ԱԺ-ն նամակով կդիմի Բունդեսթագին 

ԱԺ-ն նամակով կդիմի Բունդեսթագին 

Երեկ ԱԺ ամբիոնից պատգամավոր Արթուր Մանուկյանը տեղեկացրեց, որ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Բունդեսթագին ուղղված նամակ է պատրաստել, որն ուզում են՝ ինչքան հնարավոր է շատ պատգամավորներ ստորագրեն, քանի որ դրանով ցանկություն կա Բունդեսթագի ուշադրությունը հրավիրել Դրեզդենում տեղի ունեցող քսենոֆոբիկ դրսեւորումների դեմ։  

Բանն այն է, որ օրեր առաջ ադրբեջանցի օպերային երգիչ Յուսիֆ Էյվազովը, ով նաեւ սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսինն է, հրաժարվել էր փետրվարի 7-ին Դրեզդենի ամենամյա օպերային գալա համերգի արարողությանը հանդես գալ հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ՝ պատճառաբանելով վերջինիս հայ լինելը: Այս առիթով առաջինը բողոքի ձայն բարձրացրեց օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը՝ իր ֆեյսբուքյան էջում։ 

Դրանից անմիջապես հետո ադրբեջանցի տենորի վարքագիծը մեկնաբանել էր ծնունդով Դրեզդենից, գերմանացի բաս Ռենե Պապը՝ հորդորելով նրան ատելություն չբերել իր քաղաք կամ որեւիցե մի այլ տեղ։

Ի տարբերություն Ռենե Պապի, հայտնի դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի կինը՝ Սաթի Սպիվակովան էլ որոշել էր պաշտպան կանգնել Յուսիֆ Էյվազովին՝ իր ինստագրամյան էջում գրելով, թե վստահ է, որ ադրբեջանցի երգչին զրպարտել են ու խաբել՝ միաժամանակ կոչ անելով հանգստանալ եւ դադարել քննարկել այս «զառանցանքը»։

Ի դեպ, Էյվազովը հանգամանալից հերքել էր այդ փաստը՝ մանրակրկիտ բացատրելով, թե ինքը չէր կարող նման բան անել, այդ ամենը կեղծիք է եւ զրպարտություն։