1920 թվականին էլ առաջարկում էին բանակցություններ սկսել

1920 թվականին էլ առաջարկում էին բանակցություններ սկսել

Ապրիլքսանչորսյան ուղերձում Նիկոլ Փաշինյանն ակնարկ էր արել, թե պատրաստ ենք տարածաշրջանային համագործակցության։ Ժամեր անց փոխարտգործնախարար Ավետ Ադոնցը Ծիծեռնակաբերդում լրագրողներին ասաց․ «Պատրաստ ենք հարաբերությունները կարգավորելու գործընթաց սկսել Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների»։ 

Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն ասում է, որ թուրք պատմաբան Թաներ Աքչամը վերջերս հայերենով լույս տեսած «Խայտառակ արարք» գրքում զետեղել է 1920 թ․ Թուրքիայի արտգործնախարարի գաղտնի հեռագիրը, որը վկայությունն է Թուրքիայի երկդիմի քաղաքականության։ «Արդեն հայ-թուրքական պատերազմից հետո, երբ թուրքերը 20թ․ նոյեմբերին Հայաստանի առաջին հանրապետության հետ խաղաղության համաձայնագիր կնքելու բանակցություններ էին վարում, անընդհատ շեշտում էին, որ իրենք թշնամանք չեն տածում, այլ, հակառակը՝ Թուրքիան իր ողջ ջանքերը կներդնի տարածաշրջանում բարեկամություն, կայունություն հաստատելու համար։ Սա այն էր, ինչ պաշտոնապես հայտարարում էին։ Բայց իրենց բարձրաձայնած մտքերի հետեւից, այն ժամանակվա արտգործնախարար Մուխթարը հեռագիր է հղում այդ բանակցությունները վարող Արեւելյան ճակատի հրամանատար Քարաբեքիրին։ Հեռագրի մեջ ասված էր հետեւյալը, որ Հայաստանի իրավական ու ֆիզիկական ոչնչացումը կրիտիկական նշանակություն ունի մեզ համար։ Եվ դա նախարարների կաբինետի կարծիքն է, պարզապես դա գաղտնի ցուցում էր»,- մեկնաբանեց թուրքագետը։

Այս փաստաթղթի մասին հիշատակում է նաեւ Արեւելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը՝ Քեմալ Աթաթուրքի ու հայ-թուրքական պատերազմի մասին իր գրքում։ Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ ուղերձ է իր մեջ պարունակում ապրիլի 24-ին Երեւանի արած նման հայտարարությունը, թե պատրաստ ենք առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել Անկարայի հետ։

Ըստ Սաֆրաստյանի՝ Ավետ Ադոնցը որեւէ նորություն չի հայտնել։ «Նման մոտեցում Հայաստանը որդեգրել է իր գոյության առաջին օրվանից, որ պատրաստ է Թուրքիայի հետ՝ առանց նախապայմանների, հարաբերություններ հաստատել։ Թուրքիան, հակառակը, միշտ նախապայմաններ է դրել։ Եվ հիմա մտածում եմ ու տեսնում եմ, որ գուցեեւ այդ մոտեցումը սխալ է եղել՝ առանց նախապայմանների։ Ես կարծում եմ՝ հենց մե՛նք պետք է նախապայման դնեինք՝ Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը։ Եվ կարծում եմ, հաշվի առնելով 30 տարիների փորձառությունը, սխալ էր այդ մոտեցումը»։ Հիշեցնենք, որ Բաքվի հաղթանակի շքերթին Էնվերի հոգին ոգեկոչող Էրդողանի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդամենը 7-8 ամիս առաջ հայտարարում էր, թե «Հայաստանը պատասխան է տալու իր քայլերի համար»։

