Մեծադղորդ խոսքերի հեղեղ
Բաբաջանյան Արմանի կարծիքով, եթե Հայաստանն ընտրում է Եվրամիության անդամ դառնալը, ապա դա նշանակում է, որ ընտրում է կյանքը: Իսկ հակառակ բոլոր դեպքերում ընտրությունը գերեզմանն է։ Կարդալով այս տողերը (շարունակություն էլ կա՝ ստորև դրա վերաբերյալ) հիշեցի Վրաստանի ընտրությունը Սահակաշվիլու ղեկավարությամբ: Վերջինս ևս նախընտրեց կյանքը, սակայն ստացավ պատերազմ: Իսկ պատերազմում էլ՝ պարտություն: Իսկ պատերազմում էլ՝ մահացություն: Իսկ պատերազմում էլ՝ տարածքների վերջնական կորուստ: Ինչը լինում է բոլոր այն դեպքերում, երբ ընտրությունը կատարվում է ոչ թե վերլուծությունների, լուրջ հաշվարկների արդյունքում, այլ մեծադղորդ խոսքերի հիման վրա: Ասենք այսպիսի. «Հանրաքվեն Հայաստանի ռազմավարական ընտրությունն է հօգուտ խաղաղության, հօգուտ անվտանգության, հօգուտ Հայաստանի ինքնիշխանության և պետականության հարատևման»։
Հանրաքվեի առումով մեկ այլ մեծադղորդ միտք. «Եվրամիության անդամ դառնալուց ավելի կարևոր է Հայաստանի որոշումը, Հայաստանի ժողովրդի որոշումը՝ որ մենք շարժվում ենք, Հայաստանի ապագան տեսնում ենք Եվրամիությունում»: Հայաստանյան թիվ մեկ պոպուլիստից շատ ավելի պոպուլիստական, կասեի նույնիսկ՝ գերպոպուլիստական, այս դատողության պատասխանը ստացել ենք 2018-ի ապրիլ-մայիսին: Համարյա ազգովի Հայաստանի ժողովուրդը որոշեց մերժել Սերժին ու վարչապետ կարգել Նիկոլին: Արդյունքում ստացանք ավեր ու մահ, մահ ու ավեր: Ւնչպես նաև Արցախի կորուստ ու Հայաստանի անվտանգության սպառնալիքների գեներացում: Այդ կորուստներին նախորդել էին Եվրամիությունում Հայաստանի ապագան տեսնելու նիկոլական ջանքերը: Եվ չեմ կարծում, թե բազմաթիվ բուհերի դիպլոմներով (ըստ իր ինքնակենսագրության՝ http://www.parliament.am/deputies.php?sel=details&ID=1336) բաբաջանյանական ջանքերն ավելի արդյունավետ կարող էին լինել՝ հաշվի առնելով մեր տարածաշրջանի առանձնահատկությունները:
Ինչ մնում է հանրաքվեն ԵՄ անդամ դառնալուց ավելի կարևորելուն՝ դրա առումով հիշեցի ռուսական անեկդոտներից մեկը: Այն ունի մոտավորապես հետևյալ տեսքը. «Պորուչիկ Ռժևսկի, դուք սիրո՞ւմ եք երեխաներին: Ոչ, բայց սիրում եմ բուն գործընթացը (նրանց սարքելու՝ Վ. Ս.)»: Իհարկե, կարող եմ մեղադրվել, որ համեմատությունը կոպիտ է, բայց այն հաստատ ամբողջովին համադրելի է «Հայաստանի՝ Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվեն ավելի կարևոր է, քան նույնիսկ ԵՄ անդամ դառնալը» դատողության հետ։ Հատկապես, որ հանրաքվեն նշանակում է ընդամենը ժողովրդի որոշման արձանագրում, իսկ թե ճակատագրական ինչ որոշումներ կարող է կատարել ժողովուրդը՝ տեսանք 2018-ի գարնանը:
