Քառասունք

Քառասունք

Հայ ժողովրդին (ոչ ՀՀ հպարտ քաղաքացիներին) քառասուն օր մնաց՝ 3 տարի տեւող մղձավանջից, չէ՝ դժոխքից դուրս պրծնելու համար:

Քառասունք: Ըստ բնական օրինաչափության՝ նոր ծնված երեխան 40 օրում մտնում է կյանքի նոր միջավայր, որը խիստ տարբեր է նրա նախնական՝ մայրական ներքին միջավայրից: Եվ նախքան իրական կյանք մտնելը, երեխան պետք է հարմարվի կյանքի այս նոր միջավայրին՝ օդին, լույսին, ձայնին։ Եկեղեցին երեխայի քառասունքի հատուկ կարգ ունի, համաձայն որի՝ ծննդյան օրվանից հաշված քառասուներորդ օրը ծնողները երեխայի հետ միասին գալիս են եկեղեցի եւ օրհնություն ստանում։ 

Քառասունքի կանոնը մաքրության օրենք է, որը վերաբերում է նախ երեխայի մայրիկին, ապա՝ երեխային: Քառասունքի ընթացքում մայրը մաքրվում է արյունահոսությամբ, եւ այդ օրերին երեխայի մորն է արգելվում եկեղեցի մտնել, այլ ոչ թե մարդկանց այցելությունը նորածնի ընտանիք: Այցելել կարելի է, իհարկե, հիգիենիկ կանոնները պահպանելով, որպեսզի չվարակեն մոր եւ երեխայի թույլ օրգանիզմները: Երեխային տեսակցության գալն արգելելը քրիստոնեության հետ կապ չունի։ Երեխան ծննդյան առաջին իսկ օրից պետք է սկսի սովորել կյանքին: Նրան պետք է բացօթյա զբոսանքի հանել, ոչ թե տնային կալանքի տակ պահել:

Քառասունք: Ննջեցյալի քառասունք: Յուրաքանչյուր ազգի ինքնատիպության կարեւոր տարրերից մեկը պատմականորեն ձեւավորված ավանդույթներն են: Ազգային ավանդույթների մեջ հատուկ տեղ ունի թաղման ծեսը: Այս ծեսում հատկապես կարեւոր տեղ են գրավում «յոթն ու քառասունքը»։ Թաղումից հաշված 7-րդ օրն ընդունված է նշել որպես հիշատակության օր, քանի որ Աստված 6 օրվա ընթացքում է ստեղծել երկիրը, երկինքը, ավարտել Իր արարչագործությունը, եւ «Աստված օրհնեց յոթերորդ օրը, որովհետեւ այդ օրը Նա հանգստացավ Իր այն բոլոր գործերից, որ սկսել էր արդեն»: Եվ այդ խորհրդով էլ եկեղեցու կողմից սահմանվել է 7-ի խորհուրդը, որով հանգուցյալի մարմինն իր վերջնական հանգստությունն է գտնում հողում: Քառասունքի խորհուրդը հիմնականում սգո շրջան է հանգուցյալի հարազատների համար, քանի որ չի կարելի անվերջ սգալ, պետք է կարողանալ հաղթահարել կորցրած հարազատի սուգը եւ առանց հուսահատության գիրկն ընկնելու՝ շարունակել կյանքի բնականոն ընթացքը։ Քառասունքը հաշվում են մահվան օրվանից՝ այդ օրը համարելով առաջին օր, եւ քառասուներորդ օրը նշում քառասունքը։ Մահացածի յոթը հաշվում են թաղման օրվանից, իսկ քառասունքը եւ տարին՝ մահվան օրվանից ։ 

Մահվան օրը․․․ Հայաստանի համար մահվան օրը նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն էր: Հետեւաբար, ՀՀ քառասունքը 2020 թվականի դեկտեմբերի 13-ին է եղել:

Ու չնայած այդ անհերքելի փաստին, Թատերական հրապարակում հետհաշվարկն ազդարարվեց մայիսի 9-ին, եռատոնի օրը: Գուցե դրանում ինչ-որ խորհուրդ կա, բայց այդ դեպքում ներմուծվում է քառասունքի հաշվարկման սկզբունքորեն այլ համակարգ. հաշվարկը սկսվում է ոչ թե մահվան օրվանից, այլ՝ թե երբ կմահանա. մայիսի 11-ի դրությամբ՝ հուլիսի 20-ին: Փաստորեն, ի հակադրություն հայ եկեղեցու մեկնության, քառասունքի խորհուրդը 2021 թվականի Հայաստանում այն է, որ մարդիկ (այս դեպքում՝ «հանգուցյալ» Հայաստանի հարազատները) անվերջ սգացել են մինչեւ նրա մահը եւ կկարողանան հաղթահարել Հայաստանը հանգուցյալ դարձրած անձի կորստի սուգը՝ առանց հուսահատության գիրկն ընկնելու շարունակել կյանքի բնականոն ընթացքը հունիսի 20-ից. քառասունքից հետո: 

Կմաքրվի՞, արդյոք, «հանգուցյալը», հանդերձյալ աշխարհ անցնելուց հետո (որտեղ չկա սեւ խավիար, չկա սեփական օգտագործման ինքնաթիռ, ուղղաթիռ ու «Մերսեդես», զրահաբաճկոն), առաջին իսկ օրից նա կկարողանա՞ սովորել նոր, այսինքն՝ վաղուց մոռացված կյանքին, կայցելի՞, արդյոք, եկեղեցի՝ օրհնություն ստանալու համար։
Աստծո ճանապարհներն անմեկնելի են:

ՀԳ. Օրհնություն ստանալուց հետո հանգուցյալն ինչպե՞ս եւ ի՞նչ միջոցներով է ապրելու: Կենսաթոշակային տարիքն էլ շատ հեռու է: Իսկ այն մոտեցնելու դեպքում, այդուհանդերձ, ինչպե՞ս է ապրելու 40 հազար դրամ կենսաթոշակով: Մարդիկ, եղեք գթասիրտ. ստեղծեք հիմնադրամ վաղաժամ… կենսաթոշակառուների համար:

Գագիկ Վարդանյան
«Հանգուցյալ» Հայաստանի հարազատ