Էրդողանի «բարի լուրերն» ու Արայիկ Հարությունյանի «հնարավորությունները»

Էրդողանի «բարի լուրերն» ու Արայիկ Հարությունյանի «հնարավորությունները»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական կառավարության հոկտեմբերի 28-ին տեղի ունեցած նիստի ժամանակ հայտարարել է, որ Անկարան կշարունակի համակարգված աշխատանքը Բաքվի հետ՝ հայ-ադրբեջանական հարաբերություններում խաղաղության հաստատման գործընթացի ուղղությամբ։ «Մենք անկեղծ ենք համարում եղբայրական Ադրբեջանի եւ Հայաստանի ջանքերն այդ ուղղությամբ, եւ Անկարան կհետեւի գործընթացին։ Տեւական խաղաղության համար այժմ կա եզակի հնարավորություն։ Հուսով ենք, որ դրսի ուժերին չի հաջողվի սաբոտաժի ենթարկել գործընթացը, եւ մենք շուտով բարի լուրեր կլսենք։ Մենք կշարունակենք համակարգված աշխատել մեր ադրբեջանցի եղբայրների հետ»,- ասել է Թուրքիայի նախագահը եւ հավելել, որ ռեգիոնալ «3+3» հարթակն իր գնահատմամբ արդյունավետ է, եւ կարելի է այն վերափոխել ինստիտուցիոնալ կառույցի։

Իսկ արդեն երեկ՝ հոկտեմբերի 30-ին, Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը լրագրողների հետ շփման ժամանակ հայտարարեց, որ կա հնարավորություն՝ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված կետերը համաձայնեցնելու։ Հարությունյանը դրական է գնահատել Փաշինյան-Ալիեւ վերջին շփումները եւ նկատել, որ նման շփումները երկխոսության առումով միշտ էլ դրական են։ Նա արձանագրել է, որ գործընթացը գնում է, քննարկումները ծավալվում են, եւ անգամ աչքալուսանք է տվել, թե շուտով Թուրքիայից լրագրողների խումբ է ժամանելու Հայաստան։ Դատելով թե՛ Էրդողանի, թե՛ դրանից երկու օր անց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի հայտարարությունից՝ կարելի է ենթադրել, որ, ամենայն հավանականությամբ, հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի հետ կապված ինչ-որ դրական տեղաշարժ կա։ Իսկ թե ինչպիսի առաջընթաց է դա եւ ում օգտին, ամենայն հավանականությամբ, կերեւա առաջիկայում, մասնավորապես՝ Բաքվում կայանալիք COP-29-ի գագաթնաժողովի ժամանակ, որին հնարավոր է, որ հայկական պատվիրակություն մասնակցի։
Թեեւ նույն Արայիկ Հարությունյանը չէր մանրամասնել՝ մասնակցություն Հայաստանից լինելու է, թե ոչ, սակայն «Հրապարակը» գրել էր, որ եթե Հայաստանը մասնակցի այդ գագաթնաժողովին, այն կլինի ԱԳ նախարարի մակարդակով, եւ Բաքու կմեկնի Արարատ Միրզոյանը, եթե մեր գերիներից մի քանիսին Ալիեւը բաց թողնի։

Խնդիրն այս դեպքում թերեւս երկու մասից է բաղկացած․ նախ, թե ինչն է Էրդողանը համարում «բարի լուր»՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման մասով, եւ ապա՝ Երեւանի ակնկալիքների սահմանաչափը որտեղ է Բաքվի հետ բանակցություններում։ Եթե անդրադառնանք Թուրքիայի նախագահին, ապա նրա համար «բարի լուրը» թերեւս այն է, որ Բաքուն Հայաստանի հետ խաղաղության փաստաթղթի այնպիսի տարբերակ ստորագրի, որը լիովին կբավարարի իրեն։ Եթե ոչ «պլան մաքսիմումի», ապա գոնե այն նվազագույն ակնկալիքների մասով, որոնք Բաքվի համար սահմանված են որպես առաջնահերթ կերպով Երեւանից «կորզելիք զիջումներ»։ Գալով Երեւանին՝ հարցն այն է, թե ինչ ակնկալիքներ ունի Երեւանը Բաքվի հետ բանակցություններից։ Միայն պատերազմի վտանգի չեզոքացո՞ւմ է ակնկալում Երեւանը Բաքվի հետ կնքելիք խաղաղության պայմանագրից, թե՞ նաեւ իրավահավասար, փոխզիջումային իրավիճակի ձեւավորում, որը կապահովի երկու երկրների խաղաղ գոյակցությունն ու հարեւանությունը։ Այստեղ հատկապես պետք է ուշադրություն դարձնել ոչ այնքան խաղաղ գոյակցության եւ հարեւանության հեռանկարին, որքան Երեւան-Բաքու հարաբերությունների բովանդակության «իրավահավասարության» հանգամանքին։ Կարեւորն այն է, թե ինչ բովանդակություն կդրվի այդ «իրավահավասարություն» հասկացության մեջ, եւ ինչպես այն կմեկնաբանվի։