Իրավաչա՞փ էին ոստիկանության գործողությունները

Իրավաչա՞փ էին ոստիկանության գործողությունները

Այսօր վաղ առավոտից մայրաքաղաքի 4 տարբեր հատվածներից մեկնարկել էր ընդդիմադիրների ավտոերթը Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով, որը այդքան էլ հարթ ու առանց խոչընդոտների չանցավ՝ «շնորհիվ» իրավապահ մարմինների։ Ոստիկանները ավտոերթի մասնակիցներից թվով 9 տասնյակից ավել մարդ է բերման ենթարկել, նշելով, իբրև թե չեն ենթարկվել իրենց օրինական պահանջին։

Այս թեմայի վերաբերյալ այսօր մամուլի ասուլիսով հանդես եկավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, իրավաբան Արամ Վարդևանյանը։

«Այսօր ընդդիմադիր դիրքերից հանդես եկող «Դիմադրության» շարժման անդամ ուժերը որոշել էին իրականացնել խաղաղ ավտոերթ։ Ավտոերթը իրենից ներկայացնում է հավաքների ազատության, սահմանադրական իրավունքի իրացման ձևերից մեկը, այսինքն այն բացառապես օրինական է և իրավաչափ, հետևաբար դրան ոստիկանական միջամտության չի կարող տեղի ունենալ։ Առավել ևս կարմիր և այլ գույների բերետավորների բիրտ միջատությունը չէր կարող տեղի ունենալ, բայց  ինչ տեսանք իրական կյանքում, տեսանք ճիշտ հակառակը, եթե ՀՀ-ն լիներ ժողովրդավարական արժեքների ջատագով երկիր, ապա չէինք կարող տեսնել այն ամենը ինչ այստեղ դուք տեսնում եք»,- ասաց Վարդևանյանը։

Նա նաև անդրադարձավ միջազգային հանրությանը, որոնք լուռ են ոստիկանության որոշ ծառայողների խայտառակ, ապօրինի, իրենց մեջ հանցանքի տարրեր պարունակող արարքների մասին․ «ԵԱՀԿ Մինսկի խմբի դեսպան, չնայած ավաղ արդեն չունենք էլ Երևանում, ԵՄ դեսպանը՝ տիկին Անդրեա Վիկտորին, չեմ կարող հատուկ իրեն չառանձնացնել, որովհետև ի վերջո ժողովրդավարական արժեքների մասին շատ հաճախ բարձրաձայնող անձնավորության մասին ենք խոսում, մենք մինչ օրս չենք տեսել իրենից որևէ հայտարարություն, նույնը նաև ԱՄՆ դեսպանից, այն պարագայում, երբ նման վարքագիծը՝ ժողովրդավարության  նշույլի հետ առնչություն չունի, սա ոստիկանության վայրագություն է, ոստիկանապետությանը բնորոշ վարքագիծ է, բայց սա բացառապես մի քանի ոստիկանների հույսին մնացած իշխանության  դյուրագրգիռ, անհավասարակշիռ վարքագծի հետևանքն է»,- շեշտեց Վարդևանյանը։