գիտի նաև այն մասին, թե ինչպես 44-օրյա պատերազմից հետո, երբ բոլորը պահանջում էին Փաշինյանի հրաժարականը, գործը հասավ ԱԺ արտահերթ ընտրությունների: Նիկոլը հաղթե՞ց այդ ընտրություններում… Ինձ մի զվարճացրեք, խնդրում եմ, ես ձեր հավեսն ու իլլաջը չունեմ: Մեկը կա, բարձր պաշտոն է զբաղեցնում Նիկոլի մոտ: Առանձնապես փողատեր չէր, բայց կարողացավ լավ շարժվել և սեփական կուսակցության ձայները ՔՊ-ին նվիրելու գնով արժանացավ Նիկոլի համակրանքին, իսկ ավելի ուշ՝ նաև բարձր պաշտոնի: Շատ «յազվա» դեմք է, դրա համար էլ անունը չեմ գրում: Նոր եմ միայն գլուխս ազատել քրեա-քաղաքական հետապնդումներից: Ընդամենը կասեմ, որ հատկապես ընտրություններ բողոքարկելու մեծ վարպետ է: Դուք գնացեք Վանաձոր և վանաձորցիներին հարցրեք, թե ինչպես եղավ, որ իրենց ընտրած քաղաքապետը հայտնվեց ճաղերի հետևում:

Նիկոլ Փաշինյանն անձամբ է ասել, որ ինքը պատասխանատու է 44-օրյա պատերազմում մեր գլխին եկածի համար: Իր խոսքով ասեմ՝ ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց թիվ մեկ մեղավորը չեմ: Շատ բարի: Ենթադրենք, որ թիվ մեկ մեղավորը Պուտինն է, Ալիևն է, Էրդողանն է, Թրամփն է… Մեր դատախազությունը, բնական է, չի կարող նրանց դատի տալ: Այդ դեպքում ո՞վ է կանգնելու դատարանի առաջ: Պարզ է չէ՞, որ թիվ մեկ պատասխանատուն: Փաշինյանի վերջին ասուլիսը տվեց մեր հարցի պատասխանը: Նա, հերթական անգամ հրաժարվելով Արցախից ու արցախցիների խնդիրներից, պարզորոշ խոստովանեց, որ տեղի է ունեցել եղկելի դավաճանություն, որ իր և իր կառավարության այդ օրերի քաղաքականությունն ուղղված է եղել Հայաստին պարտությունն ապահովելուն: Հինգ հազար զոհ ենք տվել այդ պայմանավորված պատերազմում, տասնյակ հազարավոր հաշմանդամներ ունենք, հարյուրներով գերիներ ու անհետ կորածներ, հայրենի հողի առանձին հատվածներում անթաղ ընկած դիակներ ունենք ու դեռ մտածում ենք, թե ով է պատասխան տալո՞ւ: Ով տա, չտա, Նիկոլն է առաջինը պարտավոր կանգնել դատարանի առաջ ու «ասուլիս» տալ այս հարցերի շուրջ:

Իսկ ամենակարևոր հարցերից մեկն էլ այդ «ասուլիսին» ես եմ տալու պարոն վարչապետին: Պարոն վարչապետ, պատմեք խնդրեմ, թե ով բերեց Ձեզ և ինչ նպատակով վարչապետ դարձրեց Հայաստանում: Պատասխանեք ուղիղ, խնդրում եմ, առանց մանիպուլյացիաների և նախադասությունները կտրտելու: Դուք ի՞նչ կապեր ունեք Արևմուտքում, ովքե՞ր են Ձեր կուրատորները և ինչպես է պատահում, որ Դուք այնքան սինխրոն եք քայլում Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների հետ: