Զինվորները քնում են գետնին՝ առանց ծածկոցի. ակցիա ՊՆ շենքի մոտ
Ստացել ենք տարբեր ահազանգեր և մշտական կապի մեջ ենք մեր զինծառայողների հետ։ Հիմնականում ստանում ենք նույն հաղորդագրությունները այս պահին պատերազմին մասնակցած զինծառայողների հանգստի կազմակերպման, առողջության և ապահով կացության հետ կապված կազմակերպչական լիքը բացերի մասին։ Այս մասին քիչ առաջ ՀՀ պաշտպանության նախարարության շենքի դիմաց իրականացվող ակցիայի ժամանակ ասաց ժամկետային զինծառայողներից մեկի հարազատը՝ Մանուկ Խաչատրյանը, որը մի խումբ ծնողների հետ դժգոհում էր զինծառայողների նկատմամբ պետության վատ վերաբերմունքից։
«ՊԲ տարբեր զորամասերից շատ զինծառայողներ, հասկանալի է, որ մշտական տեղակայման վայրեր չունեն, բայց 16-17 օրը բավական շատ ժամանակ է՝ հասարակ, տարրական պայմաններով զբաղվելու համար։ Զինվորները քնում են գետնին՝ առանց ծածկոցի։ Թեթև վիրավորում ստացած զինվորները հնարավորություն չունեն բժշկական աջակցություն կամ ստուգում ստանալու։
Ընդամենը պատշաճ վերաբերմունք, բուժզննում ենք ուզում։ Զինվորը, որ բողոքում է իր առողջությունից, մեծ հաշվով բանի տեղ դնող չկա»,- ասաց Խաչատրյանը։
Կարծիքներ