Սաֆրաստյանը, ինչպես նաեւ այլ թուրքագետներ նշում են, որ Էրդողանի այսօրվա Թուրքիան շատ ավելի ագրեսիվ երկիր է, որտեղ եթե անգամ 5 տարի առաջ հնարավոր էր, օրինակ, հասարակական կազմակերպությունների մակարդակով ցեղասպանության շուրջ քննարկում կազմակերպել, ապա այսօր անհնար է։ Սաֆրաստյանը հավելեց. «Պատերազմից հետո Թուրքիայի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ բացահայտ թշնամական է։ Եթե մինչեւ պատերազմը կարելի էր ասել, որ Թուրքիան հարկադրման կամ պարտադրման քաղաքականություն էր վարում Հայաստանի նկատմամբ՝ դնելով էդ նախադրյալներն ու պարտադրելով, որ Հայաստանը փոխի իր արտաքին քաղաքականությունը, ապա պատերազմից առաջ եւ հետո Թուրքիան ցույց տվեց, որ բացահայտորեն թշնամաբար է մեր նկատմամբ տրամադրված։ Հակահայկական, հակաարցախյան տանդեմ կազմեց Ադրբեջանի հետ, զորք բերեց, վարձկան բերեց, զինամթերք տրամադրեց ու «բայրաքթարներ»։ Դա մենք շատ լավ գիտենք»։

Բայց ամենակարեւորը՝ այս թշնամական քաղաքականությունը շարունակվում է նաեւ պատերազմից հետո։ Անուշ Հովհաննիսյանն էլ այն կարծիքին է, որ այլեւս սխալ շեշտադրում է՝ առանց նախապայմանների։ «Եթե Թուրքիան մշտապես մեզ նախապայմաններ է առաջադրում, մենք ինչո՞ւ ենք առանց նախապայմանների խոսում»,- ասում է նա։ Ի՞նչ կտա Ջո Բայդենի կողմից ճանաչումը։ Հովհաննիսյանն ասում է՝ իհարկե, կարեւոր իրադարձություն է, որին ԱՄՆ-ն վերջին տարիներին գնում էր, հետեւաբար՝ օրինաչափ։ «Կարծում եմ՝ ԱՄՆ-ի կողմից ճանաչումը կարող է դոմինոյի էֆեկտ ունենալ, եւ այլ երկրներ նույնպես սկսեն ճանաչել։ Սա՝ մեկ։ Երկրորդ՝ սա ցուցիչ է, որ ԱՄՆ-ն իր քաղաքականությունը Թուրքիայի հանդեպ փոխում է, որովհետեւ մինչ այդ վերջին պահը՝ Թուրքիայի ճնշումների տակ, նախորդ նախագահները հրաժարվել են։ Բայց հիմա կարեւոր է, որ սա իսկապես դառնա քաղաքականության մի մաս, որ հետեւողական լինի ԱՄՆ-ն ցեղասպանությունը դատապարտելու եւ ճանաչելու գործում։ Եվ դա դառնա ԱՄՆ միացյալ քաղաքականության մի մասը։ Դրա համար մեր լոբբիստները՝ հայ եւ ՀՀ կառավարությունը, որոշակի դիվանագիտական աշխատանք կատարեն։ Դե, լոբբիստների վրա կասկած չունեմ, կառավարության առումով չեմ տեսնում, որ ընդգծված քաղաքական գիծ ունեն, հետեւում են այդ գծին ցեղասպանության ճանաչման հարցում, որովհետեւ համենայնդեպս այս 3 տարվա ընթացքում որեւէ ընդգծված քաղաքական հայտարարություն չեղավ։ Միայն Բայդենի հայտարարությունից հետո վարչապետի նամակն էր։ Բայց, ընդհանուր առմամբ, մշակված քաղաքականություն չեմ տեսնում։ Սա է կարեւոր, որ դա դառնա քաղաքականության մի մաս»։

Ամփոփելով՝ Անուշ Հովհաննիսյանն ասում է․ մեզ համար կարեւոր է, որ ցեղասպանության ճանաչումը ՀՀ անվտանգային համակարգի մի մաս դառնա։ Մեզ՝ Հայաստան պետությունն ու հայերին պաշտպանի Թուրքիայի եւ Ադրբեջանի ցեղասպանական նկրտումներից։