Անցնենք առաջ: Միջազգայնագետ, ժամանակին «Լուսավոր Հայաստանի» ցուցակով խորհրդարան անցած, սակայն կարճ ժամանակ անց խմբակցությունը լքած Արմանի կարծիքով, «ռուս-թուրքական համաձայնության տարածաշրջայնացման ճանապարհով ընթանալը նշանակում է Հայաստանը տանել կործանման և ոչնչացման»։ Եվ կանգ չառնալով բազմիցս չարչրկված ռուս-թուրքական գոյություն չունեցող համաձայնության վրա՝ հորիզոնական նույն գծի վրա է դնում նաև «3+3»-ի հարթակը: Պատկերացրե՛ք, թե ինչպիսի հակապետականություն է հորդում այս տողերում՝ «… ռեգիոնալիզմ, 3+3, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ սրանք բոլորը Հայաստանի կործանման, Հայաստանի պետականության արագ մահվան հասցեներն են». ստորև տրված է բացատրությունը:
Նախ, եթե Հայաստանը դառնա ԵՄ անդամ, ապա նրան կստիպեն, որպեսզի վերածվի ՆԱՏՕ-ի անդամի: Որովհետև ԵՄ-ն չունի ինքնապաշտպանության մեխանիզմ՝ էլ չասած, որ մինչև այժմ չի կարողացել ստեղծել ԵՄ զինված ուժեր, չնայած դրա մասին խոսվել է բազում տարիներ առաջ: Ու եթե Ադրբեջանն, ասենք, ոտնձգություն կատարի, հենց միայն Հյուսիսատլանտյան դաշինքը կարող է պաշտպանել Հայաստանը՝ եթե, իհարկե, ցանկանա: Իսկ եթե Հայաստանը, ինչպես ասվում է, երկու ոտքը դնի մի կոշիկում ու հրաժարվի ՆԱՏՕ-ի անդամ դառնալուց, ապա ստիպված է լինելու պաշտպանել ինքն իրեն: Թե դա ինչպես է հնարավոր, այն էլ՝ արևմտամետ Փաշինյան Նիկոլի գլխավոր հրամանատարությամբ, տեսանք վերջին մի քանի տարում: Այս դեպքում ևս չեմ կարծում, թե բաբաջանյանական ջանքերն ավելի արդյունավետ կարող են լինել:
Փաստորեն, Հայաստանը կործանման և ոչնչացման տանելու ուղիղ ճանապարհը ոչ թե «ռեգիոնալիզմ, 3+3, ԵԱՏՄ, ՀԱՊԿ, ԱՊՀ» տանող ուղին է, այլ այսօրվա պայմաններում Բաբաջանյանի առաջարկած Եվրամիություն տանելը: Չեմ կարծում, թե ռեալ մտածող մարդկանց՝ գոյություն չունեցող դեմագոգիան դատապարտող միջազգայնագետը դա չի հասկանում: Բայց եթե հասկանում է ու շարունակում է դա պնդել՝ ասելիք չունեմ: Ի դեպ, ասեմ, որ ես երջանիկ չեմ «ռեգիոնալիզմի» առումով, սակայն Հայաստանը գտնվում է ոչ թե Արևմտյան կամ գոնե Կենտրոնական Եվրոպայում, այլ Հարավային Կովկասում: Եվ չորս կողմից էլ շրջապատված է ոչ թե մարդասիրության ճանապարհը բռնած երկրներով, այլ թյուրքախոս երկու երկրով, որ ցանկանում են մեզ վերացնել տարածաշրջանից: Իսկ քանի դեռ մենք չենք բուժել մեր վերքերը ու չենք վերականգնել մեր երբեմնի հզորությունը, որ կործանեց արմտամետ Նիկոլը, մենք ստիպված ենք ապավինել «ռեգիոնալիզմին» ու «3+3»-ին» և ինչու ոչ՝ նաև «ԵԱՏՄ-ին, ՀԱՊԿ-ին ու ԱՊՀ-ին»:
Հ. Գ. Այնպես որ մեծադղորդ խոսքեր գրելուց առաջ չէր խանգարի մտածելը, թե որքան են դրանք հիմնավորված:
Կարծիքներ